Հովիկ Աբրահամյան. Բայց ես որտե՞ղ եմ պարտվել. ամեն ինչ դեռ առջևում է. NewsBook
2017-04-07 12:43:00

Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն:

- Օտարվելու որևէ խնդիր չկա, ես ուղղակի զբաղվեցի իմ որդու ընտրություններով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատի մարզի բնակչությանը, որ իրենց քվեն տվեցին իմ որդուն: Ես հասկացա, որ իմ որդին վաստակել է այդ հարգանքը: Ես կարծում եմ, որ դա տարիների արված գործի պատասխանն էր: Ես շնորհակալ և շատ ուրախ եմ, որ Արարատի մարզի բնակչությունը գնահատեց մեր ընտանիքի արված աշխատանքը:

- Երկար տարիներ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից եք եղել և մի օրում որոշելն ու հեռանալը բազմաթիվ հարցեր առաջացրեցին:

- Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել:

- Ձեր ապագան քաղաքական դաշտում ինչպե՞ս եք պատկերացնում:

- Ամեն ինչ դեռ առջևում է:

- Սպասե՞նք Ձեզ:

- Այո:

- Շատերը Ձեզ պարտված են համարում:

- Բայց ես որտե՞ղ եմ պարտվել:

- Ձեզ վարչապետի պաշտոնից հեռացնելը որակվեց որպես պարտություն:

- Դա իմ որոշումն է եղել, ինձ ոչ մեկ չի հեռացրել: Դա իմ որոշումն է եղել և իմ որոշման համար ես չեմ զղջում: Կարծում եմ, որ ճիշտ արեցի:

- Ձեր գնահատականը նրան, ինչ տեղ է ունենում այսօր երկրում:

- Բայց ի՞նչ է տեղի ունենում:

- Ասում են՝ փոփոխություններ, պարոն Աբրահամյան:

- Ես ուղղակի ուրախ կլինեմ, որ դրական փոփոխություններ լինեն ու կնպաստեմ դրան:

- Իսկ գործող թիմը կարո՞ղ է ապահովել այդ դրական փոփոխությունները:

- Ես կարծում եմ՝ այո: Ժամանակը ցույց կտա:

Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի

 Newsbook.am

Այս նյութը դիտել են - 63979 անգամ