Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
2026-03-31 22:56:00
Երկար «լռությունից» հետո երեկ մայրաքաղաքում մասնակցում էի կանանց միամսյակին նվիրված միջոցառման` ՀԱՅ ԿԻՆԸ ՈԳՈՒ ԵՎ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ նշանաբանով։ Նախաձեռնությունը` Նանար Պողոսյանի, տարբեր մասնագիտություններով 50 տարեկանից բարձր 50 կանանց համար, ովքեր Արցախում արժանվույն հետք են թողել իրենց գործունեությամբ։ 
Օրեր առաջ գեղեցիկ արցախուհու հետ հեռվից ծանոթանալն իսկ հաճելի զգացողության առիթ էր, իսկ երբ նույն հող ու ջրից ենք, կորուստներով անցած ու նորից վերածնվելու հույսին ապավինած, Նանարի կազմակերպած այս հանդիպումը ճիշտ ժամանակին էր, նաև` սպասված։
Մի քանի ժամեր համուհոտ ստացան, նորից մեզ տարան Արցախ, կարոտը թևեր առավ, մտքերով մտանք հայրենի օջախներ, սրբեցինք մեր արցունքները, սեղմվեցինք մեր տան որմերին, համբուրեցինք պատերը` ապավինելով Աստծուն, որ հայրենին այլևս չենք կորցնի...
Երախտապարտ եղանք բոլոր նրանց, ովքեր ընտրության նախաձեռնություն էին իրենց վրա վերցրել և հնարավորություն ստեղծել մեզ համար` մասնակցելու այս միջոցառմանը։ Առավել դժվարն այն 948 «անուններից» ընտրությունն էր, որ կատարվել էր...
Առաջին հայացքից տպավորությունս բարձր էր, երբ մտա «Յանս»ռեստորանային համալիր։ Ամեն ինչ բարձր ճաշակով էր` արտաքին գեղեցկությամբ, բարեհամբույր ընդունելությամբ, արցախցիների հանդիպումներով, որ մի քանի ժամ մեզ կտրել էր իրականությունից ու հանձնել կարոտալից գրկախառնություններին, մտերմիկ զրույցներին...
Ամեն ինչ արցախոտ էր, երբ բարձր մշակույթն արվեստի գործիչներով մի յուրահատուկ միջավայր էր ստեղծել հաղորդավարներ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի հյութեղ խոսքով, ապա նրանց միացած Նազենի Հովհաննիսյանի հուզառատ ելույթով, երգիչ-երգչուհիներ Վարդան Բադալյանի, Շուշան Պետրոսյանի, Գայա Արզումանյանի` Արցախին, հայրենի հողին, մեր զոհված տղաներին նվիրված հոգի հմայող, հուզաթաթավ երգերով, Ռուբեն Սյունեցու, Արսեն Գրիգորյանի (Մրո) ազգային երգ-պարերով։
Միամսյակի շնորհավորանքն արտահայտվեց նաև կանանց նվիրած ծաղիկներով, նվերներով, ջերմ խոսքերով... Ծաղկառատ էր մեր շուրջը, արցախահամ էին հյուրընկալ սեղանները, որքա՜ն շատ սրտի խոսքեր, ոգեշունչ ասմունք ու ելույթներ հնչեցրին, անգամ Արցախի կանանցից երգեցին, երախտագիտության խոսք ուղղվեց միջոցառման կազմակերպիչներին` հանձին Նանար Պողոսյանի, ով ներկայացրեց այն ճանապարհը, որն անցել էր այդ գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Շատ մեծ էր բոլորի երախտագիտությունը` հասցեագրված հովանավորներ տեր և տիկին Վանեցյաններին, տիկին Նարինեին` իրենց մարդկային բարի գործի առաքելությամբ։
Մեկընդմեջ մեզ հմայում էր տղաների և աղջիկների պարային «Հաճըն» համույթը։ Հյուրեր կային, որ հանդես եկան սրտառուչ ելույթներով, ոգեղեն ասմունքով, տարբեր մասնագետներ կային` պատերազմներով անցած, հարազատներ կորցրած կանայք, սգավոր մայրեր...
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Եվ Արցախը շատ մոտ էր մեզ, մեր սրտերում, մեր շուրթերին, մեզանից հավերժ անբաժան...
(Հաջորդիվ Նանար Պողոսյանի էջից կկիսվեմ միջոցառման հրաշալի կտորների տեսանելիությամբ)։
 Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 86 անգամ