USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
2024-02-26 12:42:00
Տպել Տպել

13 և 9 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանները 2023 թվականի դեկտեմբերին արդարացվեցին: Նրանք մեղադրվում էին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանության համար։ Այսպիսով՝ 19 տարի անց, ի վերջո, ապացուցվեց, որ 2004 թվականին դեռահաս աղջկան դաժանորեն սպանողները Նալբանդյան ամուսինները չեն եղել։ Ամբողջ ընթացքում ընտանիքը բարձրաձայնում էր՝ իրենց նախկին ցուցմունքները տրվել են խոշտանգման, սպառնալիքների և շանտաժի ներքո, որոնք իրականացրել են այսօր արդեն տարբեր բարձր պաշտոնների նշանակված անձիք։

Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Նալբանդյանների գործի թերի, սխալ կամ ոչ պատշաճ քննության, ամուսիններին ազատությունից զրկելու համար, սպանված աղջկա՝ Սյուզաննա Սարգսյանի հարազատների կորստի, ծանր ապրումների համար: Ողբերգական դեպքից 19 տարի է անցել, սակայն հարցական է մնում՝ ո՞վ է սպանել դեռահաս աղջկան:          Factor TV-ն  այս, ինչպես նաև գործին առնչություն ունեցող արդարադատության համակարգի ներկայացուցիչների առաջխաղացման, նոր պաշտոնների նշանակման հարցերի պատասխանները փորձել է գտնել կատարված հետաքննությունում։ Մեղադրական դատավճիռը կայացրել է այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, կալանքի որոշումը՝ դատավոր Վահագն Մելիքյանը, որը շարունակում է զբաղեցնել դատավորի պաշտոն, բայց արդեն Երևանում, իսկ այդ ժամանակ Գեղարքունիքի մարզի դատախազի օգնական Վարդան Հարությունյանն այժմ դատավոր է նույն մարզում:

Նալբանդյանների վերաքննիչ բողոքը մերժած դատավորներից Արթուր Պողոսյանն էլ պարգևատրումներով հասել է Վճռաբեկ դատարան և այժմ քրեական պալատի դատավոր է:

Մյուսներն անցել են հանգստի ու հարկատուների հաշվին բարձր թոշակ են ստանում:

Ինչ էր կատարվել 2004 թվականի հունիսի 8-ին Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2004 թվականի հունիսի 8-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ Բագրատ և Նարինե Նալբանդյանները մետաղալարով կապել էին ուշագնաց Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել խոհանոցում, ապա դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: Սա՝ պաշտոնական վարկածով, որը խիստ տարբերվում է Նալբանդյանների՝ դեռևս տարիներ առաջ Factor TV-ին պատմած տարբերակից։ Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ Սյուզաննային մի քանի օր գտնել չի հաջողվել, իսկ ոստիկանները նպատակաուղղված իրենց փնտրտուքը շարունակել են Նալբանդյանների տնից 20 մետր հեռու գտնվող մազութի հորում: «Ես բռնեցի էդ երկաթը, շուռ տվեցի, կպավ ինչ-որ բանի։ Մի մետր ջուր էր, որ էդ շիշը բարձրացրի, իրանք էլ՝ երեք ոստիկան, սենց նայում էին, էդ դիակը բարձրացավ, ինքը՝ մաքուր, թևերը իրա կողքով մաքուր երևաց։ Ես վախեցա»,- պատմում էր տղամարդը։ Ըստ Բագրատի՝ այստեղից էլ սկսվել է ճնշումների շղթան։ Դատախազության և ոստիկանության համակարգի ներկայացուցիչները դաժան ծեծել ու նվաստացրել են ոչ միայն երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Բագրատին, կնոջը, այլև նրանց անչափահաս դստերը: Նրանց պատմելով՝ ոչ միայն անդադար ծեծել են, սպառնացել, հայհոյել, փակել առնետներով լի մութ սենյակում, այլև աղջկան ստիպել են հանել հագուստը, իսկ Նարինեին սպառնացել են՝ եթե իր վրա չվերցնի սպանությունը, աղջկան կտեսնի բռնաբարված: Մորն այլ ելք չի մնացել, քան գրել այն, ինչ իրեն պարտադրել են։ Ընտանիքի անդամներին խոշտանգումների ենթարկելն իր դառը հետևանքն ունեցավ․ Նալբանդյան ընդանիքն ընդունեց առաջադրված մեղադրանքը։ Խոշտանգումների տակ նրանցից կորզվեցին ինքնախոստովանական ցուցմունքներ: Դրան հաջորդեց արդեն նախաքննության փուլը․ խոշտանգված Նարինեին, վնասվածքները թաքցնելու նպատակով, հուլիսյան շոգ օրերին հաստ հագուստ և դրա վրայից էլ խալաթ են հագցրել և տարել ինքնախոստովանական ցուցմունքի՝ իբր հանցանքի վայրում։ Խոշտանգված ամուսիններին այն ժամանակ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը կալանավորում է, օգոստոսի վերջին հայտարարվում է նախաքննության ավարտ։ Հինգ ամիս գերլարված դատաքննությունը, որի ժամանակ սպառնալիքներ և ոտնձություններ են սկսվում նաև Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանի ուղղությամբ, ավարտվում է 2005 թվականի փետրվարին։ Փաստաբանի վրա գործադրած ազդեցության և բռնության դեպքերին անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ը: Այսինքն՝ դաժան սպանության գործի նախաքննությունն ու դատաքննությունը տևել է մոտ 7 ամիս: Արդարադատության օղակներում ամեն ինչ արել են, որպեսզի օր առաջ ստացվի մեղադրական դատավճիռը՝ ի վնաս գործի արդար դատաքննության: 2005 թվականի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռում է Բագրատ Նալբանդյանին դատապարտել 9, իսկ Նարինե Նալբանդյանին՝ 14 տարի ազատազրկման՝ առանց հաշվի առնելու 3 անչափահաս երեխայի հանգամանքը։ Բագրատ Նալբանդյանն ամբողջությամբ կրել է դատարանի նշանակած պատիժը, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման դատավճռից պատիժը կրել է մոտ 13 տարի: Factor TV-ն ուսումնասիրել է այս գործի վրա ազդեցություն ունեցած պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրի հետագա մասնագիտական ուղին։ Գագիկ Հովսեփյան, Վարդան Հարությունյան, Կարեն Մելիքյան, Ֆեդիկ Բաղդասարյան, Վիկտոր Հակոբյան, Ալբերտ Մարգարյան, Դավիթ Բալայան, Վահագն Մելիքյան և ուրիշներ․ նախկին և ներկա պաշտոնատար այս անձինք են գրեթե երկու տասնամյակ առաջ Նալբանդյան ընտանիքի ցավոտ ճակատագիրը որոշել՝ յուրաքանչյուրն իր մասով։ Վարդենիսի արդեն նախկին ոստիկանապետ Վիկտոր Հակոբյանը, ըստ Նալբանդյան ընտանիքի, իրենց նկատմամբ խոշտանգում իրականացրած գլխավոր դեմքերից է եղել։ Այսօր արդեն արդարացված Նարինե Նալբանդյանը, որը չի ցանկանում տեսախցիկների առաջ վերապրել տարիներ առաջ կատարվածը, պատմում է Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից։ Factor TV-ին պարզել է նաև, որ Նալբանդյանների գործից մի քանի ամիս անց Վիկտոր Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ 2013 թվականին այս պաշտոնին նշանակվել է գործով օպերլիազորի պաշտոնը զբաղեցնող, Նարինեի խոսքով՝ իրենց ընտանիքի խոշտանգմանը մասնակցած Կարեն Մելիքյանը, որը, սակայն, մեկ տարի է մնացել այդ պաշտոնին․ նրան մեկ այլ գործով մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, և նա դատապարտվել  է 1 տարվա ազատազրկման։ Գործը հսկող դատախազ Ալբերտ Մարգարյանը տարիներ առաջ առաջխաղացման ցուցակում է եղել։ Դեպքի ժամանակ մարզի դատախազի օգնական Վարդան Հարությունյանն այժմ ավելի պատասխանատու պաշտոնի է՝ 2012 թվականից նա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Ավելին՝ նա այս գործով շահագրգիռ անձ է, թեև այդ հանգամանքը շատ խնամքով թաքցված է եղել։ Ըստ կենսագրական տվյալների՝ դատախազի պաշտոնում աշխատել է 2007-2012 թվականներին: «Հարությունյան Վարդանը մեր դատախազն է եղել, մեռնող աղջկա քեռու կնոջ եղբայրն է, ազգակցական կապ ունի, էլի։ Նա Արևիկին անձամբ է ծեծել, սիգարետ առաջարկել, ասել է՝ բժիշկ բերենք, տեսնենք՝ դու կո՞ւյս ես»,- պատմում է Նարինեն։ Այս մասով Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ դատավոր Հարությունյանից, վերջինը, սակայն, հրաժարվեց հարցազրույցից, խոսնակի միջոցով միայն փոխանցելով՝ որևէ ազգակցական կապ չունի գործով անցնող կողմերից որևէ մեկի հետ, առնչություն չունի խոշտանգման հետ, իսկ արդարացման դատավճռի մասով տեղեկություն չունի և իրավունք չունի մեկնաբանել որևէ դատական ակտ։

