Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
2017-08-07 16:14:00

Lragir.am-ի զրուցակիցն է քրեական արդարադատության մասնագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը

 Պարոն Գասպարյան, վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդող հանցագործությունները որքանո՞վ են կապված հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի հետ:

 Բուն աղքատությունը հանցագործություն չի ծնում, բայց այն, որ մենք ունենք անպատժելիության մթնոլորտ, դրան գումարվում է նաև աղքատությունը, այսինքն՝ աղքատության ժամանակ դու հասկանում ես, որ այս երկրում քեզ ոչ մի պետական ու համայնքային ծառայություն չի օգնում, դու ու քո ընտանիքը մնացել եք միայնակ, այո, դա կարող է  բերել բռնության: Մարդը մտածում է՝ կրթություն ստացել եմ, ի՞նչ անեմ, տաքսու վարորդ չեմ կարող աշխատել, պատգամավոր չեմ կարող ընտրվել, այո, այդ վերաբերմունքը, որ չունենք ֆինանսներ, կարող է բերել բռնությունների:

 Դուք միայն դրանո՞վ եք բացատրում հանցագործությունների թվի աճը:

 Նաև դրանով, բայց միայն դրանով չէ: Ընդհնարապես, հանցագործությունը անձի ներսի կոնստրուկտի և դրսի պատեհական իրավիճակի բախման կետում ծնվող վարքի ձև է: Սա սահմանումն է, ոչ միայն մարդու ներսի ընկալումներից է ծնվում հանցագործություն, ոչ միայն դրսի իրավիճակից: Պետք է մարդն ունենա դիրքորոշում, որը գալիս է մանկուց, դիրքորոշում, որ դիմացինի գույքը, կյանքն ու առողջությունը կարևոր չեն, կարևոր եմ միայն ես, կարևոր են իմ զգացողությունները, ստամոքսը, հաստ աղին և մնացյալը: Երբ մարդուն հասցնում ես այդ վիճակին, որ ինքը կենսաբանական պահանջմունքից ավելի չի մտածում, իր համար դիմացինի կյանքը, առողջությունը, ձեռքբերումները դառնում են զրոյական: Եվ այդ դիրքորոշումները դեռ տալիս ենք մանկուց, թե ինչպես ենք մեր երեխաներին դաստիարակում, ինչ արժեքներ ենք նրանց տալիս, արդյոք կարևորում ենք դիմացինի անձը, թե ոչ: Սա անձն է՝ իր դիրքորոշումներով, որը հետո դառնում է հանցավոր մտայնություն, հետո ընտրվում են գործիքները, հետո կատարվում է այդ հանցագործությունը: Սրանք փուլեր են, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ:

 Ես խոսում եմ դիտավորությամբ հանցագործություն կատարելու մասին: Երբ որ մարդուն սովորեցնում են, որ տղամարդը ընտանիքի դրամապանակն է, սա դիրքորոշում է: Եվ եթե հանկարծ այդ դրամապանակի գումարն սկսում է պակասել, տղամարդն իր իսկ աչքերում չընկնելու և իր պատկերացումները չխաթարելու համար, ունենալով իրավիճակ, որ դրամը վերջացել է, ունենում է ինչ-որ վարքի ձև: Այդ վարքի ձևը կարող է լինել բռնությունը՝ սկսած բակում ուղղակի գոռգոռալուց, նյարդայնանալուց, վերջացրած ինչ-որ գործողություններ կատարելուց, որը կարող է հանգեցնել նաև հանցագործության:

 Նաև տեսակետներ կան, որ անպատժելիությունն է ծնում հանցագործություն, երբ չկա արդարադատություն, մարդիկ ինքնադատաստանի են դիմում: Կապ տեսնո՞ւմ եք այստեղ:

 Այո, դա այդպես է: Բայց պետք է անպատժելիությունը չափել, ցույց տալ, թե որտեղ է անպատժելիությունը: Իսկ անպատժելիությունը ԶԼՄ-ներից մեզ հասած տեղեկատվությունն է և մեր առօրյան: Անպատժելիություն նշանակում է, որ կան խաղի կանոններ, որ՝ բալիկ ջան, չի կարելի քարով հարվածել այս ձյաձյային, հարգելի մեծահասակ, չի կարելի գողանալ: Պատժելիությունը և արդարադատությունն այն է, երբ այդ խաղի կանոնները պահպանվում են:

ԶԼՄ-ներով տեղեկություն է լինում, որ պաշտոնյան իրավունք չունի զբաղվել բիզնեսով, բայց հետո նույն լրատվամիջոցն ասում է՝ հարգելի պատգամավոր, նախարար կամ վարչապետ, դուք այս բիզեսն ունեք, նա ասում է՝ չէ, իմը չէ իմ որդունն է, զոքանչինն է և այդպես շարունակ, ցույց է տալիս, որ ինքն իր իսկ գրած խաղի կանոնները չի պահում: Եվ անպատժելիություն ասելով՝ հասկացվում է հենց սա, որ ինչ-որ մարդկանց համար, չգիտեմ, Խաչիկ գյուղի Գվիդոն պապիկի համար այդ օրենքն անպայման կգործի, բայց այն մարդիկ, ովքեր հենց այդ օրենքը մշակողն են ու բարձրաստիճան պաշտոնյա, իրենց համար դա չի գործում:

 Պատիժ ու պատասխանատվություն սովորեցնում են ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից ու համալսարանից: Երբ քո երկրում կարևորվում է ոչ թե ուսուցիչը և դասախոսը, ովքեր սովորեցնում են, այլ կարևորվում են բարձրաստիճան պաշտոնյաները, այստեղ ամբողջ արժեհամակարգն է ի ցույց դրվում, որ պատիժն ու պատասխանատվությունը ոչինչ չարժեն: Օրենքներն անպատժելիություն չեն, այդ օրենքները կիրառողների մասին է խոսքը, թե ինչպես են կիրառում դա քաղաքացու նկատմամբ: Եվ որքան ընտրովի է պատասխանատվության իրականացումը, այնքան անպտաժելիության ընկալումներն սկսում են սրվել, և այնքան իրական ու փաստացի լինում է անպատժելիություն:

 Հիմա, անպատժելիությունը ևս քեզ բերում է մի վիճակի, որ մոտ է անզորության ու անօգնականության զգացման: Եվ բռնությունն ինքը հենց այդ անզորության ու անօգնականության զգացման դրսևորման ձևերից մեկն է, որ՝ քանի որ ձեր խաղի կանոնները չեն գործում, ես չգիտեմ, թե ինչ անել: Ընտանիքում մարդը չգիտի ինչ անի, սկսում է գոռալ, աթոռով խփել, սրան անվանում են  ընտանեկան բռնություններ: Բակում չեն հասկանում, զանգեն ասեն ոստիկանությանը, որ այստեղ հանցագործություն է տեղի ունենում կամ կաշառք է բաժանվում, թե լսեն այն պատգամավորին, ով ասում է՝ հանցագործության մասին հայտնելը գործտվողություն է:

Եվ մարդիկ չեն հասկանում, թե վերջապես որն է ճիշտ այս երկրում, և մնում են միայնակ: Անձը մնում է միայնակ, ընտանիքի մոդելը դառնում է այն, ինչը վերևից թելադրում են, այսինքն՝ ուժեղ տղա ես, ուրեմն լավ տղա ես, ուժ ունես, ուրեմն լավ է, բարի ես, ուրեմն միամիտ ես, հարգանքի ոչ արժանի: Այս արժեքների պարագայում մարդիկ դիմում են բռնությունների, որոնցից մեկը կդառնա հանցագործություն, մեկը չի դառնա: Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 81917 անգամ