USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թե ինչպես գնացինք մասուրի. (քաղցր հիշողություն)
2016-10-18 02:31:00
Տպել Տպել

Մոտ 30 տարի առաջ էր։ Ես Ապարանի տեղական ռադիոհաղորդումների խմբագիրն ու հաղորդավարն էի։ Կիրակի էր, ուսուցչուհի հարևանուհիս՝ Զեմֆիրան (հողը թեթև լինի վրան), միտք հղացավ, թե՝ գնանք Լուսագյուղի անտառ, մասուր հավաքենք։ Լուսագյուղի անտառն էլ Ապարանից մեկ ժամվա ոտի ճամփա է։ Դե, որոշեցինք ու գնացինք։ Ես էի, Զեմֆիրան, ռուսաց լեզվի ուսուցչուհի Էմման։ Զանգեցինք Լուսագյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աբգարյան Զինային, թե՝ գալիս ենք Լուսագյուղ, գնանք մասուր հավաքելու։ Բարով գաք, ասաց Զինան, ու մենք մինչև հասանք Լուսագյուղ, Զինաս սուրճի սեղանը գցել, մեզ էր սպասում։ Արագ-արագ սուրճը խմեցինք, վեր կացանք։ Զինան ոտից գլուխ դժգոհ նայեց ինձ․
- Էս դու էդ կոշիկներո՞վ պիտի մտնես անտառ։
Դուրս եկավ ու վերադարձավ՝ մի զույգ կալոշ ձեռքին։
- Հագիր։
Հետո բերեց ամուսնու՝ Վահանի երկար թևքերով, հաստ բլուզը․
- էս էլ հագիր, էս գլխաշորն էլ փաթաթիր գլխիդ։
Սուսուփուս կալոշներն էլ հագա, Վահանի բլուզն էլ, գլխաշորն էլ կապեցի գլխիս։ Գնացինք։ Գյուղացիներից, ով հանդիպեց, զգուշացրեց, թե՝ արջից զգույշ կմնաք, մի քանի օր առաջ Հանքավանի կողմից էլի արջ է անցել էս կողմը, բոլոր հետքերը կան, նույնիսկ գյուղ է մտել։ Հա, չիմացողների համար ասեմ, որ գյուղամիջի ճանապարհը անտառով բարձրանում է ոչ բարձր սարը, իջնում ցած, ուր արդեն Հանքավանի անտառներն են։ Քիչ է այդ վայրին հրաշք ասելը, ինչ հրաշք, հեքիաթ էր, անտառային հեքիաթ, մանավանդ, որ ես առաջին անգամն էի լինում անտառում, չտեսի նման մեկ թավալ էի տալիս չոր խաշամի մեջ, մեկ կախ ընկնում վայրի հասած տանձի ճյուղերից, մեկ, չվախենալով մասուրի թփի սուր-սուր փշերի ճանկռոցից, մասուր հավաքում։ Աշունն անտառում իր բոլոր իրավունքների մեջ էր, նախշել, գունավորել էր ծառերը, իսկ մասուրի թփերի վրայից աչքով էին անում կարմիր, հասած, մեծ-մեծ մասուրները։ Ու այդ բոլորի հետ Զեմֆիրայի համ ու հոտով հումորը, պատմությունները։

Թե ժամանակն ինչպես անցավ, մենք էլ չզգացինք։ Բայց մեր տոպրակներն արդեն այնքան էին ծանրացել մասուրով, որ դժվար էինք տանում։ Որոշեցինք, որ արդեն բավական է, ամեն մեկս ահագին մասուր ենք հավաքել։ Իջանք ժանապարհին մոտ մի փոքրիկ բացատ, վայրի տանձի ծառի տակ նստեցինք, հանեցինք մեր տարած հացը, սեղան փռեցինք, որ մի քիչ հանգստանանք ու տուն վերադառնանք։ Զեմֆիրան զլեց իր ազգագրական երգերի շարանը։ Ապարանում Զեմֆիրան լավ երգողի համբավ ուներ, մանկուց երգել, պարել էր Ապարանի ժողովրդական ինքնագործ խմբում։ Երբ նա երգը ավարտեց, չգիտեմ, ինչ սատանա մտավ մեջս, ես էլ սկսեցի Չարենց արտասանել։

Մի ոգևորվել եմ ոգևորվել, մի ոգևորվել եմ ոգևորվել, կարծես համահայաստանյան փառատոնում լինեի։ Ոգևորությունս վարակեց նաև Էմմային, սա էլ ռուսերենով Եսենին զլեց։Վերջում նորից Զեմֆիրան ազգագրական երգերի շարանը զլեց, բոլորիս պարի քաշեց, հետո ընկանք խաշամի մեջ, չար երեխաների պես, այնքան ծիծաղեցինք, որ ծարավից լեզուներս չորացան։

Վերջը հավաքեցինք մեր եղած-չեղածը, ասացինք՝ դուրս գանք ճանապարհ, հենց մի քանի քայլի վրա աղբյուր կար, ուր բարի մի լուսագյուղցի նաև տաղավար էր պատրաստել, որ անցորդները ջուր խմեն, նստեն հանգստանան կամ իրենց օրը անցկացնեն։ Դեռ ճանապարհ դուրս չեկած, հանկարծ բոլորս քարացած կանգնեցինք։ Չէ, արջ չտեսանք, երանի էր, արջ տեսած լինեինք։ Աղբյուրի տաղավարում, սեղանի շուրջը նստած էր Ապարանի կուսշրջկոմի աշխատողների կազմը՝ առաջին քարտուղար Ալեքսանյանի գլխավորությամբ, Զինայի հրահանգիչ ամուսինն էլ՝ կողքին։ Մի կողմում, օջախի վրա խաշլամայի կաթսան էր, մի կողմում էլ, խորովածի փայտն էին վառել։ Չորս կանանցով շփոթահար իրար նայեցինք։ Ոչ մի կերպ հնարավոր չէր նստածներին շրջանցել, ոնց գցում, բռնում էինք, պետք է նրանց մոտով անցնեինք։ Զեմֆիրան թե՝ մի խառնվեք իրար, գլխաշորերով գլուխներդ մի լավ փաթաթեք, միայն աչքներդ բաց թողեք, կգնանք, գլխով բարև կտանք, կանցնենք, էս հագուստների մեջ ո՞վ պետք է մեզ ճանաչի։

Այդպես էլ արեցինք։ Գնացինք, հասանք իրենց, գլխով բարևեցինք, նստածները, թե՝ աղջիկներ, համեցեք, մոտեցեք սեղանին։ Էլ ինչ համենալ, էլ ինչ սեղան նստել, մի կերպ անցանք այդ հատվածն, արձակեցինք մեր գլխաշորերն ու շունչ քաշեցինք, որ լավ պրծանք, բայց դեռ չգիտեինք՝ ի՞նչ պրծնել, խայտառակ ենք եղել։ 
Հաջորդ օրը, կեսօրից հետո արագ-արագ իջա կուսշրջկոմի շենքի երրորդ հարկում գտնվող խմբագրությունից, որ գնամ փոստ, ուր տեղադրված էր ռադիո հանգույցը։ Բայց շենքի առջև, հենց իմ դիմաց հանկարծ կանգնեց առաջին քարտուղարի ավտոմեքենան ու Ալեքսանյանը դուրս եկավ դեմս։ Գլխահակ բարևեցի, ուզում էի անցնել, հանկարծ Ալեքսանյանը շուռ եկավ, թե՝ Մելանյա՞, երեկ քանի՞ կգ մասուր էիր հավաքել։ Ես խառնվեցի իրար ու մեխանիկորեն ասացի՝ տասը կգ։ Ալեքսանյանը ժպտաց, թե՝ լավ է, վատ չէ, բայց էն գրական-երաժշտական ցերեկույթն ամեն ինչ արժեր։ Ասաց ու ներս գնաց։ Էլ ի՞նչ, պատկերացրեք իմ վիճակը։
Երեկոյան զանգահարեց Զինան, թե՝ աղջիկներ, խայտառակ ենք եղել, Վահանը պատմեց, որ Զեմֆիրան հենց սկսել է երգել, բոլորը միաբերան ասել են՝ էս հո մեր Քոչարյան Զեմֆիրայի երգն է, հետո թե՝ էս էլ մեր ռադիո խմբագիրը, Դե, Էմման էլ արդեն պարզ էր։ 
Մի խոսքով, մեր անտառ գնալն ու մասուր հավաքելը ողջ շրջանն իմացավ, խայտառակ եղանք, մնացինք։ Բայց դե, այդ բոլորը հեչ, ողջ ձմռանը խմում էինք անմահական մասուրի հյութը, հիշում այդ օրն ու լիաթոք ծիծաղում։

Մելանյա Պետրոսյանցի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5071 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook