USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԶՈՐ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՅԱ ԽՈՀԵՐ...
2016-03-27 14:34:00
Տպել Տպել

Տիեզերասույզ մտքի դեգերումներով արձակագիր Լևոն Ադյանի ստեղծագործություններում առանձնանում են մանրաքանդակները, որոնք կարծես գրողի խոհերի բաղադրիչներ են, փոքր մենախոսություններ: Որպես հոգեկան ապրումների արտահայտություն, մտքերի ու զգացմունքների խոհական մտորումներ` գրված են դրանք խոր ներշնչմամբ, ինքնաբուխ, բարձրարվեստ, սրտի թելադրանքին  անսալով: Իրենց տեսակի մեջ ինքնատիպ ու անկրկնելի են, գրողի արձակի մեջ ճառագած կենսախինդ ու թախծոտ երանգով հագեցված, որ երբեմն վշտաբեկ են դառնում անմիջական ու բռնկուն տարերքով: Քանդակված այս մանրապատումները գրողի անհանգիստ մտորումների հրաշալի համաձուլվածք են, որոնք ինչքան անձնական, նույնքան ընդհանրական են, համամարդկային ու մարդասիրական:

Նայում ես վերնագրերին, դրանք էլ խորհրդանշական են, շատ իմաստալից, կարծես ամեն ինչ ասված է, և ահա հայացքդ թրթռում է տողերով, կարծես մեղեդի է ալիքվում հոգումդ, երկնային գույներ կան այնտեղ, խորհրդավոր շշուկներ, իսկ հեռավոր հորիզոնում թևածում է մի հուսահատ կռունկ: Կռունկի թևերին ամպերի ծանրություն կա, տխուր ու թախծոտ հորիզոններ, բայց նա հզոր է իր տխրության մեջ: Կոմիտասյան շունչը մեզ հիշեցնում է երամից կտրված կռունկներին, երբ նրանք տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում են ու մահանում:

«Օրոր~, օրո~ր, իմ օրերին օրո~ր, իմ օրերին բոլոր` օրո~ր, օրո~ր…Քու~ն մտիր, սի՛րտ իմ, քու~ն մտիր, կոտրա~ծ թևերով թռչնակ իմ , քու~ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրոր, օրո~ր»(«Օրոր, օրոր»): Բայց Ադյան գրողի պատկերած կռունկի հոգնած ու բեկված թևերից ու կտուցից կաթկթում էր նաև կուռլուն, որ հոգի է կեղեքում և կորցրած երամին գտնելու հուսահատ փորձեր անելով` հեռավոր ու տաք իր երկրի հուշն ու կարոտն է երգում. «Կուռլու-կուռլու...թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ` ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ա~խ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում»:

Կռունկն էլ թափառիկ է, նրա աղերսագին ձայներում իր ցավից էլ կան, միայն պետք է կարողանալ նրան լսել ու հասկանալ. «Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց գույնն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում...»(«Կռունկներ»): Կամ` Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ, այնտեղ է հոգիս, ու ես կարոտից գիշեր ու ցերեկ այրվում եմ անծուխ...«(«Իմ սիրտը հեռու լեռներում է միշտ»):

Ուզում ես ինքնամոռաց լսել հայրենի անտառների խուլ ու անդուլ շառաչը, այստեղ մարդն իր կարոտը իրեն գուրգուրող անտառներից ու զանգակ աղբյուրներից է առնում, քամին էլ հարազատ է նրան, որ իր հետ բերում է հայրենի բնաշխարհի լիակուրծք խշշոցը.    «Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր,  եզերքն իմ` այլևս անհաս,  և հոգին իմ` վհատ ու նկուն,  երբ իջնում է գիշերը լուսնկա,  թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։ Դեղնած արտերն այնտեղ ծփուն օրորվում,  ալիքվում են քամուց,   շրջան կազմած`  ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով,  ծիրանագույն արևի մեջ տատրակն  օդում կախվում,  քարանում է անշարժ, լորի գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում»(«Ղարաբաղ»)։ 


Գրողին ուղեկցող թախիծը փոխանցվում է ընթերցողին, դրամատիկ անորոշ հոգեվիճակ է ստեղծվում, այս անձնական անհանգիստ մտորումները դադարում են անհատական լինելուց և դառնում են մարդկանց սրտերը հուզող ընդհանրական զգացումներ: Հայրենիքի նկատմամբ կարոտը դառնում է աշխարհով մեկ սփռված հայության ցավագին մորմոքը. «Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր ինձ համար  անմատույց  այլևս...» («Ղարաբաղ): «Ինչքան էլ որ հեռու լինենք մենք քեզանից, մեր օրրա՛ն, ուր էլ լինենք հարափոփոխ մեր այս կյանքում, կապրես մեր մեջ դու հանապազ, միշտ անպակաս դու մեզանից` մեր հուշերում, մեր սրտերում ու մեր հոգում» («Արցախ»):

Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ որոշ մանրաքանդակներ, որոնք անձնական ահավոր կորստի արտահայտություն են, տառապած հոգու ցավագին ճիչ, որտեղ կերպավորվում է արձակագիր գրողի հոգևոր մաքառումը. «Ես աղերսում էի Աստծուն` Տե՛ր իմ, պահապա՛ն եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում իմ նրան: Խնայի՛ր Տե՛ր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար արև են նրանք մեր գլխավերև, և առանց նրանց լուսերես տեսքի ու մեղուշ ձայնի` փուչ է մեզ համար աշխարհը արար»(«Եղերգ»):

Մարդու հոգին միայն ցավից կարող է ողբալ, բայց ծովանում են հույզերը, որ դառնան սիրտ կեղեքող երազներ. «Այս էլ քանի~, քա~նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն…Ասես խռով ամեն ինչից ու ամենքից` բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ հույլ ժպիտով…»(«Գթա՛ ինձ, տե՛ր»):

Սիրտդ ճմլվում է աղեկտուր տառապանքից, բայց այն անհատական լինելուց բացի, որտեղ նկատվում է նաև մի տխուր կենսագրություն, վերածվում է ընդհանուր, տիեզերական մեծագույն ցավի, դառնում մարդու ճակատագիր` բարձրագույն արվեստով քանդակված. «Տե~ր իմ Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա՛, ինչու չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք: ...Գոնե գըթա~, գըթա ինձ, Տե՛ր, մեղմի~ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ հոգետանջ ու սիրտ կեղեքող այս կրակին ես դիմանալ կարողանամ...» («Գթա՛ ինձ, տե՛ր»):

Երբեմն գրողը խոսում է Աստծո հետ, հոգու ընդվզումը շարունակվում է, թե ինչու է կյանքն անարդար, և անձնական վիշտը վերաճում է ազգային թախծի, մարդկային տառապանքի հանդեպ գրողի կարեկցանքը բացահայտում է մեծ մարդասերին. «...Եվ ու՞ր է Աստված: Տիեզերական հավիտենության իր գահին բազմած` այդ բարձունքներից չի իջնում նա ցած` ունկն դնելու ողբ ու կականն իր իսկ արարած երկըրի վրա: ...Իր տունն ու տեղը թողած թուրքերին` հարյուր տարուց վեր` Ադանա գեհենից մինչև Սումգայիթ ու մինչև Բաքու, քայլում է մարդը` լքյալ, վշտաբեկ...»(«Եվ ու՞ր էր Աստված»):

Մարդը ենթակա է քմահաճ ճակատագրի հարվածներին, համբերությունը կորցրած անհատը երբեմն դիմում է Աստծուն, իր հոգու և մտքի ձայնը հանձնում թղթին, որով անձնական տառապանքը դարձնում է ընդհանրական: Կյանքի և մահվան առեղծվածը միշտ էլ հետաքրքրել է մարդուն, բայց այդ սահմանագծից էլ սկիզբ է առնում անմահության գաղտնիքը, որն առնչվում է յուրաքանչյուր էակի գոյության հետ: Հենց այս կենսափիլիսոփայությամբ էլ գրողը խորհուրդ է տալիս. «Իմացի՛ր, որդի՛ս, կյանքը շատ է կարճ, ժամանակն անցնում, անունն է մնում, պիտի աշխատել լավ անուն թողնել մարդկանց սրտերում, որպեսզի հետո ոչ թե ուրիշի, ինքդ քեզ ասես` իզուր չապրեցի ես այս աշխարհում»(«Խրատ որդուս»):

Գրողի հոգին երգում է մանրաքանդակներում` երբեմն տխուր, երբեմն հիացած, երբեմն տողերը հոգուն լռություն են բերում, և լռության մեջ կերպավորվում է անհատը, որ ամեն ինչից նա ամենազոր է, որ կարծես նկարչի ձեռքով կարողանում է իր խոհերը վրձնել թղթին: Անձրևի շշուկն անգամ լսում է նրա հոգու ձայնը, որ երբեմն ծառս է լինում աշխարհի անարդարության դեմ. «Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն: Էլ չեմ դիմանում կեղծիքին, ստին, շողոմքոր մարդկանց շողոմ խոսքերին, հանկարծ փող տեսած` հոգով աղքատի զազիր պահվածքին, փող ունեցողի քամահրանքին, չունեցողների խղճալից տեսքին էլ չեմ դիմանում»(«Հոգնել եմ արդեն»):

Այդ խոհերի արձագանքները լսվում են շատ բարձր, հեռու-հեռուներում, երբեմն օդն էլ շիկանում է գրողի մի խոսքից, «արևահամ» են դառնում բառերը, բույրը տարածվում է ամենուր: Երգը սիրելու համար ասում են` պարտադիր չէ հասկանալ նրա բառերը: Ընթերցողն էլ զգում է, որ մարդը երբեմն իր լռության մեջ փաթաթվում է անհուսությանը, անորոշության ծանրությունից երբեմն կարող է ծնվել զայրույթը, բայց նորից ու նորից կարծես ոգի է առնում և ազդարարում, որ մարդը ընդունակ է նաև լինել անսահման հզոր իր տխրության մեջ, և սկսվում է սիրո բուռն ապրումների ու խոհերի անկաշկանդ հոսքը մանրաքանդակներում:

Այս դեպքում արդեն անգերազանցելի է մայրական սերը, այն կյանքի հենարանն է, աշխարհի չարիքներին դիմագրավելու համար այդ սերը հզոր պատվար է դառնում. «Աստծուց բարձր ու կյանքից թանկ` մայրն է, մայրն է մեր միայն: Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս` գերված օտար քմայքներով, հրայրքներով հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր տան շեմին կանգնած` հեգ ու վհատ, կսպասի քեզ` աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին...»(«Մեր մայրերին»):

Այստեղ այդ մեծ սիրո գաղափարին զուգահեռվում է անվախճանության խորհուրդը, մահը նաև դառնում է հավերժության մեջ մարելու, հավերժությանը ձուլվելու խորհրդանշան. «Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր. ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային` ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան: Մայրս…մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց…մայրս չկար: …Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր…Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ` ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին…»:

Բարձր ներշնչանքով գրված նրա սիրային մանրաքանդակներում կարևորվում է սիրո հոգեբանական մի նոր հատկանիշ, փիլիսոփայական գաղափարն այն է, որ սերը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, այն իմաստավորում է մարդու կյանքը` անկախ տարիքից ու ժամանակից: Դրանք հագեցած են նաև սիրո հավերժական կրկնության և կյանքի ունայնության տրամադրություններով. «...Այս աշխարհում ամեն ինչ էլ անցողիկ է, ու տևական ոչինչ չկա: Ինչ որ կյանքում սկիզբ ունի, ունի և վերջ: Սիրո հուշն է լոկ տևական, որ հեռավոր մշուշների շղարշներից հանկարծ հառնում, թև է առնում, որ դու տարվես ցնորքներով անրջական ու կարենաս երջանկավետ այն պահերի անուշ հուշի ցավը մեղմել: Արագընթաց քաղցր հուշի, որ առհավետ եկավ անցավ ու այլևս չի կրկնվի  («Սերը հրաշք է):
  Գրողն իր մենախոսություններում փորձում է հաստատել նաև այն ճշմարտությունը, որ անկախ կրոնից ու ազգային պատկանելությունից` մարդուն ամենուր հասանելի են ուրախությունն ու տխրությունը, թշվառությունն ու սերը…«Սիրո համար ազգություն ու կրոն չկա: Սերը վարդ է, իսկ խանդը` փուշ: Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր չի լինում: Սերը վեր է ամեն ինչից, քանզի նրա կենդանարար սուրբ լույսով է օծված շուրջը ամեն մի բան: »(«Սերը հրաշք է»):

Սերը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում, իմաստավորում նրա ապրած օրերը: Լևոն  Ադյանը մեծ վարպետությամբ բացահայտում է սիրո ամենազոր ուժը, նրա պատճառած հոգեկան տառապանքն ու կորցրած մորմոքը: Երբեմն այդ սերը մարդուն տանում է մեծագործությունների, ուժ ու եռանդ տալիս նրան: Բայց նաև սերը քմահաճ է, երբեմն առեղծվածային, որ չգիտես ինչպես, ծնունդ է առնում և օծում մարդուն հրաշալի արժանիքներով: Աշխարհը երևում է մանրաքանդակներում իր լուսավոր և ստվերոտ կողմերով, բայց միշտ էլ գրողը մնում է որպես մարդկային լուսավոր հոգու ջատագով և լույսի ազդարար. «Երջանկությունը հորիզոն է մի` ինչքան մոտենաս` հեռանում է այն: Անցողական է ամեն բան կյանքում, դա նույնպես կանցնի, ամեն ինչ կանցնի, հույսդ մի՛ կորցրու հանդեպ լավ օրվան: Դարձի՛ր արմատիդ` որտեղից գալիս և ուր ես գնում, բարություն արա ու գցի՛ր գետը, կտեսնես` մի օր առջևդ կգա»(«Իմ սիրտը  հեռու լեռներում է  միշտ»):                                                                                                  
Որպես վերջաբան` մի քանի խոսքով կարող եմ ասել` եթե Լոռվա հանճարեղ բանաստեղծի խոսքերով քառյակներն իր հոգու կենսագրությունն են, ապա Ադյան գրողն այս փոքր ծավալի արվեստի սքանչելիքները շատ իրավացիորեն կոչել է մանրաքանդակներ: Գրողի խոսքն այստեղ աչքի է ընկնում հակիրճությամբ, սեղմությամբ, քիչ բառերով շատ բան ասելու առանձնահատկությամբ: Իր ստեղծած պատկերներն էլ արտահայտում են նրա բարձր արվեստն ու անկրկնելի գեղեցկությունը:
Գրողի կյանքն էլ ընդհանուր կյանքից անբաժան է, նրա ցավը և՛ անձնական է, և՛ ընդհանրական, նա ապրում է հեռավոր օտար ափերում, բայց իր ինքնությամբ նա մնում է հայության մեջ ու հայեցի` իր հզոր տխրությամբ երբեմն բարձրանալով ազգային ցավերից ու խնդիրներից, երբեմն շոշափելով նաև համամարդկային հարցեր:

Նատաշա Պողոսյան  

Արցախի վաստակավոր մանկավարժ,  

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 3006 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook