Մի տխուր «բեմադրություն», որ ծննդյան օր է ավետում
2016-10-21 09:04:00

Դավիթ Պետրոսյան, Արցախյան ազատամարտի հերոսական ճանապարհ անցած նահատակ հայորդի...Նրա կյանքը շարունակվում է, մի կենսագրություն, որ այդ տխուր պատմության սկիզբն է դառնում ամեն անգամ այդ օրը` հոկտեմբերի 20-ին: 
Նա ծնվում է նորից, նրա մասին փառավոր մի անցած ճանապարհ է հիշվում, մի նոր կենսագրություն` իր ապրած ու չապրած օրերից: Իրական մի կյանք հյուսում է մի նոր պատմություն, որ անմահներն են միայն ունենում: Ու ամեն անգամ բռունցքվում, ուզում ենք տեր կանգնել նրա անցած ու գալիք կենսագրությանը, որ անցածը մաքառում էր և հերոսացում, ներկան դարձել է անցյալի հիշողություն, իսկ գալիքը կդառնա անմահություն, ու կասենք, որ նա մերն է, որ դարձավ բոլորինը... Այո՛, կասենք, որ նա դարձավ մերը, դարձավ իր ժողովրդի ու հողի նվիրյալը:
Ու մերը դարձած ազատամարտիկի որդուն` Գևորգ Պետրոսյանին, կանգնեցնում եմ կենտրոնում` շրջապատված համադասարանցիներով, իսկ նա ամաչում է, և ահա գլխահակ` դեմքին հայտնվում է մի թախծոտ ժպիտ: Այդ ժպիտը խոսուն է դառնում ու անհետանում, երբ նա ամաչկոտ, նույնքան էլ տխուր իր հայրիկի հետ զրույց է անում.
«Հայրի՛կ, սիրելի՛ս, կարոտել եմ քեզ,
Ժպիտդ բարի, շոյանքներդ հեզ,
Քո խորհուրդների կարիքն եմ զգում,
Ու պատասխաններ երբեք չեմ գտնում:
Այցի եմ գալիս քո գերեզմանին,
 Ցավ է իմ սրտին, Արցունքներս մեղմ հոսում են շիրմիդ,
Ուզում եմ դեմքդ օծել համբույրով,
Սակայն օծվում է դեմքս արցունքով:
Հայրի՛կ, սիրելի՛ս, սիրտս է ցավում,
Երբ նկարիդ եմ կարոտով նայում,
Կարծես արցունքս է մաքրվում քո ձեռքով,
Շոյում ես դեմքս, այտս` համբուրում»:
Տխրում է հոգիս, առկայծող մոմերը շատ կամաց, մեղմիվ նահատակ հերոսի ծննդյան օրն են ավետում, ծաղկաբույլերի բուրմունքով օծված լուսանկարից մեզ է նայում մի սուրբ հայացք, իմ սանիկների ակնածանքի խոսքերն են հնչում, որ պարուրվում են նրանց շուրթերից աղոթքի նման հնչող երգերի մեղեդայնությամբ: Բեմահարթակ եմ բարձրանում, երախտիքի խոսք եմ հնչեցնում, որ դառնում է ծննդյան օրվա միջոցառման ավարտն ազդարարող վերջաբան: Սերունդների ճակատագրի համար մտահոգ` մտովի փակում եմ վարագույրն այդ տխուր «բեմադրության», որ նահատակ ազատամարտիկի ծննդյան օրն էր ավետում և աղոթում նոր խաղաղ օրերի երազանք: Գևորգի մայրիկի` ինձ նվիրած վարդերի շիկացած այտերին լուսանկարից նայող հայորդու ժպիտն եմ տեսնում ու արտացոլանքը մարող մոմերի...
Նատաշա Պողոսյան	                                                                                                                                                        Արցախի վաստակավոր մանկավարժ,    	                                                                                                         Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	                                                                      դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի   
Այս նյութը դիտել են - 4856 անգամ