USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ
2016-03-31 23:51:00
Տպել Տպել

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաեւ գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում համատեղ ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ եւ գոհունակությամբ են փաստել, որ ներկայումս երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, որոնց շրջանակներում տարեցտարի երկու երկրները նոր ձեռքբերումներ են արձանագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաեւ վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օժանդակությունը` ուղղված ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է նաեւ ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտագության եւ կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումների շուրջ:

ՀՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության եւ հատկապես համանախագահող երկների ակտիվ միջամտությանը` ձեռնարկելու գործուն քայլեր, քանի դեռ դրանք կարող են որեւէ բան փոխել:

Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Վերջիններիս կողմից իրականացվող քայլերը, ըստ Նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում խիստ մտահոգված են երկրի անմիջական հարեւանությամբ ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ եւ խստորեն դատապարտում են այն: Նախագահը ցավով է նշել, որ տեղի ունեցող վայրագությունների հետեւանքով սպանվում եւ փախստական են դառում նաեւ Իրաքում եւ Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր, վնասվում եւ ոչնչացվում են տարածաշրջանում բազմադարյա հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության նմուշները:

Փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը` Սիրիայից մեծ թվով փախստականների ապաստան տալու եւ սիրիահայերի համար կենսագործունեության հնարավոր պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միջին Արեւելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը եւ ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Սերժ Սարգսյանը եւ Ջոզեֆ Բայդենը նաեւ վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները:

Այս նյութը դիտել են - 1562 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook