USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միայն իշխանության խնդիրը չէ
2016-02-11 12:06:00
Տպել Տպել
http://usarmenianews.com/files/4354556d/1215/c13ea587fb7089e1ee.jpg

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է կառավարությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը քննադատողներին։
Վերջին օրերին ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո բավականին բուռն քննարկվեց, նաեւ քննադատվեց հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը։ Կառավարությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ դեռեւս մի քանի ամիս գոյություն ունեցող հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը քննադատում են՝ աղավաղելով փաստերը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հասարակական ընկալումներում կան զգայուն թեմաներ, որոնք շոշափելիս սովորաբար շահեկան վիճակում հայտնվում է դրանք բարձրաձայնողը՝ ընդ որում շատ հաճախ նշանակություն չի ունենում, թե փաստերն ինչպիսին են։

«Ես հասկանում եմ, որ կոռուպցիան մեր երկրի ամենացավոտ եւ առանցքային նշանակության խնդիրներից է, որի պայքարում հասարակության շրջանում առկա է թերահավատություն։ Թույլ տվեք նկատել, որ դրանում մեղքի բաժին ունենք ոչ միայն մենք՝ իշխանություններս, այլեւ մեզ քննադատողները՝ ամեն մեկս մեր պատասխանատվության չափով։ Ընդհանրապես կարծում եմ՝ այս թեման հիանալի առիթ է թե՛ իրական մտահոգ մարդկանց եւ թե՛ քաղաքական դիվիդենտների կարիք ունեցողների համար հայտնելու իրենց տեսակետը։ Պետք չէ սուր ելույթներով տպավորություն ստեղծել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ։

Հուսով եմ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հնչած հարցը մտահոգ մարդու կողմից էր հնչեցված, միեւնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ թե՛ կառավարության հետ հարցուպատասխանի եւ թե՛ դրանից հետո համացանցում նույն տրամաբանությամբ ծավալված քննադատությունների ու հեգնանքի մեջ կային ակնհայտ ապատեղեկատվություն եւ անտեղյակություն»,– ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով՝ թող քննադատեն, բայց մանրամասներից տեղյակ, հիմնավորված ու փաստերով։

Անդրադառնալով հարցին՝ որո՞նք էին խեղաթյուրված փաստերը, քանզի քննադատեցին, որ խորհուրդը, գործելով մեկ տարի, դրա համար ստացել է խոշոր ֆինանսավորում, սակայն հստակ շոշափելի արդյունքներ, կարծես թե, չեն նշմարվում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Ամբողջ հարցն այն է, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ կարծիք հնչեց, թե հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է 750 հազար ԱՄՆ դոլար։

Ընդ որում՝ հայտարարություն տարածելիս հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ ծրագիրը դեռ չէր ստորագրվել ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից։ Իրականում, ծրագիրը կառավարությունում ստորագրվել է ընդամենը չորս օր առաջ՝ 2016 թվականի փետրվարի 5-ին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806 հազար 390 ԱՄՆ դոլար, որից 749 հազար 110 ԱՄՆ դոլարը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում։ Ընդ որում՝ հարկ եմ համարում նշել, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային փորձագետներ ներգրավելուն։ Բացի այդ, հաշվետվության մեջ նշված քայլերն էլ համարվում են ամենահաջողվածը, եւ դա ընդունելու համար ցանկություն է պետք, այլապես կարելի է հեշտությամբ տեսնել այն, ինչ կա, այսինքն՝ դեռեւս չստացված եւ չծախսված գումարներ։ Եթե հարկ կա, կարող եմ մանրամասն ներկայացնել խորհրդի ձեւավորման եւ աշխատանքի թե՛ համառոտ, թե՛ համապարփակ ժամանակագրությունն ու իրականացրած քայլերը, դրանց արձանագրած արդյունքները»։
Նախարարն ընդգծել է նաեւ, որ սխալ է ասել, թե խորհուրդը մեկ տարի է՝ գործունեություն է ծավալում, քանզի այն ստեղծվել է 2015 թվականի փետրվարի 19-ին, սակայն առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ. հուլիսի 28-ին, որի ընթացքում հնչած հանձնարարականներին համապատասխան երկու ամիս անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատվել է 2015-2018 թթ. ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Ըստ նրա՝ այս 4 ամիսների ընթացքում արդեն իսկ կատարվել են աշխատանքներ։

Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ է տարել կոռուպցիայի դեմ պայքարի խուրհուրդը այդ վեց ամիսների ընթացքում, նախարարը պատասխանել է. «Իհարկե, այս մի քանի ամիսը բավականին կարճ ժամանակահատված է լիարժեք եւ շոշափելի արդյունքներ մատնանշելու համար, բայց դա չի նշանակում, թե ոչինչ չի արվել, եւ պարապ նստել ենք։ Կարող եմ նշել, օրինակ, «Հանրային ծառայության մասին» կամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագծերը, որոնք շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն, այնուհետեւ խորհրդարանի դատին։ Սրանք մշակվող նախագծերի միայն մի մասն են, եւ առաջիկայում հանրության դատին կներկայացվեն ոլորտը կանոնակարգող նոր նախագծեր»։
Նախարարը հավելել է, որ յուրաքանչյուր մարմնի գործունեությունը գնահատելիս նախեւառաջ պետք է հստակեցնել այն սպասելիքները, որոնք ակնկալվում են տվյալ մարմնի ֆունկցիոնալ աշխատանքից։ Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաքելությունը ոչ թե ինչ-որ մարմիններին կամ անձանց պատժելն է, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ, այլ այնպիսի օրենքների մշակումն ու մեխանիզմների ներդնումը, որոնք ուղղված են կոռուպցիոն երեւույթների նվազեցմանը եւ վերացմանը։

Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհրդին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատել է. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն»։
Բարենպաստ պայմաններ եւ միջավայր
Հակակոռուպցիոն ծրագրերին հասարակության լայն շերտերի ընդգրկումը կարեւոր է։ Կառավարությունը պետք է կոչ անի հակակոռուպցիոն ծրագրերին մասնակցել նաեւ հանրությանը։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում է արել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
«Քչերը գիտեն, որ դրամաշնորհի տրամադրման պարտադիր պայմանը ոչ թե իշխանությանն ու կառավարությանը հակակոռուպցիոն դրամաշնորհ հատկացնելն է, այլ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ հասարակության լայն շերտերի ընդգրկումը, որի մեջ մտնում են նաեւ հասարակական կազմակերպություններն ու մամուլը, ընդ որում կարող եմ ասել, որ Հայաստանում մեծ դիվերսիֆիկացիա կա, եւ դու չես կարողանում որոշել, թե ում օգտին է աշխատում մամուլ։ Այդ պատճառով հանրային շրջանակների ընդգրկումը այդպիսի ծրագրերին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,–ասել է Սեդրակյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի դիտարկմամբ՝ կառավարությունը, մասնավորապես վարչապետը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին ներգրավվել ցանկացողների համար դռները բաց են։

«Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ կնքված միջազգային համաձայնագրերը անպայման կնպաստեն, որպեսզի երկրում ներդրումային դաշտը բարելավվի, ներդրումներն ավելանան։ Այս համատեքստում էլ հակակոռուպցիոն աշխատանքները արդյունավետ կլինեն»,–ասել է պատգամավորը։

Տիկին Աճեմյանը նշել է, որ ինչպիսին երկրի քաղաքականությունն է, դրան զուգահեռ զարգանում է տնտեսությունը։ Տնտեսությունը եւ քաղաքականությունը 21-րդ դարում իրար հետ շաղկապված են, եւ չի կարելի քաղաքական գործընթացները զարգացնել, իսկ տնտեսությամբ ետ մնալ։ Այդ առումով, իհարկե, մենք խնդիրներ շատ ունենք, բայց որպեսզի մեր գործընկերությունն ավելի զարգանա, ՀՀ իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ու միջավայր ստեղծեն եւ կարողանան ճիշտ եւ գրագետ պայքարել կոռուպցիայի դեմ։

Այս նյութը դիտել են - 1502 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook