USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
,,Մի փոքրիկ արձակ, որ միշտ ինձ հետ է,,...
2016-03-29 09:40:00
Տպել Տպել

Ո՞Վ ԵՄ ԵՍ… 
Շատ հեշտ է ասել` մանկավարժ եմ ես` ծնված Արցախում, ու նաև դյուրին, երբ ասեմ` կյանքս դժվար է անցել: Բայց ո՞վ եմ, իրոք....  
Մի մարդ հասարակ, որ ապրել գիտի, սիրել ու սիրել...Սիրում եմ կյանքը, որ փարվում է ինձ, սիրով գուրգուրում, սիրում եմ կյանքը, որ հարվածում է, երբեմն գոռում, երբ չեմ ենթարկվում:

Ըմբոստ եմ ոգով, հաշտվել չգիտեմ անարդարի հետ, բայց սաստել գիտեմ, երբ ինձ չեն լսում, ու այսպես անվերջ պայքարել գիտեմ, մաքառել գիտեմ, միայն թե ապրեմ: Մռայլ դեմքերից ժպիտ եմ քաղում, ու խոսքս երբեք անդուր չի լինում դուրալի մարդկանց: Արտասվել գիտեմ ծիծաղի միջից, անտեսված մարդուն բարևել գիտեմ, ու սիրում եմ ես անվերջ կրկնել` կյանքը հրաշք է, միայն թե ապրենք, մեր ապրած կյանքը մարդու պես ապրենք...

Ապրում եմ հոգով, հոգիս անմեռ է, շնչում եմ կյանքով, կյանքս աշխարհ է, ու ես աշխարհում` մի փոքրիկ հյուլե, որ այս աշխարհում իր տեղը գիտի.... Երբեմն խոսքս թևեր է առնում, երբեմն միտքս ցավոտ է լինում, բայց փակված, անտես երբեք չեմ պահում, ասում եմ բարձր, շատ հնչեղ ձայնով: Երազել գիտեմ ու այդ երազում սավառնել գիտեմ, կարոտել գիտեմ, ու այդ կարոտից արտասվել գիտեմ, ու այսպես անվերջ աշխարհը գրկած` ապրում եմ մի կյանք, որ ինձ է տրված...

Ու դար է դառնում ինձ համար կյանքը, իսկ այդ դարերում ես կամ և չկամ, ու սեր է դառնում այս կյանքն ինձ համար, որ անտես-անհայտ բաժանում եմ ես, ու հող է դառնում այս հրաշք կյանքը, որ ապրեմ այսպես մեր հողին կառչած... Այսպես է կյանքը և այսպես եմ ես` մի մարդ հասարակ, որ ապրել գիտի, նաև չգիտի լավ կյանքի մասին, բայց միշտ էլ գոհ է իր ապրած կյանքից:

Այո՛, գոհ եմ ես իմ ապրած կյանքից, երկու բառով չէ, որ պիտի ասեմ, երջանիկ մի կյանք ապրելու համար պետք է անցնել իմ անցած ճամփան: Այնտեղ քարեր կան ու շատ տատասկներ, բայց պետք է անցնես, որ սիրես կյանքը, հարվածներ կան շատ` տեղի-անտեղի, որ կուլ ես տալիս, միայն թե ապրես: Լինում է նաև, որ պետք է լինում, աշակերտներիս խորհուրդ եմ տալիս. «Սովորի՛ր ապրել երջանիկ պահով, երջանիկ եմ ես, երբ մեղեդին եմ լսում իմ հոգու և այդ մեղեդու հնչյունների տակ ապրում եմ կարոտ կամ ինչ-որ հուզմունք, որ ինձ հետ է միշտ:

Սեփական Ես-դ մի կողմ ես դնում, սկսում ապրել նաև ուրիշով, բառդ կշռում ես ու սեր ես դնում կշռած բառիդ մեջ, շռայլել պետք չէ ավելորդ բառեր, աղ պիտի լինի ամեն բառի մեջ, կյանք պիտի լինի ամեն մի խոսքում, որ ապրած կյանքդ երջանիկ լինի...»:
Միշտ էլ գոհ եմ ես իմ ապրած կյանքից, նույնիսկ երջանիկ, որ կամ այս կյանքում իմ լինելությամբ, իմ ապրած կյանքով, լսած խոսքերով, ստացած դասերով, իմ այս խոհերով…Համարձակներին ես շատ եմ սիրում, բայց պետք չէ սերտել տված դասերս. «Ապրե՛ք ձեր կյանքով, որ ձեզ է տրված, հիշե՛ք լավ խոսքս, որ ձեզ է ուղղված, երջանկության մեջ օրեր մի՛ փնտրեք, երբ ամեն պահը երջանկություն է, որ մեզ է տրված»:

Սիրում եմ բառը տեղին գործածել, միայն թե խոսքս իր տեղը գտնի: Երբ հասցեատերը զարմանքով նայում, չի ուզում հանկարծ ինքն իրեն տեսնել, չնայած ցավոտ, բայց և ճշգրիտ սիրում եմ կրկնել ասած խոսքերս: Կեղծ ժպիտներին չեմ ուզում նայել, չեմ էլ շռայլում ավելորդ բառեր, անկեղծ խոսքերին ես տեղ եմ տալիս, երբեմն նույնիսկ խորհուրդներ տալիս:

Պաշտամունք դարձած արդարն ու ճիշտը հպարտ սյուներ են` իմ կողքին կանգնած, երբ կողքով անտես ուզում են անցնել, իբր չեն տեսնում, սաստում եմ ոմանց: Երբեմն եթե ուզում են կանխել ոգու թռիչքը մի շատ թույլ բառով կամ կծու խոսքով, մի հատիկ բառս օդ է բարձրանում, խոսքս թև առած թռչում է հեռուն:

Պարզ եմ, հասարակ` իմ ապրած կյանքով ու իմ տեսակով, վերևից նայել երբեք չգիտեմ, երբեմն նույնիսկ սաստում եմ նրանց, ովքեր թև առած ուզում են թռչել, երբ թևեր չունեն, այլ ունեն թիկունք: Զգույշ են ոմանք, իսկ ես ժպտում եմ, ժպտում են նրանք, իսկ ես լրջանում, լռության քողը զենք եմ դարձնում: Ատում եմ սուտը, երբ գունավորված կողքիս կանգնում է, իբր չի ստել, այդպես է ստացվել:

Շողոքորթ դեմքեր չեմ ուզում տեսնել այս կյանքում երբեք, բայց սիրել գիտեմ, երբ սիրում են ինձ, երբ հավատում եմ, պաշտում եմ նույնիսկ, ես հարգել գիտեմ, երբ հարգում են ինձ...Ու այսպես սիրված և այսպես հարգված կամ գուցե ատված ապրում եմ այսպես: Անտե՞ս եմ, անհա՞յտ, թե՞ տեսանելի, կարևոր չէ դա, ուրախ եմ միայն, որ ապրում եմ ես շատերի նման մի կյանք հասարակ:

Լինում է նաև, որ ըմբոստ հոգիս լռում է հանկարծ, և լռությունը բռունցքված պահում, չի ուզում ճչա...Ու ես լռում եմ, երբ կողքիս մեկը բարձրաձայն խոսում, գունավորված է ամեն ինչ պատմում, լռում եմ նաև, երբ գիտեմ` խոսքս պիտի կրկնեն, իբր իրենք են այդպես մտածում: Նույնիսկ լռում եմ, երբ գիտեմ խոսքս հասու չէ նրան, ով խելամիտ է ձևանում հանկարծ, և կամ լռում եմ, երբ իմ հոգու հետ մենախոսում եմ: Վատ լուրից հանկարծ կարող եմ լռել, չեմ ուզում խոսել, երբ փոթորկված եմ, հոգիս` ցավատանջ:

Ծառի, ծաղկի հետ կարող եմ խոսել նույնիսկ շշուկով, բոլորի հետ էլ խոսում եմ անձայն, տառերով շարված բառերս են խոսում, իսկ ես լռում եմ, անձայն ծիծաղում, անգամ ժպտում եմ: Իմ մտքերի հետ էլ խոսում եմ անձայն, անցած հուշերս թերթում եմ անձայն, միայն թե թերթեմ, անձայն եմ գնում անցնելիք ճամփաս, միայն թե անցնեմ, արևին անգամ փարվում եմ անձայն, միայն թե շողա, իմ բաժին լույսը գրկում եմ անձայն, միայն թե գրկեմ...Բայց ես այդքան էլ լուռ չեմ իմ կյանքում, սիրում եմ խոսել, երբեմն լռել, այս ինչքա՞ն անձայն լռություն ունեմ, որ չեմ իմացել...

Ես ինչ եմ սիրում… Սիրում եմ ժպտալ, երբեմն նույնիսկ դեմքիս լույս սփռող ժպիտն եմ սիրում, երբ գալիս է առանց հարցումի, ուրախ թե տխուր ինչ-որ պահերի, մեղմ հովի պես շոյում է դեմքս, թախծոտ հոգուս պարուրում կամաց և ուզում հանել ծանր թմբիրից: Սիրում եմ ժպիտը, երբ արցունքաբեր ծիծաղից հետո հանդարտվում եմ ես, և հանկարծ կամացիջնում է դեմքիս կամ թե շշնջում:

Բոլորի նման ես կյանք եմ սիրում, սիրում եմ ապրել, այս կյանքով ապրել, սիրում եմ երգել, չգիտեմ, սակայն, ինչպես են երգում այնքան հմայիչ ու շատ դուրեկան: Սիրում եմ նայել մարդկանց աչքերին, երբ հանկարծ նրանք սուտ են հորինում, սիրում եմ արդար իմ խոսքը պնդել, երբ ինչ-որ մեկը երես է թեքում, իբր չի լսել, թե ինչ է ասվել:

Լուսավոր մարդկանց ես շատ եմ սիրում, պաշտում եմ նույնիսկ մաքուր, անաղարտ պարզ հոգիներին, սիրում եմ լսել, երբեմն ժպտալ, երբ ինչ-որ ձևով առիթ են փնտրում, որ մտերմանան, միայն թե ցույց տան, թե իբր իրենք ամեն ինչ գիտեն: Երբեմն լռին մենությանս մեջ խոսում եմ ինձ հետ, ուրեմն նաև սիրում եմ այսպես խոսել Ես-իս հետ, երբ ինչ-որ թախիծ անտես թևերով ինձ հյուր է գալիս: Մանկան զրնգուն ծիծաղն եմ սիրում, սիրառատ սրտեր` անկեղծ, վախվորած, հոգուս մեջ լցված կարոտն եմ սիրում, անցած օրերիս հուշերն եմ սիրում, երբ չեմ մոռանում:

Խավարի միջի լույսերն եմ սիրում, լուսավոր օրվա ամեն մի պահը, սիրում եմ մարդկանց, որ ինձ հետ են միշտ, հոգով ու սրտով ինձնից անբաժան, սիրում եմ նրանց, որոնց չգիտեմ, բայց Մարդ են կոչվում: Ես չեմ իմացել, որ այսքան շատ սիրելու բան կա, ուրեմն այսպես` սիրում եմ հողս, որով քայլում եմ, սիրում եմ տունս, որտեղ ապրում եմ, իմ գործն եմ սիրում, իմ ապրած բոլոր օրերն եմ սիրում ու նորից այսպես էլի կսիրեմ, միայն թե ապրեմ:

Ես մանկավարժ եմ, բայց պատահում է, որ երբեմն նույնիսկ տողը տողի տակ, արձակ խոսքերով փորձում եմ հանգիստ բացատրել ոմանց , թե զարմանալի ի՞նչ կա այստեղ, երբ հարցնում եք, ու ես անվարան պատասխանում եմ, որ իմ դասերին ոչ մեկն էլ երբեք չի վախել ինձնից: Ինչու՞ վախենան, երբ սիրում եմ ես շատ խելոքներին, որ բառս անգամ ուշադիր սերտում, ինձ հարց են տալիս, որ շատ իմանան:

Տարբեր են նրանք, իսկ ես նրանց մեջ սիրում եմ նրան, ով խեղճացած է, դասից հեռացած կամ նստած վերջում, մի բառ է ասում, ոչինչ չի խոսում, երբեմն նույնիսկ կառչում եմ նրանց մեկ ասած բառից, երբ ճիշտ են ասել ու այդպես լռել: Առջևս նստած համարձակ մեկին կարող եմ սաստել, որ ձայն չհանի, երբեմն ձայնս բարձր է հնչում, չեմ ուզում ներել ծուլության համար: Անկարգների հետ զրուցել գիտեմ, ներում եմ նաև դեռահասներին, երբ անգիտակից սխալ են գործել:

