USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ .....
2018-09-11 11:49:00
Տպել Տպել

Սոսկալի լուրն առա քիչ առաջ եւ դեռեւս չեմ ուզում հավատալ, թե ճիշտ է, որ Կիման վախճանվել է: Ոչ թե չեմ հավատում, այլ չեմ ուզում հավատալ, որ խելացի, լուսավոր, քաջ, համարձակ, գիտակ, մի՛շտ հոսանքն ի վեր <<լողացող>> եւ միայն ճշմարտությունն ասող ե՛ւս մեկ ՀՈԳԻ հեռանում է եւ այն էլ երիտասարդ տարիքին: Ե՛ւս մեկ անհատականությունից զրկվում ենք: Մե՛նք ենք զրկվում իրենից, իր ներկայությունից, իր սուր ու առողջ մտքից, իր դիտողություններից: Մենք զրկվում ենք, բայց գիտակցո՞ւմ ենք արդյոք: Գիտակցո՞ւմ ենք, թե <<քոչարյանական է>> անվանարկելով, միայն ու միայն ընդգծում ենք, թե ինքներս մի մեծ ու տհաս նախիրի շարքային գառներ ենք: Բայց ո՛չ թե անմեղ գառներ ենք, այլ մեղսակից: Բոլոր բռնակալ ու նշանակված իշխանիկների հետ հանցակից նախիր ենք, որի համար ամեն իրական ու ճշմարիտ հայացք՝ <<ական>> ասելով դուրս նետելը սեփական աչքերը իրականության դեմ ավելի ամուր փակելով թաքնվելը՝ ինքնապաշտպանության մի կերպ է դարձել: Իսկ Կիման, ինչպես ամեն մտածող ու ինքնուրույն մտածող մտավորական, ամեն անհատականություն ունեցող եւ շատ գիտակ մարդ, ոչ թե սրա ու նրա հետ հանցակից դառնալու գնով ապահովում էր իր բարեկեցությունը, այլ իր եւ իր հարազատների մասնագիտական հնարավորություններն էր զոհաբերում վասն ճշմարտության:

Ես ճանաչում եմ Կիմայի հրաշալի, շնորհալի ամուսնուն, բեմադրիչ Ստեփան Ղազարյանին: Աղջկա՝ Տաթեւի մասին ինքը Կիման էր սիրով պատմում: Ես գիտեմ որ Ստեփանը իրո՛ք շնորհալի արվեստագետ ու բեմադրիչ լինելով, աշխատանք չուներ: Իսկ արվեստագետի համար ստեղծագործելու հնարավորությունից արհեստականորեն զրկվելը՝ մահ է: Կիման ինքը լինելով արտակարգ թատերական քննադատ ու թատերագետ, գործ չուներ: Եւ սա հենց այն բարքերի ապացույցն էր, որի դեմ պայքարում էր Կիման: Հայաստանյան խոտան իշխանություններն ու դրանց մերձավորները, հայաստնյան հանցագործ իշխանություններն ու դրանց մերձավորները, հայաստանյան խուլիգան իշխանություններն ու դրանց մերձավորները ի սպառ ջնջել են հայի մարդկային ու ազգային արժանապատվության զգացումը, նրան դարձնելով սովորականից ցածր, միջակից ցածր ողորմելի ու թշվառական սպառող, ցամաք հանդերի որոճացող նախիրի մի շարքային գառ ու ո՛չ թե հասարակության քաղաքացի: Եւ Կիման հենց սրա՛ դեմ էր պայքարում: Պայքարում էր անհատականություններ ունենալու համար: Պայքարում էր որպեսզի նախիրն իր հերթական նախրապանին ոչ թե քաղցած ու քծնող հայացքով տեսնի, այլ հասկանա որ այս հերթական ոչխարաբույծն էլ է իրեն սպանդանոց տանում ու ոչ թե ազատագրում է:
Հիմա հերթը մերն է: Ուզո՞ւմ ենք արդյոք սպանդանոց գնալ այն էլ հերթական ստահակի հետեւից քարշ գալով, թե՞ այն ու ամենայնիվ ուզում ենք ազատագրվել: Կհասկանա՞ արդյոք նախիրը, որ իրեն ոչ թե մարդ են համարում, այլ մսացու զոհ, թե՞ չի հասկանա ու ամեն անգամ, երբ կհայտնվեն լուսավոր ու առողջ մտածող անհատականություններ, կմկկա նրանց դեմ, կանվանարկի, կփորձի վարկաբեկել ու մեկ ակնթարթ անգամ չի մտածի, թե գործ ունի մերօրյա ազատատենչ լուսավորիչի հետ: Գիտուն ու իմաստուն այն բացառիկ մարդու հետ, որի արժեքը ոչ թե լուսանցքում մնալն է, այլ ձեզ լուսավորելը:
Կիմա, սիրելիս, այլեւս չես կարդում, բայց ես դեռեւս խոսում եմ հետդ եւ հավանաբար դեռեւս երկար ժամանակ եմ հետդ խոսելու: Ճիշտ այնպես, ինչպես հորս եմ կողքիս պահում, որովհետեւ ամեն բջիջով զգում եմ իրեն: Քեզ էլ եմ մի քիչ զգում: Ես հասցրեցի քեզ ճանաչել ու բարեկամանալ: Հոդվածներդ հայրս էր <<գտել>> ու սկսել էր քեզ որոնելու գործը: Բարեբախտաբար գտաք իրար: Իսկ քեզ որոնում էր, որովհետեւ հիացած էր սուր ու արդարամիտ միտքդ հոդվածներիդ մեջ տեսնելով: Հիմա գնացիր բարեկամությունդ հորս հետ շարունակելու եւ ճիշտ հորս նման, մեր կարծիքն հեռանալուդ մասին իսկի չհարցրիր: Չուզեցիր իմանալ, թե մենք համաձա՞յն ենք արդյոք բացառիկ լուսավոր մարդկանց այսքան անարդար ու անժամանակ ճանապարհել դեպի հավիտենականություն: Այդ առումով զայրացած եմ ձեզ վրա: Մի տեսակ որբացրիք մեզ, այն մարդկանց որոնք անհամբեր սպասում ու հասկանում էին ձեր մտահոգությունները, ձեր խոսքն ու միտքը: Որբացրիք մեզ, անընդհատ վշտի մեջ մեզ թողնելու ձեր խիստ որոշումով: Քեզ բարի ճանապարհ եմ մաղթում այն նույն խոստումով, որ հորս եմ տվել . գիտցիր թե շարունակելու եմ մեր ազատագրման պայքարը: Գիտցիր որ նախիրը թեեւ աղմկոտ է ու անհանդուրժող, թեեւ սպանդանոց ուղեկցող իր նախրապաններին փառաբանում է ու անիմաստ քրքջում նրա ամեն փռշտոցից...Թեեւ արվեստի, լրագրության մեջ մեր օրերին այլեւս ոչ թե անհատականություններ, գեղարվեստական ճաշակ ձեւավորողներ, այլ նախրից դուրս պրծած քածեր ու գյադաներ են ասպարեզին հայտնվել, բայց իրական արժեքը դու ես, հայրս է, էլի մի քանի բացառիկ անհատականություն են որոնք ուղեկցելու են մեզ մեր խավար ու վտանգավոր կյանքի ամբողջ ընթացքին եւ մենք ամեն առիթով էլի ու էլի վերադառնալու ենք ձեր ասածին, հիշելու ենք ու ապրենք ա՛յն կանոններով, որով ապրում էիք ինքներդ եւ որով խորհուրդ էիք տալիս ապրել նախիրին: Մկկացող, վրնջացող, քացահարող ու թքող, կատաղած այն ոչխարներին, որոնք ընդհանրապես որեւէ բանի մասին գաղափար չունեին եւ չէին էլ ուզում սովորել: Այսօ՛ր էլ չեն ուզում, վա՛ղն էլ չեն ուզենալու: Բայց վնաս չունի: Վնաս չունի, որովհետեւ թեեւ այրվեցիք ու հանգեցիք, բայց եթե գոնե մեկ հոգի լսեց ու հասկացավ ձեզ, ուրեմն ձեր նահատակությունը մխիթարական է:
Կիմա, հարազատ, հոգեհարազատ ու լավ բարեկամս, սրանից ճիշտ երկու ամիս առաջ, երեւի միակ լրագրողն էիր որ գրեցիր հորս մասին , թե մեր օրերի Միքայէլ Նալբանդեանն է վախճանվել:

Լիլիթ Սիմոնյան

Այս նյութը դիտել են - 5934 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook