Հանրային հեռուստաընկերությունում հիմնականում խոսում են ռուսերեն կամ էլ` ,,քուչի լեզվով,,...
2016-01-10 15:40:00
Հանրային հեռուստաընկերությունը ՀՀ ժողովրդական արտիստի մասին հաղորդում է ցուցադրում եւ այդ հաղորդման ընթացքում հիմնականում խոսում են ռուսերեն կամ էլ` ,,քուչի լեզվով,,: 
Թվում էր, թե ռուսական ալիք ես դիտում ու հաղորդումն էլ նվիրված է ռուս դերասանի:
Լավ, հասկացանք, Հանրայինի գործն է, շա~տ է ցանկացել այդ մարդուն նվիրված հեռուստատեսային ,,բենեֆիս,, կազմակերպել: Այն էլ մեկին է ընտրել, որը առավոտից երեկո մեր աչքի առաջ է, բոլոր ալիքներում նրա դեմքն ենք տեսնում, ռադիոյով` ձայնը լսում, բեմերում ու հարսանիքներում էլ հանդիսավարություն ու թամադայություն է անում /այսինքն` այլեւս այդ անձն իր մեջ գաղտնիք չի պարունակում, չեմ խոսում արդեն նրա եւ թիմակիցների ակտիվ գործունեության ,,շնորհիվ,, արժեհամակարգը ոչնչացնելու մասին/:
Լավ, հասկացանք` Հանրայինի գործն է, բայց ինչու էին Հրանտ Թոխատյանին գովաբանողները խոսում ռուսերեն լեզվով կամ էլ նախադասության կեսը` փողոցի հայերենով, կեսը` ռուսերենով:

Ինքը` ժողարտիստն էլ` նույն կերպ էր արտահայտվում եւ, ի դեպ, ոչ մի նոր ու հետաքրքիր բան չասելով:
Ոչ էլ ախպերությունը` Շարմ-ականներն իրենց գովեստներում առանձնապես նորություն ասացին /,,Ինքը երեւանցի ա, Երեւանը իրան սիրում ա,, ու նման բաներ/:
Դե, Ջաղինյանն էլ իր ,,փայլուն,, հայերենով շողշողաց. մի երկու բառով պատմեց, թե ինչպես է Հրանտին տեսել ,,թաԴրոնում,,:
Իսկ Վահրամ Սահակյանի գովեստի խոսքը ապշեցուցիչ էր. ,,Շատ կարեւոր հատկանիշ է` լինել մտավորական, լինել քաղաքացի եւ դա ցույց չտալ,,: 
Փաստորեն, Հրանտի արժանիքներից մեկն էլ այն է, որ գաղտնի է պահում իր` ,,մտավորական,, կամ ,,քաղաքացի,, լինելը:
Շատ զավեշտալի է:
Թեպետ, մյուս կողմից էլ ,,նորմալ,, վարքագիծ է: Եթե այդ ամենը ցույց տար, ապա Երեւանի ավագանու անդամ չէր դառնա եւ ոչ էլ ժողովրդական արտիստի կոչում կստանար:
 
 
 
Այս նյութը դիտել են - 1501 անգամ