Հայ հեծանվորդները Օլիմպիադա-2020-ի համար դրամահավաք են սկսել
2017-02-10 09:47:00

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան 2020 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար դրամահավաք է սկսել:
Այս մասին Mediamax Sport-ին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Մտահաղացման հեղինակը նախկին հեծանվորդ, երիտասարդների Աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանինն է:
Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում ու, ինչպես Գյոզալյանն է նշում, ինքն էլ մշտապես դրամական օգություն ու մարզահագուստ է տրամադրում հայ հեծանվորդներին: «Մեսրոպը մեզ առաջարկեց այս ծրագրի միջոցով գումար հայթայթել խաղերին նախապատրաստվելու համար:
Մենք երկար մտածեցինք, ամեն ինչ ծանրութեթեւ արեցինք ու որոշեցինք այն իրականացնել:
Պետական աջակցությունը ֆեդերացիային տարեկան մոտ 13 մլն դրամ է կազմում, ինչը բավական չէ մեր նպատակներն իրականացնելու համար: Ինչպես նաեւ ֆեդերացիայի նախագահն է գումարներ տրամադրում»,- ընդգծել է մարզիչը:
Գյոզալյանի խոսքով, մինչեւ 2020 թվականն իրենց հագեցած ծրագիր է սպասվում: Ամռանը երիտասարդ հեծանվորդները պետք է մասնակցեն Մ-23 տարեկանների հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությանը, հոկտեմբերին էլ մեծահասակների ԵԱ-ն է: Նախատեսում են հանդես գալ նաեւ Աշխարհի գավաթի փուլերին, որոնք կայանալու են Հոլանդիայում եւ Անգլիայում: «Վարկանշային միավորները սկսելու են խաղարկվել 2018 թվականից:
Սակայն այս տարվա մրցումներին մասնակցելուց հետո կկարողանանք հանդես գալ վարկանշային ԱԱ-ում: Մենք 50 հազար դոլար գումար ենք նշել, իրականում դա էլ բավական չէ 3 տարվա ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հեծանվասպորտը թանկ մարզաձեւ է, գույքն է բավականին թանկ ու անընդհատ պահանջներն են փոխվում՝ հեծանիվների քաշը, որակը»,- ավելացրել է նա: Ֆեդերացիան նպատակ ունի Օլիմպիադա-2020-ի համար պատրաստել Էդգար Ստեփանյանին ու Մհեր Մկրտչյանին, որը հիմա Ֆրանսիայում է ու ակումբի կազմում է հանդես գալիս: Ստեփանյանն էլ ծառայում է բանակի կենտրոնական մարզական ակումբում:

 Հայ հեծանվորդներին դրամական օգնություն կարելի է ցուցաբերել հետեւյալ հասցեով՝ https://www.indiegogo.com/projects/funds-for-armenian-national-cycling-team sports#/

sport.mediamax.am

Այս նյութը դիտել են - 139164 անգամ