Երբեմն նույնիսկ անտեսում եմ ես, երբ գիտեմ հանկարծ սուտ են հորինում, թե իբր գրքում թերթը պոկված էր, դասը չի եղել: Չեմ սիրում երբեք հուշարարներին, որ հանկարծ թաքուն խոսք են փոխանցում դաս չսովորողին, ու ասում` ես չեմ... Երբեմն նույնիսկ զրուցում եմ ես, մեկ-մեկ առանձին, երբ հուսահատված, սերը կորցրած` նրանցից մեկը խորհուրդ է հարցնում: Թևեր եմ տալիս, որ նա սավառնի, ժպիտ եմ տալիս, որ նա ծիծաղի, երբեմն նույնիսկ խորհուրդներ տարբեր: Եվ համբուրում եմ ճակատը նրա, ով արդարացնում, բարձրանում է վեր իր իմացածով, և առիթ տալիս, որ հպարտանամ: Կարո՞ղ են նրանք, թե՞ անկարող, կարևոր չէ դա, բայց զարմանալի ոչինչ էլ չկա, երբ նրանց հանկարծ ես հարց եմ տալիս, թե վախենո՞ւմ են նրանք ինձանից, ժպիտն է նրանց դեմքը ողողում, և պիտի դառնա մի մեծ օվկիանոս, այդ պահից նույնիսկ դեռ ուշքի չեկած` նրանց փոխարեն ես եմ վախենում և կանխում նրանց մի փունջ ժպիտով:

Երբեմն նույնիսկ իրար կողքի եմ դնում ես հանկարծ կին և մայր ու նորից մայր ու կին, կարծես ուզում եմ ինչ-որ բան փոխել... Իսկ ես սիրում եմ երկուսին անկեղծ, մեկն իրական է ու շատ բնական` մայրական սիրո գորովանքով լի, խայտանքով լեցուն, կյանքի թրթիռով, մանկան ծիծաղով...

Մյուսն` անիրական, որ կին է կոչվում, ապրում է իմ մեջ շատ սիրուն տեսքով, երազի թևով գալիս է ինձ մոտ, ջերմությամբ արբած պատմում իր մասին, ու այսպես անվերջ ես նրա հետ եմ: Իմ տխուր պահին ինձ հյուր է գալիս, իսկ երբ ուրախ եմ, կարկաչում է նա.... Սիրում եմ անկեղծ զրուցել հետը, իսկ նա թև առած թռչում է հեռուն, տեսիլքի նման նորից հետ գալիս...Մի հրաշք մայրիկ ու մի ցնորք կին հավերժ ինձ հետ են ու միշտ անբաժան: Երջանիկ եմ ես, երբ նրանց հետ եմ... Այսպես է կյանքը, այն իրական է և անիրական, ու ես նրանց հետ այսպես անբաժան...  

Մեր կյանքն էլ գիրք է, երբ թերթում ենք այն, ջնջված էջեր կան, չենք ուզում հիշել: Բայց ինչ-որ տեղից, թեկուզ և ջնջված, բառը բառի հետ իրար կապակցում, հիշողության մեջ երևում է նա, կամ ինչ-որ մի դեպք չես ուզում հիշել, քո դեմ է հառնում` ինչպես մի տեսիլք: Ու նորից ջնջում, ջնջում ես անվերջ, միայն չհիշես: Եվ կամ լինում է, որ էջ ես բացում, կյանքիդ լուսավոր օրերն ես հիշում, դեմքեր ես հիշում, որ կան և չկան, դեպքեր ես հիշում, լիառատ շնչում, ուզում ես նորից այդ օրերն ապրել: Գրքի մեջ հանկարծ բացում ես մի էջ, ոչինչ չի գրված, ունայն է եղել կարծես այդ օրը, հոգիդ դատարկված, որ բառեր անգամ չեն եկել մտքիդ, ու այդպես դատարկ թերթել ես էջդ:

Էջ էջի վրա գրված տողեր կան, երբեմն դրանք չես ուզում կարդալ, վիրավոր հոգիդ չես ուզում պոռթկա, երբեմն արագ թերթում ես, թերթում, չես ուզում անգամ այդ օրը հիշել: Լուսավոր օրվա փոշին ես սրբում, տառ առ տառ կարդում գրածդ խոսքը, դեմքդ լուսավոր քողով է պատվում, ուզում ես նորից այդ օրով ապրել: Եվ ամեն անգամ այսպես թերթում ես, չես ուզում երբեք այդ գիրքը լցվի անցած օրերով, և այսպես անվերջ էջեր ես ուզում, որ ավելանա:

Թերթում ես գրքի սպիտակ էջերը, որ պիտի լցվեն գալիք օրերով, չես ուզում հաշվել մաքուր էջերը, երբեք չես ուզում այդ գիրքը փակվի: Մի կյանք է այնտեղ ապրած օրերով, բոլորս այսպես մեր գիրքն ունենք` յուրովի տարբեր մեկը մյուսից, բայց միշտ էլ մեր այս գիրքը փակելիս ափսոսանքով ենք այն մի կողմ դնում, ինչպես հին տարին, որ անդարձ գնաց, նորից չի գալու:  

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի


Այս նյութը դիտել են - 2539 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook