Ես ընդհանրապես չգիտեմ, թե ովքեր են այդ դրամահավաքներն անում ու ինչպես. Հայկ Մարտիրոսյան
2016-08-14 01:15:00

Իշխանությունների մտայնության մեջ ոչինչ չի փոխվում, իսկ սարսափելի դժգոհների թիվը ՝ միայն մեծանում է: Հետևությունն այն է, որ եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը կդառնա նույնպիսի անուն՝ ինչպիսին, ասենք, Աղվանքն է:

Հայաստանյան վերջին իրադարձությունների ու Սասնա Ծռերի գործողությունների վերաբերյալ USArmenianews.com-ի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` դիմակայությունն ավելի կտրուկ և արյունալի ավարտ կունենար և քանի որ ժողովրդի ճնշումը մեծացավ` նման սցենարը դարձավ իշխանության համար խիստ վտանգավոր: «Եվ ընտրվեց ավելի խորամանկ ու հյուծիչ քաղաքականություն: Նաև գործի դրվեցին ֆիզիկական-հոգեբանական հնարքներ` մարմնական վիրավորումներ, խաբեություններ և այլն: Մյուս կողմից՝ զինյալներն ընտրեցին արյուն չհեղելու ուղին, որը ճիշտ մղում էր»,- ասել է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է օրերս թափ առած դրամահավքներին` ի՞նչ միտում ունեն դրանք և արդյո՞ք գումարները հավասարաչափ են բաշխվում Սասնա Ծռերի անդամների ընտանիքներին, երբ կոնկրետ անուններ են շեշտվում, մինչդեռ խմբավորման բոլոր անդամներն էլ օգնության կարիք ունեն, քաղաքագետը պատասխանել է: «Եթե մի գործընթացից պետությունը բացակայում է, իսկ կայացած կառույցներ չկան՝ ամեն մարդ կամ խումբ անում է այնպես, ինչպես կարող է: Չեմ կարծում, թե հատուկ մտայնություն կա պառակտում մտցնելու: Պարզապես ոմանց անունն ավելի հայտնի է, կամ ոմանց ծայրահեղ կենցաղային պայմանների հանգամանքն ավելի լավ է լուսաբանվել, հետևաբար թերևս այդ մարդկանց անուններով են նախ հավաքվում:

Ես ընդհանրապես չգիտեմ, թե ովքեր են այդ դրամահավաքներն անում ու ինչպես, ապա իմ կարծիքը, թերևս այն է, որ դա տարերային, հախուռն մի շարժում է՝ Սասնա Ծռերի անդամների ընտանիքներին ինչ-որ օժանդակություն ցուցաբերելու», -եզրափակել է Մարտիրոսյանը:

Այս նյութը դիտել են - 1546 անգամ