Ծնողի մասին խոսքը՝ երբեք շատ չի լինում, ինչ էլ ասվի՝ էլի քիչ է
2017-06-05 09:18:00

Հունիսի 5-ը հորս՝ ՎԱՉԱԳԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՍՈՅԱՆԻ հիշատակի օրն է:Նստած եմ ու ակնդետ նայում եմ կոմպի էկրանին:Սիրտս գնալով ծանրանում է, աչքերս լցվում են:Ի՞նչ գրեմ, որ սիրտս թեթևանա:Հանկարծ ինձ բռնացնում եմ, որ հիմա ճիշտ նույն տարիքում եմ, երբ հայրս հրաժեշտ տվեց բոլորիս:
Չեմ հիշում, թե ով էր խմբագրություն զանգողը .
--Հասիր Մասսիվի հիվանդանոց, հայրդ...
Աջ թևը գլխի տակ, աչքերը փակ, ծանր շնչում էր հայրս:Ամբողջ ազգուտակը դրսում հավաքված էր: Ես երբեք հորս այդ վիճակում չէի տեսել:Սիրտս լցվել էր: Մոտեցա,կռացա, համարյա զգացի շնչառությունը:
--Պա,- կերկերուն ձայնս մինչ օրս ականջներիս մեջ է,- պա, աչքերդ բաց,ես եմ՝ մեծ տղադ , աչքերդ բաց...
Չբացեց:Մի քանի անգամ նույնը կրկնեցի:Անկապ շարժումներ էի անում,նույն բանը մի քանի անգամ ասում:Ոչինչ չէր ստացվում: Աչքերը չէր բացում:Ծանր կաթված էր տարել:Միայն շատ պարզ նկատեցի, որ աչքերից արցունքներ հոսեցին:,,Ուրեմն ձայնս լսեց,,- ինձ մխիթարելով ու աչքերս սրբելով դուրս եկա հիվանդասենյակից:Ծխում եմ ու հիշում հորս անցած կյանքի ճանապարհը:Պապիս աքսորը՝ հինգ երեխաներին տատիս ու հորս հույսին թողնելով: Հորս բարձրագույնում սովորելն ու միաժամանակ աշխատելը: Հետո, որպես աքսորականի զավակի հալածանքները:Մատնությունների պատճառով մի դպրոցից մյուսը տեղափոխվելը:Հետո պատերազմ, պատերազմի տառապանքներ, ձախ թևից վիրավորվել, ետպատերազմյան դժվարին տարիներ...
Ուսուցչությամբ չէր կարող չորս երեխա պահել ու մեծացներ:Բարձրագույնի դիպլոմը մի կողմ է դնում հայրս ու պապենական արհեստին՝ հյուսնությանն ապավինելով, աշխատանքի անցնում ,,Մասիս,, ֆիրմայի թիվ 1 մասնաճյուղ:
--Ֆաբրիկան կապիտալ ձևափոխում են,- մի օր շատ տխուր ասաց հայրս:-Էն ջհուդ տնօրենն ասում է, թե թոշակի ենք ուղարկելու, քեզ արհեստանոց պետք չի:
Հայրս չի ասում՝ մի բան կարո՞ղ ես անել:Սիրտն է դատարկում մոտս:Հաջորդ օրը զանգեցի հորս ասած ,,ջհուդ,, տնօրենին, ներկայացա, պայմանավորվեցի հանդիպել:Մեկ տարի հետո, երբ ավարտվեցին ,,կապիտալ,, վերանորոգման աշխատանքները, արհմիության նիստում որոշում է կայացվում, որ ամենավերջին տեխնիկայով զինված արհեստանոցը հատկացվելու է ֆաբրիկայի հնագույն աշխատողներից մեկին՝ Վաչագան Ասոյանին: Հայրս նիստին հրավիրված է լինում: Արհմիության նախագահը նայում է հորս կողմը.
--Ուստա Վաչագան, գո՞հ ես մեր որոշումից...
Հայրս ոտքի է կանգնում, որ շնորհակալություն հայտնի և դուրս գնա: Ուրախությունն ու հուզմունքն այնքան շատ են լինում, որ չի հասցնում մի բառ ասել:Կաթվածահար ընկնում է: Ընկերները, տեղկոմի մասնակիցները հետո ասացին, որ հայրս բարձր տրամադրություն է ունեցել այդ օրը:Մտերիմների ականջին շշնջացել է՝ ,, Տեսա՞ք, թե ոնց ջհուդի հերն անիծեցի,,: Մի հետաքրքիր բան էլ:Այդ տրամադրության մեջ ընկերներից մեկին էլ ասել է. ,,Ուստա Հրաչ, այսօր, եթե ողջ տուն գնամ, ուրեմն հարյուր տարի կապրեմ,,:Այս զգացողությունը մինչ օրս ինձ զարմացրել է: Ի՞նչ է հայրս ներքուստ զգացել :
Մտքերիցս սթափվեցի հիվանդանոցի բաժնի վարիչի ձայնից.
-Խնդրում եմ անցնեք իմ սենյակ:
Հայրս այլևս չկար:Չորս երեխաներով գրկեցինք հորս տաք դիակը, մի լավ լաց եղանք ու թողեցինք հիվանդանոցը:
Այսօր հենց այդ օրն է: Կներեք շատախոսությանս համար:Ծնողի մասին խոսքը, գիտեք, երբեք շատ չի լինում, ինչ էլ ասվի՝ էլի քիչ է:Չէի կարող չգրել, ձեր նման հարազատների հետ չկիսվեի, ո՞ւմ հետ կիսվեի...

Սպարտակ Ասոյան

Այս նյութը դիտել են - 33750 անգամ