Կիրո Մանոյանը անդրադարձավ Քոչարյանի հարցազրույցին
2016-09-06 21:03:00

«Անազնիվ է, երբ մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել հիմք ընդունելով «Մադրիդյան սկզբունքները», գործող իշխանություններին պատասխանատու են համարում ներկայիս իրավիճակի համար»,- այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա հիշեցրել է, որ «Մադրիդյան սկզբունքները» ներկայացվել են 2007-ի նոյեմբերին. «Այսինքն՝ նախքան 2008-ի նախագահական ընտրությունները, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, իսկ Վարդան Օսկանյանը՝ ԱԳ նախարար: Հիմա, հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք բանակցություններ էին վարում այդ փաստաթղթի հիման վրա, հայտարարում են, որ ներկա իշխանությունները պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Կարծում եմ՝ դա անազնիվ է»,- ընդգծել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հայտարարել էր. «Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով»:

newsline.am

Այս նյութը դիտել են - 9855 անգամ