ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքերը լուրջ վնասվել են, չի բացառվում՝ հեռացնեն․ կատարողները չկան2026-02-09 18:27:00
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկված 24-ամյա Ավետիք Մ.-ի հարազատները հայտնել են, որ միջադեպից անցել է մի քանի օր, և մինչ այս պահը չեն հայտնաբերել այն անձանց, որոնք դաժան ծեծի են ենթարկել իրենց զինվորին։

Հարազատները նշել են, որ ծեծի ենթարկված զինվորին դեռ չեն տեսել, բայց ասում են, որ աչքերն են լուրջ վնասված․ «Մենք չենք տեսել երեխային, դեռ բան չգիտենք»։ ՊՆ-ից հրաժարվեցին մեկնաբանել, նշելով, որ անձնական տվյալ է։ Ավելին՝ չի բացառվում, որ դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքը հեռացնեն։
Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։
Այս նյութը դիտել են - 147 անգամ