Շաբոյանը ճիշտ մեկ ամիս առաջ միանգամայն այլ բան էր ասում՝ պնդելով, այսօր՝ այլ ...
2016-01-14 20:12:00

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հաղթական զեկույցով հանդես եկավ՝ ավետելով, որ Հայաստանում բենզինը 13 տոկոսով էժանացել է: Ըստ պետական հանձնաժողովի մոնիտորինգի՝ լիտրի դիմաց 470 դրամից գինը նվազել է մինչեւ 410, այսինքն, մոտավորապես 13 տոկոսով:


Սա որքան հաճելի էր լսել, նույնքան էլ զարմանալի էր: Բանն այն է, որ այս նույն Շաբոյանը ճիշտ մեկ ամիս առաջ միանգամայն այլ բան էր ասում՝ պնդելով, թե մեզ մոտ բենզինի բարձր գինը օրինաչափ է և պայմանավորված է զանազան գործոններով, որոնք իր հետ բնավ կապ չունեն: Նա այն ժամանակ ասում էր, որ կարիք չկա անընդհատ հիշեցնել այն մասին, որ աշխարհում գների աղետալի անկում է արձանագրվում, բայց Հայաստանում ոչինչ չի փոխվում: «Ինչ վերաբերում է միջազգային շուկայի փոփոխություններին, ապա գների փոփոխությունները տարբեր երկրներում տարբեր չափով են ազդում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում և այլն»,- համոզում էր Շաբոյանը և այս ամեն ինչով պայմանավորում մեր անմխիթար վիճակը:


Իսկ հիմա հանկարծ հրաշք կատարվեց. գինն ընկավ: Տեսնես այդ ի՞նչ միջազգային ու տեղական գործոններ հիմնավորապես ազդեցին գնի ու Շաբոյանի վրա: Գուցե պատճառը կառավարության վերջին նի՞ստն էր, որտեղ վարչապետը հարցրեց, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ այլյուրն էժանացել է, իսկ հացը թանկ է: Ու գուցե այդ տագնապեցնող հարցի պատճառո՞վ է, որ Շաբոյանն արագ հետևություններ է արել:

 
Shame.am
Այս նյութը դիտել են - 1438 անգամ