Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա2026-06-09 00:24:00
Hraparak. ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլեւ ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։

Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։
Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր եւ բիզնես շահերից, ինչպես նաեւ՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից` յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։
2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թեւեր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):
Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը եւ 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։
«Միասնության թեւեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս եւ, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։
ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն եւ համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։
Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաեւ խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն` շատ ավելի մեծ գումարներ։
Այս նյութը դիտել են - 107 անգամ