USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԻ» ԴԱԺԱՆ ԳԵՀԵՆԻ ՎԿԱՆ
2016-04-12 16:11:00
Տպել Տպել

«Հեռացող եզերք» վեպը իրական պատմություն է, որը Լևոն Ադյան արձակագրի գրչի ու դիտողականության շնորհիվ` ականատեսի հայացքով անցած դարավերջի` հայերի նկատմամբ Բաքվի և Սումգայիթի ոճրագործությունը գրականության մեջ մտցվեց որպես ճշմարտացի գեղարվեստական վերարտադրություն:
Գրողը նաև մեկնաբան է, նա իմաստավորում է ժամանակի իրադարձությունները, գրականության մեջ բերում մի նոր երևույթ, որ մինչ այդ չկար: Այստեղ նա ոչ թե պատմում է ինչ-որ հերոսի մասին, մեկնում նրա անցած ճանապարհը, այլ ինքն իրադարձությունների առանցքում է, հենց ինքն է իմաստավորում երևույթը` որպես պատմական իրադարձության ականատես:
Իր ուրույն վերաբերմունքով Ադյան գրողը կանգնում է մարդասիրության իր բարձրակետին` չմոռանալով, որ այդ երկրում նա ունեցել է փայլուն միջավայր, եղել են հիանալի մարդիկ, ովքեր նույնպես այդ ազգության են պատկանել: Իր պատումի կողքին երևում է մի կենսագրություն, որ խմբագրական աշխատանքի մեջ է ընդգրկված, այդտեղ կա մի գեղեցիկ սեր բժշկական համալսարանի ադրբեջանցի ուսանողուհի Ռենայի հանդեպ, որով նորից ու նորից հումանիստ գրողը հաստատում է, որ սերը տարիք, ազգություն և կրոն չի ճանաչում:

Այդտեղ փշրվում է մի գեղեցիկ իրական հեքիաթ, կործանվում է մի գեղեցիկ սիրո երազների իրական ամրոց, դեպքերի ալիքը հերոսներին նետում է տարբեր ափեր: Գեհենի զոհ դարձած Ռենան դառնում է այդ նույն գեհենից մի կերպ փրկված Լեոյի համար մի տխուր վերհուշ, ով իր սիրո հոգեցունց պատմությամբ հայտնվում է նոր ուղիների որոնման, նոր եզերքների փնտրտուքների մեջ:

Որպես բնաբան` Համաստեղի խոսքերը մի նոր թախիծով են պատում ընթերցողի հոգին. «Օ՜հ, ինչքան տխուր է տեսնել աչքերը կոտրված թևերով թռչունին, որ այլևս իզուր իր արյունած թևերը քարերուն կըզարնե նորեն բարձրանալու կապույտին ու արևին»: Վերհուշային պատումը չիրականացած, կյանքի դաժան հանգամանքներում ավերված սիրո մասին է, որը հուզական խոր լիցք է հաղորդում ընթերցողին: Ներկայի տխուր երանգները վեպում դառնում են զրնգուն, լուսավոր, ժպտացող, երբ գրողը նկարագրում է բնական հարաբերությունների մեջ հյուսված սերը. «Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր` փոքրացնելով աչքերը, ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու«Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա նույնպես զգում էի, նրա մի ձեռքն իմ ուսին էր, իսկ մյուս ձեռքը` նուրբ մատներով, վարանոտ շարժվում էր ափիս մեջ` պատեպատ խփվող երկչոտ թռչնակի երկյուղածությամբ »:
Քնարական ջերմությամբ և խանդաղատանքով է նկարագրում գրողը բնավորության մի հիանալի վեհություն, որը նկատվում է բարոյական մաքրություն ունեցող Ռենայի գեղեցիկ կերպարում: Նա մարդկայնության բարձր ու անթերի որակ ունի իր մեջ, անչափելի է նրա հոգեկան աշխարհի հարստությունը: Առավելապես մեծ համակրանք է ծնվում յուրահատուկ խառնվածքով ադրբեջանուհու հանդեպ, երբ նա հայ գրականություն է ուսումնասիրում և կենսասիրության ու մեծ կամքի կողքին իմանում ենք, որ նա ընթերցում է նույնիսկ «Մուսա լեռան քառասուն օրը»` հայ ժողովրդի անցած ողբերգության այդ պատմությունը: Գրողը հմտությամբ է արձակում օգտագործում բանաստեղծական ռիթմ ու հնչերանգ, մարդկային փոխհաբերություններ ու ապրումներ ցուցադրելիս նույնիսկ երկխոսության դեպքում, որը գալիս է լրացնելու երկու սիրող սրտերի գեղեցիկ ապրումների հրաշալի աշխարհը: «-Ռենա՛,- սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես,- ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա՛, դու հավատու՞մ ես, որ դա այդպես է:
-Հավատում եմ,-ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին, ինչպես երբեք: - Ես ուզում եմ,-շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, - ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Երևույթների մատուցման քնարական եղանակը առանձին ուժով երևում է գրողի պատկերած բնության և նրա ծոցում ապրող արարածների նկարագրություններում, շատ հատվածներ կարծես ունեն երգի կառուցվածք ու հնչերանգ: Այդպես է Էսմիրայի` Ռենայի քրոջ կերպարի ձևավորման ճանապարհը, որտեղ բնությունն է միահյուսվում մի նոր կենսասեր ադրբեջանուհու կերպարին: «Էսմիրան կանգ առավ, ցնծուն բերկրանքով շունչը պահած, լայն բացած աչքերով նայեց արահետի վրա թեքված լորենու ճյուղերին, որոնց վրա խաղալով վազվզում էր դարչնադեղնավուն մի սկյուռ: Ճյուղից ճյուղ թռչելով սկյուռը սլացավ ծառն ի վեր, լորենու ամենաբարձր կատարին, երկնքին քսվող ճյուղերի վրա մի պահ երևաց նրա հրաշեկ պոչը, դողդողաց ու անհետացավ սաղարթների մեջ»: Կենսաթրթիռ, բնական արվեստի ոգով է շնչում Ադյանի վեպը: Բնությունից, թվում է, ձևավորվում է մի նոր ձիրք ու գեղարվեստական ճաշակ, շնչավորվում է մի ողջ բնություն ու կենդանական աշխարհ: Կարծես այս հերոսուհին ծնրադրում է բնության առջև, իր էությամբ ձուլվում բնության ձևերի մեջ, թվում է` նա այդ աշխարհից է քաղում իր բնավորության լավագույն որակները, որոնք միաձուլվում և դառնում են կարոտ ու երազանք, բարություն ու մադասիրություն: «Ես նայեցի Էսմիրային ոգեղեն կենսասիրությամբ, լուսավորված ոչ այն է երկնահաս ծառերի սաղարթների արանքից թափանցող շողշողուն արևով, ոչ այն է` ուղղակի ներսից եկող ինչ-որ արտակարգ լույսով, ձայնի մեղմանուշ երանգով, ալ կարմիր վառվռուն անպիղծ շուրթիկներով, անկյունավոր աչքերի այրիչ հրով ու մի տեսակ էկզոտիկ իր գեղեցկությամբ, նա, իրոք, ամենևին չէր զիջում սևաչյա մանեկենուհի Մոնիկա Բելլուչիին, և, կարծես, այո, ինչ-որ նմանություն կար նրանց միջև...»: Գրողը վերհիշելով իր սիրո բռնկման հրաշալի հեքիաթը` հուշը վերարտադրում է բնության շքեղ արդուզարդի մեջ, հարազատ միջավայրում: 

Ադյանական գեղանկարչությունը բնության ինքնատիպ գծերը վերարտադրելու առումով հայ արձակի բարձրակետը կարելի է համարել: Հզոր է նրա մոտ բնության զգացողությունը, որ գալիս է լրացնելու մի նոր հրաշագործ գեղեցկության կերպար: <
Մահվան արհավիրքը մտնում է հավատով ապրող մարդկանց խաղաղ բնակարանները, և սկսվում են դաժան ավերածությունները մարդկային հոգին կորցրած ոճրագործների կողմից: Այն դադար չուներ, այդ դաժան օրերին պետք է խլեր անմեղ նորանոր կյանքեր: Ու նորից ընթերցողին է հառնվում անցած դարասկզբի գաղթի ոլորվող ճանապարհը, մարդկային մի անծայրածիր քարավան` սովահար ճանապարհներով, անքուն ու հոգնած, անօթևան ու քաղցած, խուճապով ու անդադար մերկ ու բոկոտն, ոտքով ու սայլակներով, թախիծով ու մոլեգին, որ ուղևորվում էր դեպի փրկության եզերք:
Բայց այս անգամ հեռավոր եզերքից փրկության հույսով, աղեկտուր ձայներով ոճրագործների ձեռքն ընկած մի արդար ժողովուրդ փրկություն էր աղաղակում, բայց փրկություն չկար: Ականատեսի աչքերով Լեոյի կերպարում աղճատվում է իրականության մասին իր պատկերացումը, մի՞թե Խաղաղության փողոցում հնարավոր էր տեսնել նման ոճրագործության հետքեր. «Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ վերևի հարկերից էին երևի ցած գցել»: Ահա բարբարոսության ականատես գրողը վավերացնում է մի նոր սարսռուն տեսարան. «Թեքվելով աջ` անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք քազկոմի հրապարակը` շրջապատված հարյուրավոր զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած` ամենուր աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին մարդիկ էին տեղավորված` ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած` կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած, ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած` այդ դժոխքի դեմ հանդիման»: 