Նալբանդյանների գործով քննիչ Գագիկ Հովսեփյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Factor TV-ն կապ հաստատեց Հովսեփյանի հետ՝ հասկանալու նրա դիրքորոշումը արդարացման դատական ակտից հետո։ Նախկին քննիչն այսօր էլ պնդում է, որ գործի ճիշտ քննություն է իրականացվել։ Այս օրերին բուռն քննարկվում է Դավիթ Բալայանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու հարցը։ Փետրվարի 2-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովում Բալայանն ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու։ Այսինքն՝ Բալայանի՝ ՍԴ դատավոր դառնալու հարցը կախված է իշխող խմբակցության կամքից, քանի որ Ազգային ժողովն է ընտրում ՍԴ դատավորին: Բալայանի՝ ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հանգամանքը բորբոքել է 13 տարի անազատության մեջ անցկացրած Նարինե Նալբանդյանին։ Խոշտանգված վիճակում Նարինե Նալբանդյանի կալանքի որոշումը ստորագրող դատավոր Վահագն Մելիքյանը ևս առաջխաղացում է ունեցել․ նա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Իսկ առաջին ատյանի դեմ վերաքննիչ բողոքը մերժող դատավորներից Արթուր Պողոսյանին՝ պարգևատրումներով և առաջխաղացումներով, կարելի է ցուցակի ամենավերին հորիզոնականում նշել։ Պողոսյանը 4 անգամ պարգևատրվել է, իսկ Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելուց 8 տարի անց նա արդեն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Եվա Դարբինյանն ու Ժորա Հովսեփյանն անցել են թոշակի: Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդիկ  Բաղդասարյանը մահացել է: Նալբանդյանների գործը՝ ՄԻԵԴ վճռից հետո Դավիթ Բալայանի մեղադրական դատավճռից մեկ տարի անց, ներպետական ատյանները սպառելուց և որևէ արդյունքի չհասնելուց հետո, Նալբանդյաններն ու նրանց պաշտպան Սեդա Սաֆարյանը խախտված իրավունքների և խոշտանգումների մասին աղաղակող փաստերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գրեթե 10 տարի բարդ քննությունից հետո ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը մասնակի բավարարել՝ արձանագրելով՝ 2004 թվականին Նալբանդյան ընտանիքից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով, բացի այդ՝ խախտվել է նրանց արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը։ ՄԻԵԴ-ի վճռի հենց այս հիմքերը մատնանշելով՝ պաշտպանական կողմը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի վերաբացման մասով վարույթ սկսելու համար։ Սակայն դատարանն այստեղ ևս չի շտապել գործը վերաբացել։ Մեծ ջանքերի շնորհիվ գործը նոր քննության է ուղարկվել մեկ տարի անց միայն՝ սահմանված ժամկետից ուշ։ Մինչ արդարացման ակտին հասնելը՝ Նալբանդյանները Հատուկ քննչական ծառայություն էին դիմել և մանրամասն ներկայացրել այն անձանց անունները, որոնք իրենց խոշտանգման են ենթարկել, սակայն այդքան տարի անց ընտանիքը կրկին հիասթափության է բախվել։ «Շատ անարդարացի Հատուկ քննչական ծառայությունը քննչական գործի վարույթը կասեցրեց՝ մեղադրյալների անձն անհայտ լինելու հիմքով։ Այսինքն՝ այդ մասով որևէ մեկը ևս պատասխանատվության չենթարկվեց»,- նշեց փաստաբան Մոնիկա Մարգարյանը։ Այնինչ, Նալբանդյան ամուսինների գործով քննիչ Գագիկ Հովսեփյանը վստահում է ՀՔԾ-ի որոշմանը։ Նրա դիտարկմամբ՝ ճիշտ քննություն է