USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դուք՝ սփյուռքի հայերդ, մեզ ինչո՞ւ եք Արեւմտյան Հայաստան կոչում: Այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, Էրգիր է կոչվում. Դիարբեքիրի բնակիչ Կարոտ Սասունյանի բողոքը Էրգրից. Noranor
2017-08-14 23:32:00
Տպել Տպել

 

«Մենք՝ Էրգրում ապրողներս, մեր գործը արել ենք ու շարունակում ենք անել:

Արցախն ենք ազատագրել: Լավ, իսկ դուք 100 տարի է՝ ի՞նչ եք արել…»

 Դիարբեքիր (Նորանոր) _ Ծնունդով սասունցի, այժմ Դիարբեքիրում կամ, ինչպես ինքն է ասում՝ Տիգրանակերտում բնակվող լուսանկարիչ, UPS բեռնափոխադրման ընկերությունում վաճառքի շրջանային տնօրեն Կարոտ Սասունյանը կարծում է, որ մեկ դար առաջ Մայր հայրենիքը թողած հայերի սերունդները աշխարհի տարբեր ծայրերից պետք է վերադառնան Էրգիր, բոցավառեն, մոխիրներից վեր հանեն ու վերակենդանացնեն իրենց, եթե հանկարծ Թուրքիայի կոպիտ բռնաճնշումների տակ ձուլման վտանգ տեսնի, բայց վստահեցնում է, որ դա չի լինի:

 Երբ Սասունյանին խնդրում ես պատմել իր մասին, հիշատակում է բնակավայրի հայտնի մարդկանց, որոնցով հպարտանում է, օրինակ՝ հայտնի ֆիդայի, ուսուցիչ, գրող եւ քաղաքական գործիչ Կարո Սասունին Ահարոնք (Հընզե) գյուղից է: Այս գյուղն էլ կից էր Փասուրի համայնքին, որը մինչև 1915թ-ը երբեմն եղել է տարածաշրջանի բնակավայրերի վարչական կենտրոնը, ունեցել է երկու եկեղեցի, ժամանակին հայերի համար կարևոր ուխտատեղի եղել, ունեցել է հայկական դպրոց, որին Մեծ Եղեռնից հետո տիրացել են մուսուլմանները եւ դարձրել բնակելի տուն: Ավերել են նաև եկեղեցիները:

 Ավելի քան մեկ դար այս նույն ճակատագրին է արժանանում Թուրքիայում հայկական ցանկացած եկեղեցի կամ դպրոց, մշակութային ու պատմական արժեք, Կարոտ Սասունյանն այսօր ուսումնասիրում է այդ արժեքները, իր միւոցներով փորձում գնահատել մնացած ու ավերակ դարձած հայակականության հետքերը Թուրքիայում:

 Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, պոլսահայ մտավորական, գրող, ճարտարապետ Սևան Նշանյանը, փախչելով թուրքական բանտից, գրել էր. «Թռչունը թռավ. Տարոսը մնացած 80 հազարին»՝ ակնարկելով Թուրքիայում մնացած մյուս հայրենակիցներին: Ինչպես փախուստից հետո Արևելք-ին տված հարցազրույցում էր նա հայտարարել, Թուրքիայում բոլորն են բանտարկված, Թուրքիան սարսափելի բանտ է: Իսկ թե արդյոք այնտեղ ապրող բոլոր հայերն են ուզում փախչել այդ բանտից, նա վստահ չէ:

 Այն, որ Թուրքիայում ապրող հայության վիճակը, մեղմ ասած, անտանելի է, իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել 1915թ-ից ի վեր, հաստատում են բոլորը, իսկ թե արդյոք բոլորն են ուզում հեռանալ Թուրքիայից, թե ընդհակառակը, կարծում են, որ պետք է բոլորը վերադառնան Էրգիր, այս հարցում տարակարծություններ կան:

49-ամյա Կարոտ Սասունյանը երազել է, բայց հնարավորություն չի ունեցել հայերեն սովորելու, Noranor.ca-ին տված հարցազրույցում պատմում է, թե ինչպես իրենց պապերն արգելել են դա՝ վախենալով նույնիսկ սերունդներին պատմել իրենց հայ լինելու մասին:

 

ՊԱՊԻԿՍ ՀԱՅԵՐԵՆ ՉՍՈՎՈՐԵՑՐԵՑ…

«Պապիկս մեզ մեր մայրենի լեզուն չսովորեցրեց, որպեսզի  դրա պատճառով չտուժեինք: Սակայն ես նրան անընդհատ ստիպում  էի ինձ հայերեն սովորեցնել: Մեր գյուղում ոչ դպրոց կար, որտեղ կարելի էր հայերեն սովորել, ոչ էլ ուսուցիչ: Այն մի քանի հոգին էլ, որոնք կարողացել էին ողջ մնալ, վախից հայերեն չէին խոսում: Երբեմն պապս և իր հորեղբայրը այգում գաղտնի խոսում էին: Ես նրանց լսում էի, բայց չէի կարողանում հասկանալ: Երբ ինձ նկատում էին, անմիջապես դադարում էին զրուցել: Այսինքն, Արևմտյան Հայաստանում չկա ակտիվ գործող ոչ դպրոց, ոչ էլ եկեղեցի: Այդ պատճառով ցավով նշում եմ, որ մեր մայրենի լեզվով չենք կարողանում խոսել, որովհետեւ Թուրքիայում անգամ պարզապես հայ լինելն ինքն իրենով հանցանք է»,-պատմում է Սասունյանը:

