Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
2017-09-18 12:20:00

«Լրագիր»-ը գրում է.

Եթե Սերժ Սարգսյանը ուզում է 2040 թվականին Հայաստանում ապրող հայերի թիվը հասցնել 4 միլիոնի, նախ պետք է պայմաններ ստեղծի, որ Հայաստանի ժողովուրդը բարգավաճի: Այս մասին Հայաստան-սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց սփյուռքահայ սոցիոլոգ, ԱՄՆ-ում գործող հայկական արհմիության ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը:

 «Այդ 4 միլիոնը կգա ինքն իրեն, եթե տեղացուն տաս առիթ, որպեսզի ինքը բարգավաճի: Եթե տեղացին բարգավաճի, դրսից առանց ասելու կգան: Եթե մեկը ուսում ունի, թող իր ուսմանը համարժեք գործ գտնի: Մենք արդյոք չենք կարո՞ղ այստեղ մնալ և հավաքարարին հավաքարարի գործ տալ, ինժեներին՝ ինժեների, որպեսզի մարդիկ չգաղթեն: Ամեն մեկն իր գործը պետք է անի»,- ասաց նա: Ստեփան Հովակիմյանի խոսքով՝ առաջինը պետք է փոխվի այն, որ յուրաքանչյուր հայ իրեն լիարժեք անհատ զգա Հայաստանում: Դրա համար իշխանությունը պետք է գործ անի:

 «Ես այն մարդկանցից չեմ, որ կխոսեմ, բայց գործ չեմ անի: Դա ամենավտանգավոր գործելակերպն է: Եթե ինչ-որ դժվարություն մատնացույց եք անում, դրա կողքին անպայման ունեցեք նաև լուծում: Եթե չունեք այդ լուծումը, ես էլ կարող եմ նստել ու մատնացույց անել հազարավոր թերություններ: Եվ Սփյուռք-հայրենիք այս համագործակցությունը թող ուտոպիա չլինի, գործնական լինի»,- ասաց նա:

 Հովակիմյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ սփյուռքահայերը վստահ լինեն, որ եթե Հայաստանում որոշեն ներդրում անել, խոչընդոտների չեն հանդիպի: «Ես պետք է վստահ լինեմ, որե թե գամ այստեղ և ինչ-որ բիզնես դնեմ, խոչընդոտ չի լինի: Միայն Կալիֆորրնիայի մեջ ամենահին հայը՝ Սիմոնյան ընտանիքը 1886 թվականին Ֆրեզնոյում հիմք է դրել հողագործության, ներկայացրել է նուշն ու պիստակը: Այսօր ամբողջ Ամերիկան իրենց նուշն է օգտագործում: Ինչո՞ւ այս մարդիկ չկան Հայաստանում: Ուզում են գալ, բայց նախ պետք է վստահ լինեն՝ արդյոք խոչընդոտ չկա, եթե ես այդ բիզնեսը սկսեմ, կարո՞ղ է ինչ-որ մեկին խանգարեմ»,- նշեց նա: Սփյուռքահայ գործիչն օրինակ բերեց շաքարավազի ոլորտի մենաշնորհը:

 «Օրինակի համար դուք այստեղ շաքարի գործով եք զբաղված: Ես եկա ուզեցի ես էլ իմ շաքարավազը բերեմ: Եվ ես քո 10 դրամի փոխարեն դրեցի 9 դրամ: Դու կբարկանաս և կուզես ինչ-որ ձևով ինձ ցրել: Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի: Մեկը Հալեպից եկել էր այստեղ, սենդվիչի կետ էր բացել, բարգավաճել էր: Ուրեմն այդտեղ արգելք չկա, դու ուրիշին չես խանգարում»,- ասաց նա:

 Հարցին, այսինքն՝ մենաշնորհնե՞րն են խանգարում, որ սփյուռքահայ գործարարները գան Հայաստան, նա պատասխանեց. «Այո: Եվ դրա համար մենաշնորհները շատ սխալ են»:

Այս նյութը դիտել են - 73738 անգամ