Շատ բան կա դեռ անելու, փորձենք միմյանց հուսախաբ չանել. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյան
2017-02-02 11:13:00

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի առաջիկա ընտրությունների մասին Aysor.am-ը զրուցել է Պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հետ:

- Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններում:

- Ընդհանրապես կարևորում եմ մեր համայնքի դերը, նշանակությունը և պատասխանատվության աստիճանը մեր պետության և քաղաքացիական հասարակության համահունչ զարգացման գործում: Կարծում եմ, որ կարող եմ օգտակար լինել փաստաբանական համայնքին` փորձելով ծառայեցնել իմ համեստ գիտելիքներն առաջ քաշվող մարտահրավերներին համաչափ և արդյունավետ լուծում գտնելու հարցում: Բացի այդ, լինելով գործող խորհրդի անդամ, հստակ հասկանում եմ, որ ինչպես և ցանկացած այլ կառույցում, մեզ մոտ ևս կարող են լինել դժգոհ գործընկերներ, դժգոհ լինելով նաև խորհրդի որոշումների` իրենց կարծիքով իրենց մասով անհամաչափ լինելուց (պատասխանատվության ենթարկվելու դեպքում): Սա կարծում եմ նորմալ ընթացակարգային մոտեցում է, միշտ էլ դժգոհողներ լինում են: Ամեն դեպքում, թե՛ որպես խորհրդի անդամ, թե սեփական օրինակով փորձում եմ բարձրացնել փաստաբանի հեղինակությունը և դերը հասարակության մեջ:

- Ինչպե՞ս եք գնահատում գործող խորհրդի աշխատանքների արդյունավետությունը:

- 2015 թվականից խորհրդի կազմում եմ։ Խորհուրդն ամբողջությամբ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները՝ մեծ ծանրաբեռնվածությամբ և համարժեք պատասխանատվությամբ: Բնականաբար ամեն ինչ իդեալական չէ: Շատ բան կա դեռ անելու և այս փաստը ընդունում ենք բոլորս` առանց որևէ բացառության:

- Արդյոք ճի՞շտ եք համարում նման ֆորմատով՝ 12 թեկնածուով համատեղ ընտրարշավ անցկացնելը, այդ հանգամանքը չի՞ ազդի Ձեր և մյուս թիմակիցների անկախության վրա:

- Վստահ եմ, որ համատեղ քարոզչությունը չի ազդի մեր անկախության վրա։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ նախքան միավորվելը, մենք միմյանց հետ «կնքել» ենք, այսպես կոչված պայմանագիր` տարածելով համատեղ հայտարարություն այն մասին, որ մեզնից յուրաքանչյուրը լինելու է անկախ և ինքնուրույն: Իմ որոշ գործընկերների կողմից շրջանառվող տեսակետը, որ ցանկացած հարցով միակարծիք ենք լինելու, չի տեղավորվում մեր ընդհանուր տեսլականի տիրույթում: Մենք այդ սկզբունքները պայմանագրի տեսքով ամրագրելուց հետո ենք որոշել միայն, որ պետք է քարոզչությունն իրականացնենք համատեղ:
Ծանոթ եք երևի, որ մեզ քննադատեցին համատեղ քարոզչության համար, սակայն ևս մեկ թիմ սկսեց համատեղ քարոզչությամբ հանդես գալ: Ես, օրինակ, իրենց քայլը ողջունում եմ: Ես դա նորմալ եմ համարում:

Իմ կարծիքով` ինքնուրույնություն չունեցող փաստաբանները ոչ միայն տեղ չունեն խորհրդի կազմում, այլև առհասարակ փաստաբանության շարքերում: Պետք է հասնել նրան, որ փաստաբան եզրույթը ասոցացվի անկախության և վստահության հետ: Այս մասով, բոլորով միասին բավականին մեծ անելիքներ ունենք:

- Որոշ թեկնածուներ, քննադատելով գործող խորհրդի կարգապահական գործերով իրականացվող «պատժիչ» քաղաքականությունը, խոստանում են ընտրվելու դեպքում մեղմ վերաբերմունք ցուցաբերել կարգազանց փաստաբանների նկատմամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Խորհրդի կողմից պատժելու քաղաքականություն չի որդեգրվել երբեք: Դա ընդամենը գործընթաց է, որով նախ փորձվում է բարձր պահել փաստաբանության հեղինակությունը, խախտում լինելու դեպքում բարձրացնելով պատասխանատվության հարցը: Ոչ մեկս ապահովագրված չենք վարքագծի կանոններ խախտելուց, բայց խախտելու դեպքում պետք է պատրաստ լինենք նաև պատասխանատվության ենթարկվել: Այս մասով կուզենամ ներկայացնել որոշակի վիճակագրական տվյալներ.

2015 թվականի հունվարից դեկտեմբեր փաստաբանների դեմ մուտքագրված ընդհանուր բողոքների թիվը կազմել է 216: Դրա հիման վրա հարուցված կարգապահական վարույթների թիվը կազմել է 39: Այսինքն` ընդամենը 18 տոկոս: Բողոքի (սանկցիայի) հիմքով հարուցված վարույթներով խորհուրդըև քննվել է 55 գործ (նաև նախորդ տարվանից փոխանցված գործերը), որոնցով խախտում արձանագրվել և տույժ է նշանակվել ընդամենը 27 գործով (49 տոկոս), մնացած 28 գործով՝ վարույթը կարճվել է (51 տոկոս):

Իմ հաշվարկներով (դեռ պալատը չի հրապարակել վիճակագրական տվյալները) 2016 թվականին բողոքների հիմքով քննվել է 42 գործ, որնոնցով տույժի որոշում կայացվել է 19 գործով (45 տոկոս), 23 գործով (55 տոկոս) կայացվել է կարճման որոշում:

- Ի՞նչ կասեք մրցակից գործընկերների այն կարծիքին, որ պետք է անդամավճարների չափը իջեցնել:

- Կարծում եմ այն պահին դրա մասին խոսելը արդյունավետ չէ, քանի որ բոլորիս է հայտնի քրեական գործը` 97 մլն դրամի մասով (որի հետևանքներն առ այսօր զգում ենք), որին չեմ ուզում այս պահին անդրադառնալ: Ես ինքս կսպասեմ այդ գործի ավարտին, և եթե դրա հանգուցալուծումից հետո, պալատի ֆինանսական վիճակը թույլ կտա մտածել դրա շուրջ, բոլորով համատեղ կբարձրացնենք այդ հարցը: 

- Ի՞նչ եք հորդորում կամ մաղթում ձեր մրցակիցներին:

Հորդորում եմ քարոզչությունն իրականացնել քաղաքակիրթ ձևով:
Փաստաբանական համայնքում գործ ունենք բարձր ինտելեկտի տեր մարդկանց հետ և նրանցից ստացած ցանկացած ձայնը պարտավորեցնող է: Փորձենք միմյանց հուսախաբ չանել:

 Aysor.am
Այս նյութը դիտել են - 7152 անգամ