USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
2024-10-04 23:39:00
Տպել Տպել


​Հայոց եկեղեցու Արևմտյան թեմն ունի տասնյոթ Շաբաթօրյա դպրոց, ոչ միայն Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում, այլև՝ Օրեգոնում, Նևադայում, Արիզոնայում։ Այստեղ սփյուռքահայ երիտասարդ սերնդին է փոխանցվում մեր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, մեր ազգային արժեքները։ Այս ամենին զուգահեռ նրանց սրտերում ու հոգիներում դրոշմվում է հայրենասիրություն, առաքինություն, որպեսզի հայրենիքից ճառագող ինքնության կրակը լինի մշտամնա ու հարատև: Այս օվկիանոսածավալ առաքելությունն իրագործվում է Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի հովանավորությամբ ու ղեկավարությամբ։
​Շաբաթօրյա դպրոցների հիմնական նպատակն է մանուկներին տալ ամբողջական ազգային կրթություն, որպեսզի նրանք կարողանան մտածել և հաղորդակցվել մայրենի լեզվով, հասկանան և գնահատեն ազգային պատմական և մշակութային արժեքները, ունենան հայադրոշմ ինքնագիտակցություն, լինեն հպարտ իրենց ոսկեղենիկ լեզվով, դարավոր հավատքով, աննման մշակույթով և հավերժական Հայրենիքով։ Կարևոր է, որ նրանք ունենան պատասխանատվության գիտակցություն հայ համայնքի, մայր եկեղեցու, ապրած երկրի և հայրենիքի հանդեպ, ինչպես նաև ցուցաբերեն հանդուրժողականություն, հարգանք՝ այլ ժողովրդների և այլ մշակույթների նկատմամբ։

​Թեմապատկան շաբաթօրյա հաստատություններն առաջնորդվում են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, կրոնի և մշակույթի համապարփակ ուսումնական ծրագրով, որը հիմնված է Կալիֆորնիա նահանգի կողմից սահմանված լեզուների դասավանդության չափանիշների վրա (California Foreign Language Framework): Շնորհիվ այս արդիական ծրագրի՝ առաջնորդարանի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը և նրա մյուս թեմական մասնաճյուղերն ստացել են պետական արտոնագիր՝ կրթական հաստատությունները որակավորող ամենահեղինակավոր կազմակերպության կողմից (Western Association of Schools and Colleges):
​Ծրագրի օգտագործած աղբյուրներն են տեղական ու հայրենական տպագրության հայոց լեզվի ու հայ գրականության դասագրքերը, հայոց պատմության, հայ մշակույթի, հայրենագիտության և արդիական հարցերի շուրջ առկա նյութերը, ինչպես նաև գիտարվեստի միջոցները, հայկական կայքէջերը և զանազան տեսալսողական միջոցներ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, գիտակրթական հանձնախումբը կազմակերպում է հայերենի ուսուցիչների ամենամյա համաժողովներ։ Այն սկիզբ է առել տասնչորս տարի առաջ։ 2024 թ․-ի օգոստոսի 10-ի հավաքին մասնակցեցին հարյուրից ավելի մանկավարժներ ինչպես ԱՄՆ երկու՝ Արևմտյան և Արևելյան թեմերից, այնպես էլ Հայաստանից, Եվրոպայից, Հնդկաստանից, Ռուսաստանից։
Հարկ է նշել, որ անցնող տարիներին դասախոսություններով հանդես են եկել ոչ միայն մեր համայնքում հայտնի գիտնականներ, մտավորականներ, այլև բանախոսներ եղել են նաև հայրենիքից՝ գրականագետներ Սուրեն Դանիելյանը, Սերժ Սրապիոնյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը և ուրիշներ։
Հավաքների ընթացքում ներկայացվել են քսանհինգ և ավելի նյութ, որոնցից հիշատակելի է հայ ինքնությանը, կրոնին, երաժշտությանը, պատմությանը նվիրված դասախոսությունները։ Քննարկվել են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մշակութային արժեքների ճանաչման և իմացության ազդեցությունը երիտասարդ սերնդի ազգային ինքնության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել մանկավարժական նորագույն մեթոդներին, արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական առանձնահատկութուններին և տարբերություններին, առօրյա լեզվում տարածված սխալներին։ Մասնավոր ուսումնասիրության նյութ է եղել դժվար վարքագծով մանուկների հետ աշխատելու նորանոր մարտավարությունները, սփյուռքահայ աշակերտի հոգեբանությունը և ուղեղի դերը լեզվի ուսուցման մեջ, գիտարվեստի կիրառությունը մայրենի լեզվի դասավանդության մեջ, հայ նոր գրականության հնարավոր լեզվական ազդեցությունները և գրական դեմքերի կյանքի հետաքրքիր դրվագները, հայոց լեզվի ուսումնական նյութերը և ուսուցչի դասավանդման կարևորությունը, կրոնական և մանկավարժական այլ նյութեր։
​Պետք է խոստովանել, որ հայ համայնքներում հրճվանքի և հպարտության օրեր են Շաբաթօրյա վարժարանների կազմակերպած ոգեշունչ հանդեսները, որտեղ բեմերից հնչում են մեր սուրբ մայրենին, հանապազօրյա աղօթքը, մեր հայրենաշունչ բանաստեղծությունները որտեղ ներկա է Հայոց բնօրրանը, հաղթական հայ զինվորը, երգն ու պարը, բանաստեղծն ու երգահանը։ Արհեստավարժ ու նվիրյալ մանկավարժները կարողանում են աշակերտներին հաղորդել հայրենասիրության կրակը և սովորեցնել, որ հայ լինելը միայն գիտակցություն և պատկանելություն չէ, այլ նաև՝ ինքնություն և հպարտություն։
​Վերոգրյալ իրողությունները, կատարված և կատարվող աշխատանքների սղագրություններն են, որոնք կյանքի են կոչվում սիրով ու հավատքով, որի խթանողն ու մղիչ ուժը բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանն է։ Հպարտությամբ պետք է ընդգծել, որ Հայոց եկեղեցու ցանկացած թեմի պատիվ կբերեր Սրբազան հոր նման առաջնորդ ունենալը։

Այս նյութը դիտել են - 604 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook