USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը
2016-04-20 05:00:00
Տպել Տպել


Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ծառուկ Սարգսյան


Նա տաղանդ է: Բնածին տաղանդ: Ծնվեց Գորիսում և գնաց դպրոց, այնտեղից` կոոպերատիվ համալսարան: Հասուն տարիքում դարձավ ռեժիսոր ու պրոդյուսեր՝ սովորելով Սանկտ Պետերբուրգում (ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմակերպած դասընթացներ), իսկ իր ուսման փառավոր դարաշրջանը եզրափակեց համեստորեն` փայլուն ավարտելով ՀՀ ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, ուսումը համատեղելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի շքեղ պաշտոնում աշխատանքի հետ:

Այժմ նա հայ քաղաքական վերնախավի ամենախոստումնալից դեմքերից է, «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր-նախագահը: Նրա կարիքը զգում են բոլորը` սկսած նախագահ Սարգսյանից, վերջացրած Ղարաբաղով, որտեղ նա այսօր կանգնած է առաջնագծում:

Հատուկ նշենք, որ ՀՀ միակ փոխնախարարն է, որ մեկնել է ռազմաճակատ իր արծիվների հետ միասին, քանզի ավելի կարևոր է այսօր ռազմի դաշտը, քան մարզասրահը: Կան օպերատիվ տվյալներ, որ Ադրբեջանի ղեկավարությանը ապրիլի 5-ի զինադադարին հրահրել է հենց նրա և նրա արծիվների՝ Ղարաբաղ մեկնելու մտադրությունը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, նախագահ Ալիևի մոտ կայացած գաղտնի խորհրդակցության ժամանակ, երբ նախագահին զեկուցում են «Հայոց արծիվներից» բխող աղետի մասին, Իլհամ Հեյդարիչն անմիջապես հանձնարարում է իր գլխավոր շտաբի պետին` հրատապ կապվել գեներալ Գերասիմովի հետ (սա ռուսական գլխավոր շտաբի պետն է) և նրան համոզել, որ հայերին զինադադար պարտադրի: Ինչպես հայտնի է, այդպես էլ եղավ: 

Facebook-ի հայ օգտատերերը, հիացմունքից գժված, յուրահատուկ մեկնաբանություններ են գրում նրա` առաջին գծից ուղարկած նկարներին («Սատկիր, թշնամի», «Գերմանիան էլ մտավ պատերազմի մեջ», «Վերջ, հիմա հանգիստ կքնենք» և այլն):


Այժմ մի կողմ թողնենք պաթոսը և խոսենք ավելի երկրային բաներից: Խաչիկ Ասրյանը խայտառակություն չէ: Դա է պատճառը, որ այս նյութը չենք զետեղում «Խայտառակ դիմանկարներ» խորագրում, այլ «Փայլուն դիմանկարներ» շարքում: Նա փայլում է ամեն ինչով` խելքով, Հայրենիքին անմնացորդ ծառայելով, նախագահ Սարգսյանին անվերապահորեն նվիրվելով:

1990-ականներին՝ Տեր-Պետրոսյանի անիրավ դարում, Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրեն Աբրահամյանը նրան չէր նկատում, իր իսկ ասելով` «պռոխոդ չէր տալիս», հավանաբար խանդում էր: Բայց Խաչիկ Ասրյանին պետք չէր Տեր-Պետրոսյանի մարզպետի «պռոխոդը». նա հավաքում էր երիտասարդներին, տանում էր սարերը, հայրենասիրական ֆիլմեր էր նկարում, մի խոսքով՝ անում էր ամեն ինչ, որ իր գործը երևա, մարդիկ տեսնեն, զգացվեն ու զգաստանան: Այդպես էլ եղավ: Եկավ Սուրիկ Խաչատրյանը և տեսավ ու զգացվեց, իսկ այնուհետև, երբ Խաչիկին ուշադրություն դարձրեց անձամբ նախագահ Սարգսյանը, նաև զգաստացավ:

Ասրյանը ստեղծեց տարածաշրջանի ամենաահեղ կառույցը` «Սյունյաց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որը փայլուն գործունեություն ծավալեց: Բայց Սյունյաց լեռները զսպում էին այս հզոր ուժը, նրան լրացուցիչ տարածք էր անհրաժեշտ, և այն գտնվեց ի դեմս Հայաստանի Հանրապետության. արծվաբուծության աշխարհագրությունն ընդլայնվեց, իսկ կազմակերպությունը վերանվանվեց «Հայոց արծիվներ»:


Թե ինչեր է անում Խաչիկ Ասրյանն իր արծիվների հետ Հայաստանում` հանրահայտ է: Նրա հռետորական տաղանդի մասին լեգենդներ են պատմվում: Նախանձում են նրան մարդիկ, ինչպեսև բոլոր վառ անհատականություններին: Օրինակ, շատերին հանգիստ չի տալիս Խաչիկ Ասրյանի ֆինանսական կացությունը: Նա հարուստ է, ինչ խոսք: Բայց նա հարուստ է շնորհիվ իր համառության: Նա փողատեր ոչխարներից փողեր է պոկում, ասում է նրանց, թե նախագահին պետք է, որ ես անեմ այս կամ այն ակցիաները: Իսկ քանի որ դրանց համար նախագահի կամքը սրբություն է, նրանք բավարարում են Խաչիկ Ասրյանի ֆինանսական պահանջները: Հենց այսպես, ազնիվ և շիտակ ճանապարհով, Խաչիկ Ասրյանը մեծ փողեր է շինում` ոչխարներից պոկածի մեծ մասը պահում է իրեն, փոքրով էլ կերակրում է արծիվներին:


Բայց չի կարող վառ անհատականությունը երջանիկ լինել, քանի որ, նախ` չի գնահատվում կյանքի օրոք, երկրորդ` մշտապես գտնվում է հոգեկան տվայտանքների մեջ, որոնք էլ գործը հասցնում են ողբերգության:
Եկեք մի պահ վերհիշենք անցյալի վառ անհատականություններին: Օրինակ, Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է կուշտ լինել և մեռավ չքավորության մեջ: Իսկ այսօր բավական է, որ վաճառվի Մոդիլիանիի հինգ կտավ` և մեկ տարի մեր դաշնակից Տաջիկստանը կարող է այդ գումարով յոլա գնալ: Հենց սա է վառ անհատականության ողբերգությունը, որից արդեն տառապում է նաև մեր Խաչիկ Ասրյանը: Փորձենք թափանցել նրա հոգեվիճակի մեջ: Ի՞նչ ենք տեսնում մենք այնտեղ:


Պարզագույն վերուծությունը մեզ ցույց կտա, որ նրա անձնական ողբերգության հիմնապատճառը նախագահ Սարգսյանն է:

Նախ՝ նախագահը հողին հավասարեցրեց Ասրյանի՝ հավերժության արժանի կարգախոսը. Հայոց պետականություն, Հայոց բանակ, Հայոց նախագահ:

Սահմանադրական հանրաքվեից հետո մինչև օրս Խաչիկ Ասրյանը չի կողմնորոշվել, թե ինչով փոխարինի իր անմահ կարգախոսի երրորդ մասը` Հայոց նախագահը: Հայոց վարչապետ` չի հնչում, հայոց խորհրդարան` շատ մարդաշատ է, մանավանդ Գալուստ Սահակյանն էլ այնտեղ նախագահ է աշխատում, Հայոց կառավարություն` լուրջ չէ: Ինչևէ, կարգախոսը, հետն էլ արծիվների ողջ գաղափարախոսությունը, վտանգված են, իսկ Խաչիկի բոլոր ջանքերն՝ ուղղված հանրաքվեի տապալմանը, ձախողվեցին:


Հանրաքվեից հետո, ունենալով նախագահ Սարգսյանից դժգոհելու բոլոր հիմքերը, Խաչիկ Ասրյանը խորհեց և հայտնաբերեց իր անձնական ողբերգության ավելի մեծ բաղադրիչ, այն է` փոխնախարարի իր ողորմելի կարգավիճակը: Նա տարակուսանքի մեջ է, նա զարմանում է, թե ինչպես նախագահն իրեն գերադասեց մի «շվեյցարի» (մինչև նախարար նշանակվելը Գաբրիել Ղազարյանն Օլիմպիական կոմիտեում շվեյցար էր աշխատում, ըստ Խաչիկի, և նա միշտ շեշտում է այս հանգամանքը): Ավելին, Խաչիկ Ասրյանը բարձրաձայնում է այս մասին, ընդ որում` քննարկում է այս թեման անգամ ոչ շատ մոտ մարդկանց հետ` այն հույսով, որ նախագահ Սարգսյանի ականջին մի օր կհասնի, և նա կուղղի իր աղետալի սխալը: Խաչիկը հիրավի չի համակերպվում այս խայտառակության հետ: Նա՝ Հայոց արծիվների առաջնորդը, աշխատում է տեղակալ ինչ-որ մի շվեյցարի՞: Վարչապետ Աբրահամյանն էլ իր հերթին անարգեց Խաչիկին` դեռ շատ վաղուց նրան խոստացավ Արագածոտնի մարզպետի պաշտոնը, իսկ թե ով է այսօր արածում այդ բերրի արոտավայրերում` հայտնի է:


Բնականաբար, այս տվայտանքները չեն կարող անհետևանք մնալ: Եվ հետևանքները գոնե մենք արդեն տեսնում ենք: Խաչիկ Ասրյանն ընկերացավ «ՎիվաՍել» ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի հետ, որն այս երկրում ոչ պակաս հետաքրքիր առաքելություն է իրականացնում: Հիշեցնենք, որ Յիրիկյանը՝ որպես բեյրութցի, խոր կապերի մեջ է մեկ այլ բեյրութցու` Ժիրայր Սեֆիլյանի հետ և, ըստ հավաստի տվյալների, հենց ինքն էլ ֆինանսավորում է Սեֆիլյանի հայրենասիրական գործունեությունը Հայաստանում, որը 20 տարի ապրում է այստեղ առանց մեկ օր աշխատելու (այս հարցին մենք կանդրադառնանք մեր հետագա նյութերում, այնպես որ ԱԱԾ-ն մտածելու նյութ կունենա): Ավելին, Խաչիկ Ասրյանն արդեն համագործակցում է Յիրիկյանի հետ, և այդ համագործակցության արգասիքները կարող ենք հայտնաբերել Facebook-ում (նրանք վարձու թիմեր ունեն, որոնց բանուգործը նրանցից մեկին քննադատական խոսք ասողների վրա համացանցում լայնածավալ հարձակումների կազմակերպումն է, բավական է ընթերցել shame.am-ի` Յիրիկյանին վերաբերող նյութերի տակ զետեղված մեկնաբանությունները և բացել նրանց հեղինակների էջերը, և ամեն ինչ պարզ կդառնա): Հավելենք, որ այս դժվարին գործում Յիրիկյան-Ասրյան տանդեմին իր աջակցությունն է ցուցաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմինեն, որի «Օրրան» կազմակերպության աշխատակիցները նույնպես լծված են համացանցային ակտիվ գործունեությանը` ի փառս մեր հերոսների, հատկապես` պրն Յիրիկյանի: Պետք է փաստել, որ Խաչիկ Ասրյանի հոգևոր կապը Յիրիկյանի և Սեֆիլյանի հետ այս պահին որևէ ռեալ դրսևորում չունի, բայց պետք է նաև ենթադրել, որ ժամանակին դա էլ կլինի, և մենք կտեսնենք հայոց արծիվների առաջնորդին Ազատության հրապարակում Սեֆիլյանի… Բայց չխոսենք տխուր բաների մասին:


Եվ ուրեմն, ի՞նչ ունենք այս պահին, և ի՞նչ ապագա ենք տեսնում: Տեսնում ենք մի վառ անհատականություն՝ Խաչիկ Ասրյան, որը տվեց Հայրենիքին ամեն ինչ, կատարեց Հայրենիքի համար բոլոր հնարավոր և անհնար սխրանքները՝ փոխարենն այդպես էլ չարժանանալով Հայրենիքի ղեկավարության գնահատմանը, որն առ այսօր Խաչիկ Ասրյանին անամոթաբար աշխատեցնում է որպես շվեյցարի տեղակալ: Հավատանք, որ սա անընդունելի է: Ունենք նաև Խաչիկ Ասրյանի տվայտանքների ամբողջական պատկերը, որը թե՛ նրան, թե՛ մեզ լավ բան չի խոստանում: Հենց սա է ողբերգությունը: Իսկ ողբերգության վերջը թե՛ թատրոնում ու կինոյում, թե՛ կյանքում միշտ ողբերգական է լինում: Այդպիսին է եղել Ամեդեո Մոդիլիանիի վերջը, էլ չենք խոսում մարդկության պատմության այլ վառ անհատականությունների մասին, ինչպիսին են Սոկրատեսը, որը մահը գերադասեց օստրակիզմից, մարշալ Ժուկովը, որը ջախջախեց Հիտլերին, բայց պարտվեց Խրուշչովին, Պարույր Հայրիկյանը, որի շնորհիվ Հայաստանն անկախացավ և անմիջապես հրաժարվեց նրանից, և այլն, և այլն...


Բերաններս չի բացվում ասել, բայց լռելն անհնար է, և սրտի ցավով պետք է ենթադրենք, որ հենց այդպիսին էլ կլինի Խաչիկ Ասրյանի վերջը: Ամե՛ն:

shame.am

Այս նյութը դիտել են - 1307 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook