«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ
2016-04-23 14:17:00

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ կարելի է դիտել այժմ: Եթեր կհեռարձակվի «Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը Ազգային ժողովի թիմի մասնակցությամբ:

 ԱԺ թիմի կազմն արդեն ամեն բան ասում է խաղի որակի մասին: Թիմի ավագն է Էդուարդ Շարմազանովը, գիտակներն են՝ Գուրգեն Արսենյան, Մարգարիտ Եսայան, Ալեքսանդր Արզումանյան, Սամվել Ֆարմանյան, Վրույր Փենեսյան:

Սպասվում է առավել քան հետաքրքրական խաղ, եթե, իհարկե, հարցերը լինեն տեղին ու արդիական: Օրինակ, Շարմազանովը կարող է պատասխանել, թե ի՞նչ է կատարվում այս երկրի հետ: Մարգարիտ Եսայանը կպարզաբանի, թե ուրիշ որտե՞ղ կարող էր իր նմանը խորհրդարանի պատգամավոր դառնալ: Գուրգեն Արսենյանն էլ իր հերթին թերևս բացատրություն տա, թե ե՞րբ սկիզբ առավ անարդարության այն շղթան, որն իրեն դարձրեց միլիոնատեր, իսկ միլիոնավոր մարդկանց՝ թշվառական:

Եվ քանի որ ժողովուրդն էլ է դեռ որոշ բաներ հիշում ու պահանջում է, ապա Եղեռնի 101-րդ տարելիցի նախաշեմին աշխարհից ճշմարտություն պահանջող երկրի օրենսդիրները կարող են գործընթացը սկսել իրենց մասին ճշմարտության խոստովանությամբ: Այս դեպքում խաղը ոչ միայն գրավիչ կդառնա, այլև օգտակար:

shame.am

Այս նյութը դիտել են - 1444 անգամ