ՆԵՐԻՐ, ՄԱՅՐ ԻՄ
2016-03-04 22:19:00

 ՆԵՐԻՐ, ՄԱՅՐ ԻՄ


Ներիր ինձ մայր իմ, ներիր ինձ մի քիչ,
Որ արգանդիդ մեջ չարուկ եմ եղել,
Որ սրտիս միջից պոկվել է մի ճիչ,
Որ քո մտքերի ընթացքն է շեղել։

Որ դեռ չծնված՝ չարչարել եմ քեզ,
Քո գիշերային քունն եմ խանգարել,
Որ արևի պես եղել եմ հրկեզ,
Հոգիդ , մարմինդ իմ սիրով վառել։

Չարուկ եմ եղել դեռ քո արգանդում,
Իմ ճանապարհնեմ փորձել որոնել,
Ինձ թվացել է, որ քո դրախտում,
Ես ինձ քեզնով եմ նորից հորինել։

Բայց երբ ծնվեցի,
Երբ իմ աչքերը հառեցի վրադ,
Երբ քո անարատ կաթով սնվեցի,
Դարձա մեղրի պես հյութեղ ու առատ։

Հետո մեծացա,
Ունեցա կրծքիս երկու աղավնի,
Սիրո վարդաբույր կածանով անցա,
Դարձա հրաբորբ, դարձա անվանի։

Հետո իմ հոգին աստղերին տարա,
Թախիծների լուռ շողով օծվեցի,
Երգերիս հուրը նրանցից առա,
Մի խելառ պահով բոցավառվեցի։

Մայր իմ , ներիր ինձ, որ այսպես եղա,
Որ սիրո համար ճամփաս շեղեցի․․․
Մայր իմ, օ՜, մայր իմ, քեզ հազար մեղա,
Որ միշտ երգերով ինձ հեղեղեցի։


Անահիտ Երեմյան
Այս նյութը դիտել են - 2939 անգամ