Դաշնակցությունը փաստացի կտրել է իր ճկույթը եւ ուղարկել Սերժ Սարգսյանին...
2016-03-19 20:58:00


ՀՅԴ քվոտայով պատգամավոր ու Արաբկիրի թաղապետ նշանակված Կարեն Շահմուրադյանի ու Հովհաննես Վարդանյանի՝ Լիդեր Հովո, պարագան հայկական մամուլում քննարկվում է նաեւ այն տեսանկյունից, որ նրանք այդ պաշտոնների համար վճարել են, համալրել են կուսակցական գանձարկղը:

Նրանք հերքում են այդ հանգամանքը, սակայն հարց է առաջանում՝ արդյոք հարյուրամյա հավակնոտ կուսակցությունը չուներ երկու կադր՝ պատգամավոր ու թաղապետ նշանակելու համար:

 Բանն այն է, որ այս երկուսն էլ ՀՅԴ անդամ չեն: Կարեն Շահմուրադյանը գործարար է, ով զբաղվում է մեքենաների ներկրմամբ: Իսկ Հովհաննես Վարդանյանը նախկին ոստիկան է, ժամանակին եղել է Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի տեղակալը: Նրա հետ ժամանակին խնդիր է ունեցել, եւ որպես հավատարմության նշան՝ կտրել է իր ճկույթը եւ ուղարկել Վովա Գասպարյանին:

2012-ին, երբ կազմվում էր Ժառանգություն կուսակցության ցուցակը, նույնպես նման մի իրավիճակ էր առաջացել: Ի վերջո, խորհրդարանում այդ կուսակցության խմբակցությունում կուսակցության անդամներ գրեթե չկային: Ասում են՝ դա է եղել «անցկացնելու» գինը:

 

ՀՀԿ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո ՀՅԴ-ն հայտնվել է թերեւս ավելի վատ վիճակում: Ըստ էության, այդ համաձայնագիրն ընտրություն էր՝ քաղաքականության, սկզբունքների, ավանդույթների՝ մի կողմից, եւ այն իրավիճակի, որում հայտնվել է Դաշնակցությունը: Ընտրությունը տեղի ունեցավ երկրորդի օգտին՝ փող եւ քվոտաներ, եւ Կարեն Շահմուրադյանի ու Լիդեր Հովոյի նշանակումները խիստ խորհրդանշական են: Դաշնակցությունը փաստացի կտրել է իր ճկույթը եւ ուղարկել Սերժ Սարգսյանին:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1407 անգամ