ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները 60 միլիոն են պահանջում. դատի են տվել Իոաննիսյանին Armtimes
2017-04-10 09:31:00

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարակել է, մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։

Մեզ հաջողվեց պարզել, որ 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից նրանք նաեւ փոխհատուցում են պահանջում: Հայցվոր տնօրեններից այսօր փորձեցինք ճշտել, թե հատկապես ո՞ր տվյալներն են իրենք զրպարտություն համարում եւ որքա՞ն փոխհատուցում են պահանջում: Մասնավորապես, Երեւանի թիվ 71 դպրոցի տնօրեն, հայցվոր Գայանե Դեմիրյանը մեր հարցը դեռ չավարտած ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին. «Ուղղակի չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ»,- եզրափակեց նա:

Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը նույնպես խոսել չցանկացավ: «Հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- ասաց տնօրենը եւ անջատեց խոսափողը: Աղմկոտ ձայնագրություններից հետո տնօրենները խուսափում են հեռախոսով հարցերին պատասխանել: Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը, որը նույնպես հայց է ներկայացրել, խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել իր փաստաբանին: Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը պատասխանեց հայցի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Հարությունյան, ձեր վստահորդը ո՞ր տվյալներն է զրպարտություն համարում եւ պահանջում հրապարակայնորեն հերքել դրանք:

- Զրպարտությունը վերաբերում է նրան, որ SUT.am-ի հրապարակման մեջ նշվում է՝ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է չարաշահել եւ որպես վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց, նշված է դպրոցի տնօրենների եւ մանկապարտեզի տնօրենների կողմից ինչպես անձամբ, այնպես նաեւ ուսուցիչների կամ դայակների միջոցով ռեսուրսի կիրառման մասին: ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ի թիվս այլոց, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից ակներեւ է, որ գործում է ընդհանուր կանոն, այն է` ընտրողներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:

Ընդհանուր կանոնից օրենսդիրը սահմանել է նաեւ բացառություն, ինչը հանգում է նրան, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել: Տվյալ դեպքում, վարչական ռեսուրս կիրառելու մասին բարձրաձայնող կողմն ինքն է պարտավոր ապացուցել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների`օրենքով ամրագրված իր իրավունքի իրականացման ոչ իրավաչափ լինելը (լիազորություններն իրականացնելիս քարոզարշավով եւ քարոզչական նյութ տարածելով զբաղվելը): Ընդ որում, նշեմ, որ մեզ դիմած տնօրենների մեծամասնությունը ՀՀԿ անդամ են:

- Այսինքն՝ ձեր վստահորդը պնդում է, որ ՀՀԿ-ի օգտին քարոզչությունը աշխատանքային պարտականությունները կատարելիս չի՞ արել:

- Այո, միանշանակ: Քարոզչությամբ զբաղվել են բացառապես աշխատանքային ժամից հետո եւ ոչ իրենց լիազորություններն իրականացնելիս: Քարոզչությամբ զբաղվելու մասին բարձրաձայնելն ինքնին զրպարտություն չէր կարող համարվել, եթե այն չուղեկցվեր «վարչական ռեսուրս չարաշահել» կամ նմանատիպ այլ արտահայտություններով: Նմանատիպ ընդգծումները ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ունենալով քարոզչությամբ զբաղվելու արգելք, մանկավարժներն, այնուամենայնիվ, իրենց մանկավարժական պրոցեսը անտեսած, զբաղվել են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով, ինչն իրականությանը չի համապատասխանում:

- Որքա՞ն փոխհատուցում եք պահանջում:

- Երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում ենք պահանջում, հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր է տեղեկացել իր եւ ՀԿ-ի դեմ ներկայացված հայցերի մասին:

- Դանիել, տեղյա՞կ եք, որ 30 տնօրեն հայց է ներկայացրել ձեր դեմ:

- Արդեն տեղյակ ենք, բայց դեռ հայցադիմումը չենք ստացել եւ մանրամասներին տեղյակ չեմ: Գիտեմ, որ պատասխանող եմ ճանաչվել թե՛ ես եւ թե՛ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ն: Ես չգիտեմ՝ իրենք ինչն են համարել որպես զրպարտություն, որովհետեւ հայտնի հրապարակման մեջ մենք որեւէ սուտ տեղեկություններ չենք հայտնել, մենք միայն հայտնել ենք այն, ինչ իրենք են մեզ ասել: Զրպարտող տեղեկության պարտադիր բաղադրիչներից մեկն այն է, որ տեղեկությունը պետք է սուտ լինի եւ պետք է բարի համբավը արատավորի, մենք սուտ չենք հրապարակել:

- Հայցվորի ներկայացուցիչն ասում է, որ զրպարտություն են համարում հրապարակված այն հատվածը, համաձայն որի՝ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է չարաշահում:

- Այդ դեպքում թող ՀՀԿ-ն դատի տա, եթե համարում է, որ դա զրպարտություն է:

- Տեղյա՞կ եք փոխհատուցման մասին:

- Այո, փաստորեն մեզնից 60 միլիոն պահանջում են (30 տնօրեններն են որպես փոխհատուցում 2 միլիոն դրամ պահանջում,-հեղ.) ես չեմ կարծում, որ մենք որեւէ մեկին որեւէ բան կվճարենք, որովհետեւ մենք ոչ մեկին չենք զրպարտել: Ի՞նչը հերքենք, հերքենք այն, ինչ իրենք են ասել, ասենք նման բան չե՞ն ասել, ասել են, հո զոռով չի:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 73073 անգամ