Հարգելի՛ էջմիածնեցիներ, եկեք միասնաբար բռնենք գողի ձեռքը, միասնաբար դատապարտենք այսօրինակ դրսեւորումները
2016-03-17 01:04:00

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ.

Սաստիկ վշտացած եւ վրդովված եմ, քանի որ այս գիշեր էջմիածնի հիմնական խճուղու եւ Էջմիածնի՝ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի տարածքից գողացվել են տուաներ ու արծաթափայլ եղեւնիներ:

Քաղաքապետարանի աշխատակազմն ամեն ինչ անում է էջմիածինը բարեկարգելու, կանաչապատելու, ծաղկաստանի վերածելու համար:

Մշտապես ոռոգվող կանաչապատ տարածքների ստեղծումը մեր առաջնահերթություններից է, մենք քաղաքի շուրջը պաշտպանիչ անտառաշերտ ենք հիմնել եւ զարգացնում ենք:

Մենք կառուցում ենք ապագայի Էջմիածինը, մեր երազանքների Էջմիածինը, եւ լիահույս ենք, որ ունենք էջմիածնեցիների աջակցությունը: Կարծում եմ՝ իրավունք ունենք ակնկալելու էջմիածնեցիների սրտացավ վերաբերմունքը քաղաքի նկատմամբ:

Հարգելի՛ էջմիածնեցիներ, եկեք միասնաբար բռնենք գողի ձեռքը, միասնաբար դատապարտենք այսօրինակ դրսեւորումները:

Ես ու քաղաքապետարանի՝ իմ ղեկավարած թիմը, միեւնույն է, շարունակելու ենք գեղեցկացնել մեր քաղաքը:
Որպես ասվածի ապացույց՝ ապրիլի 2-ին մեր քաղաքում հերթական ծառատունկն ենք անցկացնում:
Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել ծառատունկին:

Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է, Էջմիածնի ներկայանալի տեսքը՝ ամենքիս պատիվն ու հպարտությունը:

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1617 անգամ