Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...
2025-10-19 12:52:00
Մամուլի ազատականացման ֆոնին, ինչպես նաև համացանցային չվերահսկման արդյունքում ձևավորվել է այնպիսի մշակույթ, որ ով ուզի, ոնց ուզի, ինչպես ուզի կարող է խոսել, հայհոյել և այլն։
Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է և եթե հասարակական վայրում, որտեղ հայհոհանքը, սպառնալը դիտվում է քրեորեն պատժելի արարք, ապա նույն գործողությունը ևս համացանցով դիտվում է քրեորեն հետապնդելի արարք, այլ խնդիր է, որ Հայաստանի պետական լիազոր մարմինների կողմից, մեղմ ասած, անգործություն է դիտվում կամ ցուցադրվում է ընտրովի վերաբերմունք, ինչն անթույլատրելի է։
Բացառապես Օրենքի Դիկտատուրայի Ուժով ամենը, այդ թվում նաև համացանցային այլանդակությունների կրողները իրենց տեղում և վայրում կլինեն։ Իսկ քանի օրենքի շրջանակում վերոշարադրյալ հանցագործությունները չեն բացահայտվում, մեղավորներն էլ չեն ենթարկվում պատասխանատվության կամ պատժվում են ընտրովի, ապա Դիմադրության Իրավունքի Ուժով արժանապատվություն ունեցող անձիք Իրավունքի Ուժով հաճախ իրենց հարցերը լուծում են ինքնուրույն, որը պատիվ չի բերում տվյալ պետությանը։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգը՝ հարկ է նշել, որ ազատ խոսքը, գործողությունը կամ անգործությունը հանդիսանում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը։ Սակայն այս իրավունքը, իրավամբ, բացարձակ չէ։
Ազատ խոսքի կամ գործողության սահմանը սկսվում է այնտեղ, որտեղ դրանց իրացումն առաջացնում է այլ անձանց իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի խախտման վտանգ կամ հանգեցնում է դրանց իրական խախտման։
Այս սկզբունքը ամրագրված է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական ակտերում․
Եվրոպական Մարդու Իրավունքների Կոնվենցիայի Ուժով սահմանվում է, որ խոսքի և հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։
Հայաստանի Հանրապետության Հիմնական Օրենքի Ուժով՝ մարդու հիմնարար իրավունքների իրացումը չի կարող խախտել այլ անձանց իրավունքները։ Դա բխում է Աստվածաշնչյան իրավանորմից, ինչից էլ օգտվել է Մխիթար Գոշը Հայաստանում, Սմբատ Սպարապետը Կիլիկիան Հայաստանում, որը հեռագայում տարածվեց ինչպես Ռոմանո-Գերմանական, այնպես էլ՝ Անգլո-Սաքսոնական իրավական համակարգերում։
19-րդ դարում Ջոն Ստյուարտ Միլը իր «Ազատության մասին» աշխատության մեջ ձևակերպել է հանրահայտ սկզբունքը․
«Ազատության սահմանը այնտեղ է, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»։
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ.
Յուրաքանչյուր անձի ազատության իրացումը ենթակա է իրավաչափ սահմանափակումների այն դեպքում, երբ այդ ազատությունը հակադրվում է այլոց իրավունքների իրացմանը կամ խախտում է դրանք։ Նման դեպքերում պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն. սահմանափակելու տվյալ ազատությունը, ապահովելու համար հասարակական կարգը, մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական հավասարակշռությունը, պայմանով, որ այն անհրաժեշտ է, որ գործի բացառապես բոլորի համար հավասար։
Լևոն Բաղդասարյան
Փաստաբան
Այս նյութը դիտել են - 230 անգամ