Մայրական ցավի միջից լսվում է դատապարտող հնչերանգը մարդու նկատմամբ, և այդ մարդ կոչվածը պատմության մեջ որակվում է որպես դաժան ոճրագործ: Մայրը մղկտացող սրտով պիտի պատմեր մի զարհուրելի պատմություն, որ կարծես իրական չէր, դա գեղարվեստական ֆիլմ էր, որ ընդամենը նկարահանվել էր ոչ իրական մի այլ մոլորակում: «Առաջին հարկում տեսա մորս` խեղճ, միանգամից պառաված, մազերը լրիվ սպիտակ: Նա տանջահար, մտախոհ տեսք ուներ, աչքերը` կարմրած: Բերանս չորացավ, ծնկներս ասես թուլացան ու չհասկացա ինչպես հասա մորս, գրկեցի նրան: Մայրս թպրտում էր ձեռքերիս մեջ, դեմքը կրծքիս սեղմած լալիս էր` չկարողանալով մի խոսք անգամ արտասանել: Ես ուզում էի հարցնել հորս մասին` որտե՞ղ է նա:
-Պապան չկա, Լեո՛, պապան չկա,-լացից աղավաղված դեմքով հանկարծ ասաց նա,- մեքենայի հետ միասին վառեցին, այրեցին պապայիդ...Պապան չկա, շտապ թաղեցինք...
Այդպես երկար մնացինք կանգնած` մայր ու որդի իրար գրկած: Հետո Սիավուշը մտավ թևս, ցածրաձայն ասաց. «Լեո,՛ տղամարդ կա՛ց, դու պետք է սիրտ տաս մորդ»:
Մարդկային ողբերգության կողքին մահվան հուսահատ ջղաձգումների մեջ Սիավուշի և նրա նման շատ-շատերի կերպարներով հաղթում է մարդասիրությունը, երբ կյանքի սարսափների մեջ մարդկային խիղճն ու սիրտը ավելի զորավոր են գտնվում: Ականատես մայրը չի լռում, նա պատմում է մի դաժան իրականություն, որտեղ կապույտ երազները կարմիրով են ներկվել, անհոգ օրերի ծիծաղին փոխարինել է ողբերգական աղիողորմ լացը, դեպքերի ալեպտույտ հորձանքում երևում են մարդիկ` խոշտանգված ու բռնաբարված: Հիշողությունների հստակ ու մաքուր ջրերում երևում են նոր դառնություններ, դրանց կողքին նաև մարդասիրություն, որ հատուկ էր նաև այդ ազգին. «Մայրս շունչ քաշեց: Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր` սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան` դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից»: Մոր պատմածը ոճրագործների վայրագությունների մասին պիտի դառնար մի տխուր պատմություն, որտեղ իրար են հակադրվում այդ նույն ազգության երկու հակադիր բևեռներ. «Մայրս լռեց: Սիավուշը ետ շրջվեց, բռնեց ձեռքս, այսինքն` արիացի՛ր: Ես նրա աչքերում արցունք տեսա»: Մարդասեր գրողը դաժան խոշտանգումների ու բռնաբարությունների կողքին պետք է գտներ նոր մարդասերների, ովքեր փրկել են հայերին այդ բարբարոսներից:
-Ոչինչ մի՛ պատմիր, մա՛մ, մի՛ պատմիր,-խնդրեցի ես: Բայց նա չլսեց ինձ, շարունակեց. «Աստված պահի Խանումկային: Խանում Իսմաիլովնա: Հարևանները` հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհիգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին` հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր...Խանումը շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով` նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ. կտրեց երակը, ասաց. «Արյու՞ն եք ուզում, ահա իմ արյունը....»»:
Գրողի գրիչը կսկծացող ցավով արդարության ու կարեկցանքի ծարավ մի բուռ ժողովրդի հուսահատության վերջին սահմանագծում փրկություն էր ուզում: Գալարվում է մի դանթեական խուճապ, որտեղ բռնաբարվում են կանայք, խոշտանգվում տղամարդիկ: Արդարության ձայնը հնչում է նաև նույն ազգության Այդինի խոսքերում. «Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այդպիսի բարբարոսության` անհնարին է հավատալ»: Գրողը նկարագրում է մարդկային ճակատագրեր, դրա հետ նաև փիլիսոփայորեն իմաստավորում նրանց կյանքը, նկարագրում նաև քաղաքականությունից հազար տարով հետ մնացած մի վայրենություն: Իսկ դրանց կողքին կա մի սիրո պատմություն, իրական մի սեր, որ պիտի կուլ գնար այդ ոճրագործությանը:

Այն, ինչ չկարողացավ ասել Ռենան, Լեոյին պիտի օրեր հետո ասեր քույրը` Էսմիրան. : 

Բայց ո՞վ էր մեղավորը, որ պիտի կործանվեր մի անբիծ սեր, ո՞վ էր մեղավորը, երբ ոճիրը գործված էր, թափվում էր արյուն` նախօրոք պատրաստված երկաթաձողերով, այնտեղ բռնաբարված հայուհիներ կային, մանուկների աղեկտուր ճիչեր, մայրերի սրտակեղեք հառաչանքներ, խոշտանգված մարմիններ, ոճրագործների հռհռոց:

Ովքե՞ր էին մեղավորները, որոնք չփնտրվեցին, եթե փնտրվեցին, չգտան ասես, ու այդպես էլ այդ ոճիրը մնաց սերունդների դատաստանին, որտեղ կային նաև գրքի գլխավոր հերոսներին բաժին հասած այդ վայրագության դաժան հետքերը: 


ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2088 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook