«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
2025-10-22 14:40:00
 Հարցին՝ ինչպե՞ս եք պայքարելու իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեմ՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ խոսում են նման դեպքերի մասին՝ Արթուր Վանեցյանը, որի գլխավորած քաղաքական ուժը պայքարում է Վաղարշապատի ընտրություններում հաղթելու համար, հայտարարել է.«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով»:
Վանեցյանի պատասխանը, իհարկե, բավական պաթետիկ է հնչում, նույնիսկ՝ պոետիկ, բայց կյանքը ցույց է տալիս, որ ժպիտներով կամ լոկ խոսքով ՔՊ-ի դեմ պայքար չի ստացվում: Ընդդիմադիր բոլոր շարժումների ճակատագիրը հենց դրա վկայությունն է:
Հետևաբար՝ հարց՝ ինքն իրեն ընդդիմադիր հռչակած նախկին ԱԱԾ տնօրենը չունի՞ ռեալ ճանապարհային քարտեզ, թե ինչ է անելու, եթե գրանցվեն ընտրակեղծարարություններ, կամ վարչական ռեսուրսի տոտալ չարաշահում լինի: Իսկ մյուս ընդդիմադիրներն ի՞նչ ծրագիր ունեն, նրանք է՞լ են պատրաստվում ժպտալ ու ՔՊ-ին հաղթել:
Հետևությունը հստակ է՝ ժպիտով իշխանությունների դեմ պայքարելու մասին բոլոր խոսակցությունները միայն ծիծաղ կարող են առաջացնել: Եթե ընդդիմությունը չունի հստակ պլան, թե ինչ է անելու, եթե լինեն կեղծիքներ, նշանակում է՝ պայքարը կա՛մ կեղծ է, կա՛մ մարդիկ պարզ ինքնաբավարարմամբ են զբաղվում՝ հընթացս պաշտպանելով սեփական կապիտալը, որ ունեն Հայաստանում:
Կոնկրետ Վանեցյանի դեպքում այս երկուսից ո՞ր մեկի հետ գործ ունենք…
Այս նյութը դիտել են - 226 անգամ