Ոստիկանությո՛ւն, պատասխան տվեք երիտասարդի աչքը հանելու համար....
2016-08-07 18:08:00
Սարի թաղում, հուլիսի 29-ի ուշ երեկոյան, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղափոխվել է տուն և առաջիկա երկու շաբաթը գտնվելու է բժիշկների հսկողության տակ, միաժամանակ բուժումը շարունակելու է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»: Այս մասին այսօր USArmenianews.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սայադի հայրը` Ռոմա Հարությունյանը:
«Բուժման ամբողջ ծախսերն հոգացել է հիվանդանոցը, ինչի համար շնորհակալ եմ, այժմ էլ «Մալայան» կենտրոնում ժամանակավոր իմպլանտ են տեղադրելու, որպեսզի աչքի խոռոչը չփակվի, իսկ դրանից հետո, թե որքան ժամանակ անց, չեմ կարող ասել` 2 ամիս կամ ավել, պրոթեզավորելու են», -ասել է Հարությունյանը:
Վերջինս նշել է, որ մեծ է ցանկությունը` վերականգնել որդու տեսողությունն ու լիարժեք առողջ տեսնել, ինչի համար նպատակ է դրել նրան հետագայում տեղափոխել արտերկիր:
USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 3742 անգամ