 5-6 տարեկանում, երբ  իմանում է հայ լինելու մասին, այդ օրվանից հանգիստ չունի, հետաքրքրվել է, թե ովքեր են հայեր, ովքեր են իսլամացած հայեր, փնտրել է, հարցրել, իմացել:  Նրա հիշողություններում դեռ թարմ են վիրավորանքները, որ որպես հայ՝ կրել են մուսուլմանների կողմից, իզուր էին ինքնությունը թաքցնելու փորձերը, մուսուլմանների մեջ գտնվում էին մարդիկ, ովքեր ճանաչում էին, և դա բավարար էր նրանց վիրավորելու համար:

 Երբ շուկայով անցնում էինք, չալմա կապած քուրդ մուսուլման խանութպանները մեր հետեւից ձայն էին տալիս. «Ալթեի (Ալթունի), Կրպոյի (Կարպիսի) թոռը Ղուրան է կարդալու, իմամ է դառնալու, ես էլ իր հետեւում նամազ եմ անելու, հա՞»

 «Մեր վզին մի արաբերեն այբբենարան էին կախում ու մզկիթ ուղարկում: Երբ շուկայով անցնում էինք, չալմա կապած քուրդ մուսուլման խանութպանները մեր հետեւից ձայն էին տալիս. «Ալթեի (Ալթունի), Կրպոյի (Կարպիսի) թոռը Ղուրան է կարդալու, իմամ է դառնալու, ես էլ իր հետեւում նամազ եմ անելու, հա՞»»,-հիշում է ու շարունակում պատմել, թե ինչպես դեռ մանուկ հասակից ճնշել են իրենց, քիչ լինելու պատճառով հաղթել մանկական կռիվներում, հետագայում բռնի ամուսնացել հայ աղջիկների հետ, իսկ արդեն զինվորական ծառայության ժամանակ ամենավատ պայմաններում ծառայություն անցնում, իսկ պետական հիմնարկներում չէին կարողանում պաշտոն ստանձնել, չէին կարող աշխատել անվտանգության հետ կապված ոլորտներում: Մեկ դարի ընթացքում Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքի մե, ասում է, ոչինչ չի փոխվել:

 Արդեն էլ հայ չի մնացել, ում կարելի է սպանել: Հիմա արդեն գերեզմաններում մեր ոսկյա ատամներն են փնտրում…

 «Թուրքիայում եւ՛ այլազգիների, եւ՛ հայերիս՝ այս հայրենիքի տերերի հանդեպ վերաբերմունքը երբեք չի փոխվել: Ընդհակառակը, 1915-ից հետո շարունակել է ավելի ու ավելի վատը դառնալ: Արդեն էլ հայ չի մնացել, ում կարելի է սպանել: Նրանք էլ ունեցվածք չունեն, որը կարելի է զավթել: Հիմա արդեն գերեզմաններում մեր ոսկյա ատամներն են փնտրում…»,-ներկայացնում է Տիգրանակերտի բնակիչը:

 ԷՐԳԻՐ Է ԿՈՉՎՈՒՄ

Այսօր Կարոտ Սասունյանն իր միջոցներով ուսումնասիրություններ է կատարում՝ փորձելով գնահատել հայկական պատմական ու մշակութային արժեքները Թուրքիայում, որն ինքը անվանում է Էրգիր, այլ ոչ Թուրքիա կամ Արևմտյան Հայաստան: Ցավ է ապրում, երբ նման կերպ են արտահայտվում Սփյուռքում ապրող հայրենակիցները Էրգրի մասին, մի բնակավայրի, որտեղից իրենց հայրերն ու պապերը հեռացել են: Նա բողոքում է, դժգոհում, հարց ուղղում իր հայրենակիցներին.

 Եթե մենք լինենք ձեր երազանքները, դուք կլինեք մեր ապագան

 «Դուք՝ սփյուռքի հայերդ, մեզ ինչո՞ւ եք Արեւմտյան Հայաստան կոչում: Մենք ոչ արեւմուտք ենք, ոչ հյուսիս, ոչ էլ հարավ: Այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, Էրգիր է կոչվում: Ահա՛, մեր ապագան այս կախարդական բառի մեջ է թաքնված: Մենք ուղիղ 100 տարի է՝ սպասում ենք մեր հայրերին, մայրերին, քույրերին, եղբայրներին, այսինքն ձեզ՝ Էրգրից  հեռացածներիդ: Սպասում ենք, որ գրկախառնվենք, հաղթահարենք կարոտը: Մեզ՝ Էրգրում ապրող հայերիս մի ասեք՝ ինչո՞ւ եք մուսուլման, ինչո՞ւ մեր լեզվով չեք կարողանում խոսել: Եկեղեցի կա՞ր՝ չէինք գնում: Մեր գերեզմանների վրա Աստվածաշունչ կարդացող Տեր հայր կա՞ր, որ քրիստոնյա լինեինք: Մեզ դո՞ւր էր գալիս, որ չալմայով մարդասպանները մեր գերեզմանին անհասկանալի լեզվով, անհասկանալի գրքից բառեր էին ասում: Ես օրս սկսում եւ ավարտում եմ սովորածս երկու բառով. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո»: Ինչքան մենք ձեզանից հեռու ենք, դուք նույնքան մեզ մոտ եք… Եթե մենք լինենք ձեր երազանքները, դուք կլինեք մեր ապագան»,-հուզմունքով նշում է Սասունյանը:

 Նա ցավով է նշում, որ իրենք այլևս ինքուրույնություն չունեն, համարվում են, ինչպես ինքն է ասում, «մայր հայրենիքում, ձեր կոչած Արեւմտյան Հայաստանում, թուրքերի ու քրդերի ունեցվածքը: Մեր կյանքն էլ է իրենցը, այգին էլ, եկեղեցին էլ: Օգտագործում են՝ ինչպես ցանկանում են»:Շարունակությունը՝ այստեղ:

Այս նյութը դիտել են - 11217 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook