ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
2016-03-24 18:44:00

«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»: 

Այս տողներն ամրագրված են 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում ընդունած որոշման մեջ, որով մարտի 21-ը նշանավորվում է որպես պոեզիայի միջազգային օր:

Նպատակ ունենալով խրախուսել ընթերցանությունը, ինչպես նաեւ եւս անգամ արժեւորել գիրքն ու գրականությունը, Էջմիածնում պոեզիայի միջազգային օրվա առթիվ ասմունքի մրցույթ անցկացվեց: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի դահլիճում Էջմիածնի գրեթե բոլոր ուսումնական հաստատություններից եւ քաղաքապետին կից ուսանողական խորհրդից ասմունքի մրցույթին մասնակցեցին ընդհանուր թվով 25 աշակերտ եւ ուսանող` կրտսեր եւ ավագ խմբերով:

Ասմունքի մրցույթի ծրագրում ընդգրկված էր 8 հեղինակ:
Ժյուրիի գնահատականների հիման վրա որոշվեցին կրտսեր եւ ավագ խմբերում առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանականերին արժանացած մասնակիցները: Ժյուրիի կազմը նախագահում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Ժյուրիի կազմում ընդգրկված մտավորական, Էջմիածնի քաղաքապետարանի ռեֆերենտ Էդիկ Միրզոյանը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Հերիքնազ Որսկանյանը խորհուրդներով դիմեցին ասմունքի մրցույթի մասնակիցներին:

Մրցույթի բոլոր մասնակիցները հավաստագրեր ստացան, իսկ լավագույնները պարգեւատրվեցին գրքերի ընտրանիով եւ պատվոգրերով:

ejmiatsin.am
Այս նյութը դիտել են - 2352 անգամ