Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջներով իրեն գովազդեց, բայց չգնաց Խորենացի փողոց. Ինչո՞ւ...
2016-07-27 12:53:00

Մեր փոքրիկ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, սակայն մեր քաղաքական դաշտը, պատգամավորները սովորության համաձայն «արձակուրդում են», այս անգամ նաև բառիս ուղիղ իմաստով:

Թերևս, զարմանալի էր, որ օրեր առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հայտարարեց, որ սատարում է բողոքող քաղաքացիներին և ցանկացած ձևաչափով պատրաստ է նպաստել խաղաղ հանգուցալուծմանը և ժողովրդի պահանջների բավարարմանը:

Hraparak.am-ը փորձեց կապ հաստատել կուսակցության հիմնադիր, ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ, պարզելու, թե հայտարարությունից հետո ինչո՞ւ էպիկենտրոնում չէ, բարեկամական կապե՞րն են սահմանափակում, թե՞ այնտեղից հեռացվելու վախը:

Ինչևէ, Տիգրան Ուրիխանյանը չպատասխանեց մեր զանգերին, նրա փոխարեն հարցերին պատասխանեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

-Որպես քաղաքական ուժ հայտարարեցիք, որ սատարում եք բողոքող քաղաքացիներին, սպասվում էր, որ Տիգրան Ուրիխանյանին կտեսնենք Խորենացի փողոցում:

-Տիգրան Ուրխանյանը որպես կուսակցության ղեկավար, ինչպես գիտեք, համակարգում և կոորդինացնում է կուսակցության վարչության և կառույցների գործունեությունը: Եվ կուսակցության մեծ թվով անդամներ Խորենացի փողոցում են այսօր Տիգրան Ուրիխանյանի հանձնարարությամբ, իսկ Տիգրան Ուրիխանյանն ինքն իր տարածած հայտարարությունում, որը նա տարածել էր դեռևս առաջին օրերին իրադարձությունների զարգացման ժամանակ, հայտարարել էր, որ Խորենացի փողոցը դա կուսակցությունների, կամ առանձին քաղաքական գործիչների «փիառ» անելու և այսպես ասած սեփական անձը գովազդելու վայր չէ: Այդ իսկ պատճառով «Ալյանս» կուսակցությունը ներկա էր բավականին մեծաքանակ կուսակցության անդամներով երեկվա ակցիային:Իսկ «Ալյանս» կուսակցությունը դա Տիգրան Ուրիխանյանն է, իսկ Տիգրան Ուրիխանյանը՝ «Ալյանս» կուսակցությունը, և կարծում եմ այդտեղ տարբերություններ դնել պետք չի և պետք է որ հարցեր չառաջանան: Եթե Տիգրան Ուրիխանյանի կարիքը լինի, իհարկե Տիգրան Ուրիխանյանը կարող է ցանկացած պահի նաև այդտեղ լինի:

-Իսկ միգուցե Տիգրան Ուրիխանյանը մտավախություն ունի, որ ժողովուրդը նրան չի՞ ընդունի, տեսանք թե ԲՀԿ պատգամավորներին ինչպես հանեցին այնտեղից:

-Դրդապատճառների մասին ես արդեն ասացի, մնացածն արդեն ենթադրություններ են:

Իհարկե մտավախություն չունի և այսօր «Ալյանս» կուսակցության և անձամբ Տիգրան Ուրիխանյանի հանդեպ վերաբերմունքը քաղաքացիների կողմից, կարծում եմ, բոլորին են հայտնի, ով հետևում է քաղաքական իրադարձություններին և նման հարցեր կարծում եմ քաղաքացիների մոտ, առավել ևս լրագրողների մոտ, պետք է որ չառաջանա:

-Հայտարարության մեջ նկատեցինք, որ խոսվել է քաղաքական ճնշման մեթոդների մասին, Տիգրան Ուրիխանյանը որպես պատգամավոր ի՞նչ գործողություններ է արել խնդրի վերաբերյալ:

-Տիգրան Ուրիխանյանն իր գործունեությամբ ընդհանրապես քաղաքական իր կարիերայի առաջին իսկ օրերից, և դրանում Դուք կարող եք համոզվել, տեսնելով իր ելույթներն Ազգային ժողովում, քվեարկությունները, քաղաքական այլ ակցիաները, միշտ սատարել է, միշտ եղել է ժողովրդի կողքին, և «Ալյանս» կուսակցությունը միշտ այնտեղ է, որտեղ ժողովուրդը, իր բոլոր գործողություններով սատարում է խաղաղ ակցիայի մասնակիցներին:

hraparak.am

Այս նյութը դիտել են - 7545 անգամ