իրականացվել։ Փաստաբան Արա Ղազարյանը հղում է կատարում միջազգային իրավական նորմերին՝ շեշտելով՝ խոշտանգման դեպքերում վաղեմության հիմք չպետք է կիրառվի։ Սակայն այստեղ էլ օրենսդրական խնդիր կա: «Միևնույն ժամանակ, օրենքին էլ չպետք է հետադարձ ուժ տրվի, օրենքն էլ հետադարձ կիրառվի, իսկ մենք ունենք օրենք, որը սահմանում է՝ խոշտանգման վրա վաղեմություն չի տարածվում: Միայն վերջերս ենք ընդունել՝ 2022 թվականին, նշանակում է, որ այդ 2022 թվականի օրենսգիրքը չի կարող տարածվել 2004 թվականի դեպքերի վրա։ Այսինքն՝ քրեական հետապնդումը բացառում ենք»,- նշում է նա։ Գլխավոր դատախազությունը մինչ օրս չի նշում՝ արդյո՞ք պատրաստվում է բողոքարկել արդարացման ակտը, այնինչ Նալբանդյան ընտանիքն անհամբեր սպասում է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն, որպեսզի նախաձեռնի, տիկին Նարինեի խոսքով՝ իրենց կյանքի լավագույն տարիներն անազատության մեջ անցկացնելու համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Իսկ ի՞նչ իրավասություն ունի այստեղ Արդարադատության նախարարությունը։ Դեռ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Իսկ Արդարադատության նախարարությունից հայտարարում են՝ շուտով հասնելու են Նալբանդյաններն ընդդեմ ՀՀ-ի վճռի ուսումնասիրման փուլին։ «Շուտով հասնելու ենք այն փուլին, երբ հնարավորություն է լինելու ուսումնասիրել նաև Նալբանդյանն ընդդեմ Հայստանի ՄԻԵԴ-ի կայացրած դատական ակտը։ Քանի որ այս պահին դեռ չի ուսումնասիրվել, ուսումնասիրվելու արդյունքում նախարարին կներկայացվեն հանձնարարականի ուսումնասիրության արդյունքները։ Եթե գտնենք, որ առերևույթ կարգապահական հատկանիշներ կան «իքս» դատավորի կողմից թույլ տրված, բնականաբար, նման զեկուցագիր կներկայացվի նախարարին»,- նշում են նախարարությունից։ ԱՆ ներկայացուցչի կողմից մատնանշած գործընթացը, սակայն, որոշ ժամանակ է ենթադրում, այնինչ Դավիթ Բալայանն Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր ընտրվելու շեմին է։ Թեկնածությունը հավանության արժանանալու դեպքում՝ Բալայանը կտեղափոխվի Սահմանադրական դատարան: Եթե ԱՆ-ն գտնի, որ ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորի կողմից թույլ տրված սխալի հիմքով է նաև խախտվել Նալբանդյանների իրավունքը, այդ դեպքում ինչպե՞ս է գերատեսչությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդեն ՍԴ դատավոր Բալայանին։ Սանոյանը զերծ մնաց հստակ պատասխան տալուց։ Ի վերջո, արդյո՞ք սխալ, թերի կամ ոչ լիարժեք քննություն իրականացրած նախաքննական և դատական մարմինների պաշտոնյաները երբևէ պատասխանատվության առաջ կկանգնեն: Դատաիրավական համակարգը չի շտապում կոնկրետ պատասխաններ տալ, այնինչ այս պարագայում երկու կողմն էլ տուժող է դառնում. մեկը, որ կորցրեց դեռահաս 16-ամյա աղջկան և, ըստ ամենայնիմ վաղեմության ժամկետի և ապացույցների ոչնչացման հետևանքով գրեթե հույս չկա, որ երբևէ կբացահայտվի սպանության կատարողը, մյուսը՝ սարսափի միջով անցած և 13 ու 9 տարիներ անազատության մեջ հայտնված Նալբանդյան ամուսինները։ Ստացվում է, որ պետությունը չի կարողացել իր ունեցած ամբողջ գործիքակազմով իրականացնել արդարադատություն, իսկ ո՞վ պետք է դրա պատասխանը տա:

Այս նյութը դիտել են - 1043 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook