Այս գիշեր խանութ են պայթեցրել. սեփականատերը կասկածում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին...
2016-01-19 13:19:00

Այս գիշեր, ժամը 7-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. անհայտ անձը պայթեցրել է խանութի ապակին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան մեր հարցին ասացին, որ ժամը 07:18-ին Մալաթիայի ոստիկանության բաժին հաղրոդում է ստացվել, որ Անդրանիկի փողոց 144/6 հասցեում գտնվող հագուստի խանութը պայթեցրել են: Ոստիկանությունից փոխանցեցին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 07:07-ին անհայտ անձը անհայտ ինքնաշեն սարքով պայթեցրել է նշված խանութի ապակին՝ պատճառելով գույքային վնաս: Նշնակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:

Մեր զրույցում խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 7-ին խանութի անվտանգության ազդանշանների միանալուց հետո են եկել խանութ ու պարզել, որ խանութի ապակին կոտրված է, ներսում էլ պայթուցիկ սարք կա: Վերջինս տեղեկացրեց, որ սա առաջին դեպքը չէ. նրա խոսքով՝երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը: «Գազի բալոնների վրա էլ երկու TT-ի փամփուշտ, պահակը նկատել է եւ կանխել է»,- ասաց սեփականատերը: Մեր հարցին, թե ո՞ւմ եք կասկածում կատարվածի մեջ, Հովեյանը նշեց, որ շատերին կարող է կասկածել:

Ճշտող հարցին ի պատասխան նա ասաց. «Ես կասկածում եմ շատերին այդ թվում ՀՀ ԱԺ պատագամվոր Սամվել Ալեքսանյանին: Ես ոստիկաններին էլ եմ ասել»,- ասաց նա: Վերջինս նաեւ նշեց, որ խանութի տեսախցիկները ֆիքսել են դեպքը. «Դիմակավորված մի անձ է, բերում է, ինչ-որ սարք է ապակու վրա դնում, ինչ-որ թել է քաշում երկու անգամ, երրորդ անգամից նոր պայթում է ապակին: Ոստիկաններն եկել են, առգրավել են տեսախցիկները, սպասում եմ իրենց պատասխանին: Եթե չբացահայտվեց, ես հանգիստ չեմ նստելու, դիմելու եմ ամենավերին ատյաններին: Այլ բան չեմ ուզում խոսել»,- եզրափակեց խանութի սեփականատերը:

Մեզ հաջողվեց ճշտել, որ խանութը պատկանում է Հովեյանի ամուսնուն՝ Արսեն Արսենյանին, որը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի: Որոշ տեղեկություններով, Արսենյանը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի հետ, իսկ թե ինչ խնդիրներ են ունեցել սեփականատերերը Ալեքսանյանի հետ, այս պահին հայտնի չէ:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԺ պատգամավորից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՀՀ ոստիկանությունից էլ ճշտեցինք, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը կանչվել է ոստիկանություն եւ բացատրություն տվել, թե՝ ոչ, ինչին ի պատասխան ասացին, որ հետաքննություն է կատարվում, բոլոր հանգամանքները պարզվում են:

Խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը

armtimes.com
Այս նյութը դիտել են - 1528 անգամ