USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 12 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գաղափարի զինվորն անպարտելի է...
2016-05-13 11:56:00
Տպել Տպել

Շուշան Հարությունյան

Դպրոց հաճախող հատուկենտ աշակերտների մեջ փնտրում եմ նրան, բայց չեմ գտնում: Կարոտով ու անհանգիստ մտորումներով նորից հայացքս սահում է օրեր առաջ գրած նրա շարադրության տողերով: 

Ընթերցում եմ իմ աշակերտուհու մտքերը և համոզվում, որ հայրենիքը ամենուր բուրում է որպես սուրբ մասունք, հայկական ոգին է թևածում այստեղ, այս հող ու ջրին կառչած սերունդն է, որ պիտի փոխի այս աշխարհը և սերունդներին փոխանցի մեր նախնիներից մեզ հասած հայրենյաց սիրո կախարդական բանալին:

12-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Հարությունյանի` գաղափարի զինվորի անպարտելիության մասին գրած շարադրությունը ԼՂ հանրապետական փուլում 1-ին տեղ էր զբաղեցրել, որը գրել էր մինչ Քառօրյա սարսափելի պատերազմը, երբ դեռ մեր բնակավայրը չէր հրետակոծվում, բայց ապրում էինք սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ և տխուր լուրերով: 

Այդ օրը զինվոր տղաների կորուստ ունեինք, գաղափարի զինվորներ էին զոհվել, չնայած նրանց բոլորի համար առ Աստված ուղղված աղոթքների մրմունջները երբևէ չէին պակասում: Համոզված էինք նաև, ու այդպես էլ կա, որ յուրաքանչյուր զինվոր հավատում է ապրելու և հարատևելու արվեստին, բայց երբեմն մահը չի վախենում և անողոքաբար հանկարծակի մոտենում է նրանց ու անմահացնում հավերժության ճանապարհին:

«Քո հայացքում ես գտա իմ հերոսին՝ իմ իրական ու ժամանակակից հերոսին: Դու΄, զինվո΄ր, կանգնած ես սահմանին ու հսկում ես խաղաղ անդորրը մեր հայրենիքի: Գիտակցում ես, այո΄, գիտես, որ մահը կարող է ամեն պահի քեզ այցի գալ՝ խլելով կանաչ կյանքիդ վառվռուն երազները: Բայց դու չես երերում, չես ընկճվում, գիտես, որ քո զգուշությունից է կախված ընկերներիդ կյանքը, քո հայրենիքի անվտանգությունը… Ցուրտը, մթությունն ու գայլերի ոռնոցն են տիրում չորս դին: Աստղերն են իրենց կայծկլտացող լույսով ընկերանում հոգուդ նվագին, և դու կանգնած ես: Դու կանգնած ես աներեր, անվախ՝ զենքդ սեղմած, հայացքդ՝ հստակ ու զգուշավոր:
Դու հիշում ես ձեր տունը, մայրիկիդ, քո փափուկ, տաք ու ճերմակ անկողինը, քո օջախի համն ու հոտը, բայց քաղցր կարոտն անգամ չի խանգարում քո մտքին: Դու իմ ժամանակի Վարդանն ես, Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն և այսպես շարունակ նվիրյալներին կարող եմ գտնել քո կերպարում, քո հայացքում, քո մտքի ու քաջության արմատներում: Դու ընդամենը տասնութը բոլորած մի պատանի ես, բայց հավատում եմ, որ դու հոգով մի դար ես, մի պատմություն, քանզի կյանքի ու մահվան մեջտեղում կանգնողը չի կարող գաղափարի զինվոր չլինել:
Ես քո մասին չեմ ընթերցում գրքերից, քեզ չեմ դիտում ֆիլմերում, այլ քեզ զգում եմ ինձանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ: Ես իմ առօրյան կազմակերպում եմ քո շնորհիվ, մենք բոլորս կանք ու ապրում ենք խաղաղ ու ապահով քո շնորհիվ: Ինչպես՞ դիմեմ քեզ, ի՞նչ անուն տամ, ինքս էլ չգիտեմ: Ինչ անուն էլ տամ, գիտեմ, որ դու հայ զինվոր ես, հայ մարտիկ, հայ նվիրյալ: Ու չնայած կարող են ոմանք ինձ հետ չհամաձայնել, բայց ինքս համոզված եմ, որ դու այդտեղ ես ոչ թե պարտադիր ծառայության հարկադրանքով, այլ` հոգու պահանջով ու համոզմունքով:
Երբ փոքր էի, ու հայրս տուն էր գալիս ուշ–ուշ և միշտ զինվորական համազգեստով, ես մտածում էի, թե հայրերը միայն այդպիսի շորեր են կրում, դա հայրերի «շոր» է: Հագնում էի նրա մեծ մուշտակը ու դնում գլխարկը: 

Երբ հետագայում հասկացա ամեն ինչ, զինվորական համազգեստը իմաստավորվեց կրկնակի: Ինքս էլ ուզում եմ աջակից լինել քեզ և երազում եմ բժշկուհի դառնալ: Ու պատահական չեմ ընտրել մասնագիտությունս, քանզի ուզում եմ վտանգի պահին սպիտակի հետ զինվորական համազգեստ կրել, իմ մանկությունից հասած հուշերին շունչ տալ ու իրականություն դարձնել: 

Թող թեկուզ լինեմ վիրավոր զինվորի կողքին ու փրկեմ նրա կյանքը: Այո΄, հենց այսպես եմ ժառանգել գաղափարի այն սուրբ մասունքը, որ թողել են նախնիներս ինձ: Դու էլ ես ժառանգել, բոլո~ր – բոլորը, ովքեր չեն վարանել այսօր, վաղն էլ չեն վարանելու, պատերազմելով փրկելու են հայի պատիվը, տունն ու օրորոցը, պապերի գերեզմաններն ու հայրենի եզերքը:
Հավատա΄, ես քո կողքին եմ, մենք բոլորս ենք իրար թև ու թիկունք, քանզի սերված ենք մի սերնդից, ով կարողացավ «ոչ» ասել բռնատիրությանը, ով փայլուն հաղթանակ տարավ իր ոգեղեն ուժով: Հայկյան արյունը կրողներն ենք մենք՝ ես ու դու, մենք՝ բոլորս, ում համար հայրենիքի պաշտպանությունն ու փրկությունը վեր է բոլոր գաղափարներից, ում համար հայրենասիրությունը կենսակերպ է, ապրելու և հարատևելու արվեստ: Դու լավ գիտես, որ հայրենիքը մեզ ուղեկցող ջերմությունն է, նա մեր անցյալն է, ներկան ու ապագան:

Նա մեր ուժն է և թուլությունը, նա մի կտորն է մեր բաբախող սրտերի, նա գրողի գրիչն է և դարբնի մուրճը, նա քո զենքն է ու մայրերի աղոթքը: Հայրենիքը մեր արյան մեջ է, ցանկանալ ապրել հայրենիքից դուրս, դա նույնն է, ինչ թռչել ցանկանալ` առանց թևերի, քայլել` առանց ոտքերի, գրկել` առանց ձեռքերի: Հեռանալ հայրենիքից, նշանակում է` հավերժ թողնել մեր կեսը հայրենիքում: Իսկ մեր հայրենական աշխարհում միավորված է ամբողջ հայ ազգը, Հայաստանի Արևմտյանն ու Արևելյանը: Դա ծովից ծով Հայաստանն է` Կասպից ծովից մինչև Միջերկրական:
Դա հզոր և անկոտրում Հայաստանն է: Իսկ իմ երազած աշխարհն Արցախն է` ազատ և ճանաչված, իմ Մարտակերտն է` ծաղկունքով լցված: 

Իմ քաղաքը, որտեղ ավերակներ ու փլատակներ այլևս չեն լինի, որտեղ թուրքի ձեռագիրը վաղուց ջնջված կլինի մեր տներից, անգամ մեր սուրբ քարերից: Ես ամբողջական եմ այստեղ, էլ ի՞նչ ուրիշ երկիր, այստեղ ամփոփված են պապերիս շիրիմները, շուրջս լցված է տատիս թխած թոնրահացի բուրմունքով: Այստեղ իմ մանկության նախշուն օրերի շղթան է` ծնողներիս հոգատարության բույրով լցված:
Ո՞վ եմ ես` առանց իմ անցյալի, առանց իմ օջախի, առանց հայրենիքի, առանց քեզ, իմ հա՛յ զինվոր: Որքան էլ երազանքներս ինձ հեռու տանեն, նորից կգամ այստեղ ու կլինեմ քո կողքին, մի փոքրիկ քար էլ ես կդնեմ շենացման պատին չքնաղ հայրենիքիս, տուն ու օջախիս, մայր Հայաստանիս...

Այո,՛ արժեքներ կան, որոնք անգին են՝ մեր լեզուն ու հավատքը, մեր հողն ու ջո ւրը, մեր Սիսն ու Մասիսը, Արփանն ու Սևանը, մեր գողացված Վանը, Կարսն ու Սասունը, դու ինձանից քաջ գիտես, զինվո՛ր, ուստի մահվան աչքերին ես նայում անվախ ու անթարթ: Իմ զինվո՛ր, իմ փառավո՛ր զինվոր, դու եկել ես մեր անցյալից, ուստի փակ աչքերով անգամ կարող ես տեսնել դեպի գալիքը տանող մեր միասնական ճամփան` ծով հայրենիքը վերագտնելու ճամփան: 

Մեր սերնդին շատ պատգամներ են հղված, դրանք վերծանելու և կյանք տալու համար պետք է ամուր կառչել սրբագործված ու ազգապահպան խրատներից` համոզված, որ յուրաքանչուրս մեր հոգու հրամանն ունենք, այն լսում ենք յուրովի, բայց հավատում նույն հնչողությամբ: Չվախենաս, զինվո΄ր, իմ աղոթքներով զորավիգ եմ քեզ ու միշտ քո կողքին: Թո΄ղ մահը վախենա ու չմոտենա քեզ»:
Նատաշա Պողոսյան
 
Արցախի վաստակավոր մանկավարժ, 

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 

 

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 

Այս նյութը դիտել են - 2673 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook