ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
2026-06-06 20:24:00
Երրորդ ռաունդը նույնպես ավարտվեց։
Եթե առաջին «Բանավեճի» ժամանակ սպասում էի ծրագրերի, երկրորդի ժամանակ՝ հրաշքի, ապա երրորդի դեպքում արդեն պարզապես դիտում էի, թե զզվանքի որ նոր ռեկորդն է գրանցվելու։
Եվ, պետք է խոստովանել, մասնակիցները չհիասթափեցրին։
Հայաստանում զզվելը վաղուց դարձել է ազգային մարզաձև։
Առավոտյան զզվում ես ընդդիմությունից։
Կեսօրին՝ իշխանությունից։
Երեկոյան՝ երկուսից միասին։
Հետո բացում ես սոցիալական ցանցերը, ու սկսվում է լրացուցիչ փուլը։
Բանավեճի փոխարեն՝ վիրավորանք։
Ծրագրերի փոխարեն՝ հին հաշիվների մարում։
Ապագայի փոխարեն՝ անցյալի անվերջ վերաթողարկում։
Երեք ռաունդ շարունակ փորձում էի հասկանալ, թե ով ինչ է պատրաստվում անել երկրի, «քաղաքացու» համար։
Փոխարենը ինձ՝ (մեզ) մանրամասն բացատրեցին, թե ով ում չի սիրում, ով ում է մեղադրում և ով ում հետ երբեք չի նստի նույն սեղանի շուրջ։
Արդյունքում միակ բանը, որ իսկապես միավորեց բոլոր կողմերին, զզվանքի ընդհանուր մթնոլորտն էր։
Այնքան, որ արդեն սկսում ես մտածել՝ գուցե սա էլ է նախընտրական ծրագիր։
Պարզապես ոչ ոք չէր գրել։
Հ.Գ.
Եթե լինի չորրորդ ռաունդ, երևի արդեն ոչ թե «Բանավեճ Հանրայինում» կկոչվի, այլ՝ «Զզվանքի հայկական մարաթոն»։
Արիս Քարամյան,
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 152 անգամ