Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղերձը՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի կապակցությամբ...
2016-02-25 09:37:00

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր հայ ազգի մեծագույն զավակներից Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է: Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքային ավագանու եւ իմ անունից շնորհավորում եմ ամենքիս տարեդարձի կապակցությամբ: Առանց վարանելու կարող ենք ասել, որ Անդրանիկ Օզանյանը մեր ժողովրդի ամենասիրելի հերոսներից է: Նա 20-րդ դարասկզբի հայոց ինքնապաշտպանական մարտերի ամենահմուտ կազմակերպիչներից էր, ամենաճանաչված եւ սիրված ֆիդայապետերից մեկը: 

Անդրանիկ Օզանյանի անվան հետ կարելի է կապել մի քանի տասնյակ բնակավայրերի հայության փրկությունը Մեծ եղեռնի տարիներին: Անդրանիկը, սակայն, ոչ միայն հայդուկապետ էր, այլեւ` արհեստավարժ զինվորական, բարձրակարգ սպա, որ հռչակ է բերել նույնիսկ Բուլղարիայի, Ռուսաստանի նման պետություններին:

Որպես ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ եւ վարչության անդամ շեշտեմ նաեւ, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ հենց Անդրանիկ Զորավարի ղեկավարած գնդի վերաբերյալ է գործածվել կամավորականություն հասկացությունը: Զորավարի, 19-20-րդ դարերի մեր բոլոր հերոս ֆիդայիների ոգին ներկա էր մեզ հետ նաեւ Արցախյան պատերազմի օրերին. նրանց շունչը մեզ մղում էր արիության:

Երիցս շնորհավորելով տոնական այս օրվա կապակցությամբ` համոզմունք եմ հայտնում, որ սերունդները կրթվելու, դաստիարակվելու են Անդրանիկ զորավարի, իր նման համաժողովրդական հերոսների օրինակով:

Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1650 անգամ