Ես ատում եմ այդ խոսքը, երբ ասում են, թե պատերազմ հաստատ կլինի
2016-11-16 09:06:00
12-րդ հումանիտար դասարանում Համո Սահյանի քնարերգության մասին գրվելիք նրա շարադրության վերնագիրը փոխվեց, այն դարձավ աղաղակ, չարի դեմ ուղղված մի բարձրակոչ ուղերձ, որով կարծես ցանկանում էր կանգնեցնել մի աղետ, որ օրնիբուն իր մագիլները խրած մեր հոգում` մեզ քուն ու դադար չէր տալիս` մեր կողքին ամեն անգամ զգացնել տալով իր իսկ գարշելի ներկայությունը: 
«Ես ատում եմ պատերազմը: Ես ատում եմ այդ խոսքը, երբ շուրջբոլորս երգի պես կրկնում են. «Պատերազմ հաստատ կլինի»: Ես ատում եմ այն անհանգիստ վախը, որից ծնվում են ամենաահավոր պատկերացումները:
Այս ի՞նչ կյանք է…Ապրիլյան դեպքերից հետո ութ ամիս արդեն անցել է, բայց ժողովուրդս կաթվածահար եղած, ծառի տերևի պես դողում է ամեն քամուց ու ամպրոպից: Հանկարծակի լսելի դարձած կրակոցների արձագանքները երբեմն խախտում են շրջապատի լռությունը: Պատահում է, որ չեմ կարողանում գիշերը հանգիստ քնել, վախը ներխուժում է ներսս, կարծես քնի մեջ էլ մղձավանջի տեսքով մի նոր ապրիլի երկուս եմ տեսնում: Վեր եմ թռչում տեղիցս, արդեն առավոտ է, շուրջս` խաղաղ…Հանգիստ շունչ եմ քաշում` մտածելով, թե ինչքան լավ է, որ երազ էր: Երբեմն մտածումներով հեռուն եմ գնում, ինձ խեղդում են այդ պահին սառած արցունքներս, և մի պահ մոռանում եմ խոսելու ունակությունս:
Խնդրում եմ, կա՛նգ առ, պատերա՛զմ, անզոր է ազգս նորից տեսնելու արյունով լվացված դեմքդ, որ թերթում է անցյալի ցավոտ էջերը: Էլ չեմ ուզում լսել նշանաբան դարձած այն միտքը, որ ասում են` դժվարությունը միայն նրանց համար է, ովքեր կարողանում են հաղթահարել: Երբ զգում եմ հոգիս կեղեքող այն տանջալից ցավը, երբ տեսնում եմ բացված ու չսպիացած վերքերս, երբ մտածում եմ, որ պատերազմը մինչև մեր կյանքի վերջը դրոշմված է մեզ վրա, չեմ ուզում հավատալ, որ այդ դժվարությունը հաղթահարելի է»:
Սեղանին դրված բազմաթիվ տետրերի կողքին ես փնտրում եմ այն երկու թուղթը, որ իր հոգուն հարազատ տողերով դրանից մի քանի օր առաջ ինձ էր հանձնել իմ աշակերտուհի Անգելինա Անդրյանը: Այդ օրը նա ասաց ինձ, որ իր սրտի անհանգիստ տվայտանքները թղթին է հանձնել և թողել աշնան թախծալից մեղեդիների մեջ: Եվ շուտով հնչեց այն տխուր «Աշնան սերենադը», որ բազմաթիվ անգամ լսել էինք, բայց այս անգամ նա իր շուրթերով մի նոր կյանք էր պատմում, որ տխուր էր ու թախծոտ` սրտահույզ մեղեդայությամբ էլ օծված:
Եվ նորից մտածումներիս մեջ արձագանք են տալիս այն թղթին հանձնած տողերը, որ տխուր են ու շատ թախծալից. «Իմ աշունը լռությամբ է շաղախված, ունի տխրության համ: Սառած քամին գրկել է հոգիս, սփոփում է ինձ… Անձրևին զուգընթաց` լացում են նաև հիշողություններս»:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց
Այս նյութը դիտել են - 7765 անգամ