Ազատության հրապարակում հավաքվելու ու այնտեղից ոչ մի տեղ չգնալու «Նոր Հայաստան» շարժման պլանի իմաստը ո՞րն է
2015-12-01 23:59:00

Կներեք իհարկե, բայց ես այդպես էլ չհասկացա, թե Ազատության հրապարակում հավաքվել ու այնտեղից ոչ մի տեղ չգնալու «Նոր Հայաստան» շարժման պլանի իմաստը որն է, եթե դուք ըստ էության չենք հնչեցնում որևէ ծրագրային դրույթ ու մեծ հաշվով, չեք ասում այլ բան, բացի «Մենք դեմ ենք ու վերջ»։

Նման կեցվածք կարող է թույլ տալ իրեն ֆեյսբուքյան օգտատերը, հանրահավաքի շարքային մասնակիցը, բայց ոչ կազմակերպիչ քաղաքական ուժերի համար։ Ես էլ եմ դեմ սահմանադրական բարեփոխումներին, բայց պարզապես դեմ լինելը գրոշի արժեք չունի, եթե դուք որևէ այլընտրանք չեք առաջարկում։

Ասեմ ավելին, «Նոր Հայաստանի» այս նախաձեռնության մեջ ես հերթական սադրանք եմ զգում ու տպավորություն է, որ մեծ հաշվով, նրաննց խնդիրը ոչ թե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելն է, այլ սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալը որպես պատճառ ու պատրվակ օգտագործելով՝ մարդկանց փողոց հանելն ու շահարկելն է։ Այլ կերպ ասած, կրկնվում է Բաղրամյանի ցույցերի սցենարը, երբ նույն այս կոնտինգենտը ուզուրպացրեց տրիբունը և հաշված օրերի ընթացքում, Բաղրամյանում մարդկանց թիվն իջավ հազարներից՝ մի քանի տասնյակի։ Հիմա հավանաբար ուզում են դուբլ 2 անել ու ինչ որ նոր մեթոդներ կիրառել, որպեսզի մարդկանց հնարավորինս երկար պահեն փողոցում ու եթե դա այդպես է, ապա դա անկասկած ստորություն է։

Այս նյութը դիտել են - 1728 անգամ