USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այսօր….
2017-04-05 11:44:00
Տպել Տպել


Իմ աշխատավայրում ես առավոտից քաղաքական վերլուծություն էի պատրաստում Արցախի հանրային ռադիոյով սփռելու համար՝ ուշք ու միտքս այնտեղ՝ առաջին գծում, որտեղ ավագ որդիս՝ Նորայրն ու իր զինակից ընկերներն էին մարտնչում մեր ոխերիմ թշնամու դեմ՝ պաշտպանելով Արցախ աշխարհը։ Մերթ ընդ մերթ զանգում էի իրեն՝ իմանալու համար իրավիճակը դիրքում և իր որպիսությունը, սակայն, ավա~ղ, անհասանելի էր։ Միաժամանակ, Ստեփանակերտի իր ընկերներից երբեմն լուրեր էի ստանում, որ Նորայրս անվնաս է։ Տեքստս պատրաստեցի և իրավիճակի տրամաբանական վերլուծությունից ելնելով, գրեցի, որ մեկ, առավելագույնը երկու ժամից հրադադար պիտի հաստատվի։
Անգիտակ էի, որ ինձ հասած լուրերը որդուս մասին ստույգ չեն... Առավել ևս, չէի նկատում, որ մեր աշխատակիցներն ինձ հետ շփվելիս խուսափում են աչքերիս նայել... Հետո իմացա, որ իմ բոլոր գործընկերներն արդեն տեղյակ էին որդուս նահատակության մասին... Ոչ ոք չէր ուզում առաջինը հայտնել ինձ այդ ահավոր բոթը։ Հրադադարը, ինչպես կանխագուշակել էի, իրոք, հաստատվեց ժամը 12-ին։ Ձայնագրել էի վերլուծությունս և արդեն մոնտաժում էի, երբ որդուս ընկերները եկան ստուդիա։ Խնդրեցի մի 10-15 րոպե սպասեն՝ աշխատանքս ավարտելու համար։ Բայց ասացին, որ Նորայրը վիրավորվել է։ Կասկածը սրտումս, որ հնարավոր է՝ ավելի վատթարն է տեղի ունեցել, բայց երկյուղելով մտածել այդ մասին, տղաների հետ գնացի մեր տուն։
Տիկինս՝ Նորայրի մայրը, դրսում էր՝ բակի նստարաին կանանց հետ զրուցելիս։ Նրանք նույնպես, հետո պարզվեց, տեղյակ էին կատարվածին, բայց չէին խիզախում տեղյակ պահել նրան...Տղաները նրան նույնպես չասացին բոթը։ Միայն բնակարան մտնելուց հետո է, որ մեզ գուժեցին մեր որդու նահատակության մասին։ Աշխարհը փուլ եկավ մեր գլխին... Եվ ահա ուղիղ մեկ տարի է, ինչ մենք մենք չենք...և հազիվ թե երբևէ մենք մենք դառնանք առանց մեր սիրեցյալ որդու, մեր հերոս զավակի, ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻԻ անձնվեր պաշտպանի...
Տակավին 16 տարեկան էր՝ 1992 թվականի դեկտեմբերին, երբ կամավորագրվեց Արցախի պաշտպանությանը։ Ճակատագրի բերումով անգամ թեթևակի չէր վիրավորվել։ Նույնպես և 2014-2015 թվականներին էր, երբ շփման գծում իրավիճակը կտրուկ սրվելու մասին լուրն առնելուց հետո անմիջապես կամավոր մեկնել էր պաշտպանական դիրքերը։ Եվ ահա՝ 40-ամյակը դեռ չլրացած` իր երևանցի հին մարտական ընկերոջ՝ Ապրիլյան պատերազմի հերոս մասնակից Սարգիս Խալաֆյանի՝ Սաքոյի հետ մեկտեղ զոհ գնաց թշնամու միևնույն տանկային արկին...

Այդ և հետագա օրերին, անգամ հաստատված հրադադարի պայմաններում, հրադադար, որ անընդհատ խախտում էր ուխտադրուժ թշնամին, որդուս հետ միասին՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում նահատակվեցին շատ այլ քաջարի տղաներ, որոնց բոլորին ես համարում եմ իմ որդիները, ինչպես որ նրանց ծնողներն են Նորայրիս իրավամբ համարում իրենց որդին։ Կորստյան ցավը խորն է, վիշտը` անսահման, կսկիծը` անանց։ Բայց մենք՝ որդեկորույս ծնողներս, հպարտ ենք մեր զավակներով, ում համար հայրենիքի սերն անհամեմատ վեհ ու վես էր։ Նահատակվեցին նրանք, բայց չընկան ու կան այսօր էլ և հետայսու կլինեն Հայոց ազատամարտի դիրքերում՝ իրենց պայծառ հիշատակով, հավերժից մեզ հառած իրենց խրոխտ հայացքներով, իրենց անվամբ ու գործով։
Նորայրիս երազանքն էր Հայոց Արարատ լեռը՝ իր Սիս ու Մասիս գագաթներով, նա հավատում էր, որ հենց իրեն և իր զինակից ընկերներին է բախտ վիճակված աազատագրել Սուրբ լեռը գերությունից։ Հիմա նույնն է երազում նրա ավագ որդին՝ Գրիգորը, հայտարարելով, թե 2023 թվականին Մասիսն ազատագրվելու է վերջնականապես, քանզի, իր իսկ խոսքով, այդ տարի ինքը Հայոց բանակի զինվոր պիտի լինի։ Տա՛ Աստված։  
 Որդուս հուշաքարի ձախ կողմում՝ գերեզմանատան հետնապատին Սուրբ Խաչի քանդակն է փակցված, աջից՝ Մասիսի քանդակված պատկերը, Նորայրիս անունից փորագրված այս քառատողով. 
 ԴՈՒՔ՝ ԻՄ ՀՈԳՈՒՄ, ՀՈԳԻՍ՝ ՁԵՐ ՄԵՋ, 
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ ՍԵՐՆ ԻՄ՝ ԱՆՇԵՋ, 
ՀԱՎԵՐԺԻՑ ԱՅՍ ՀԱՆՑ ՄԱՍԻՍ ՍԱՐ 
ԵՍ ՀՍԿՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՔՈՒՆՆ ԱՐԴԱՐ... 
ՆՈՐԱՅՐ
Հավերժ հիշատակ ձեզ, տղե՛րք, լույս իջնի ձեր հոգուն, ձեր երազանքն ի կատար։
Միքայել Հաջյան
ՀԳ. Հուզմունքով կարդացի վերջերս Լիբանան հրավիրված Արցախի լրագրող-հրապարակախոս Միքայել Հաջյանի` որդու հիշատակը հավերժացնող այս խոսքերը, նաև հպարտությամբ և խոնարհումով տեղեկացա, որ լիբանանահայությունն էլ հարգել է նահատակ հերոսի հիշատակը:

Ուղիղ մեկ տարի առաջվա մասին այս դառնակսկիծ հիշողությունը նույնքան հուզմունքով ուղարկեցի Լոս Անջելեսի հայկական USArmenianews.com  լրատվական կայքին` վերհիշելով նաև այն տխուր օրը, երբ Թալիշի դիրքերում հայրենիքի նվիրյալ Նորայր Հաջյանի զոհվելուց քառասուն օր անց Ստեփանակերտի գերեզմանոցում ծաղիկներ եմ խոնարհել նրա թարմ շիրմին:

/Նատաշա Պողոսյան/:

Այս նյութը դիտել են - 3323 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook