Ոստիկանն Արմավիրում փորձել է կեղծ փողեր իրացնել. հարուցվել է քրեական գործ
2017-08-04 15:40:00
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի  կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, նյութերի համաձայն` ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիր քաղաքի տարադրամի փոխանակման կետերից մեկում 24.12.2016թ. փորձել է իրացնել 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ, սակայն դա վերջինիս չի հաջողվել, քանի որ փոխանակման կետի աշխատակիցը նկատել է, որ թղթադրամները կեղծ են: Դեպքի առթիվ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ կեղծ թղթադրամները պատրաստված են համակարգչային շիթային գունավոր տպիչ սարքի միջոցով:

 Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են անհայտ անձի կողմից իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ և 34-202-րդ հոդվածների 1-ին մասերով:

 Կատարվում է նախաքննություն:

Այս նյութը դիտել են - 76761 անգամ