Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է...2025-10-06 19:56:00
ԱՄՆ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։

Լուսանկարը՝ ԴՕԿ կուսակցության լրատվականից
Այս որոշումը, որ ընդհանուր առմամբ պետք է դրական որակել՝ չնայած դժվար է նաև այն համարել՝ արդարութան բացարձակ հաղթանակ, մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ է ստեղծում Վարդան Ղուկասյանի համար։
Ամենադրական կողմն այն է, որ Վ.Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, որտեղ նա ունի բազմաթիվ թշնամիներ ու հակառակորդներ, որոնք ծարավ են նրա արյան: Այս տարիներին Վ.Ղուկասյանը հասցրել էր շատերի «ոտքը տրորել», ինչի պատճառով Հայաստանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ նրան լռեցնելու նպատակով:
Վարդան Ղուկասյանը հնարավորություն ունի՝ հետայսու ևս շարունակելու իր քաղաքական գործունեությունը՝ առանց քրեական հետապնդման անմիջական սպառնալիքի: Լինելով ազատության մեջ նա հնարավորություն կունենա՝ շարունակելու նաև իր բլոգերական գործունեությունը, որը նրա քաղաքական գործունեության հիմնական գործիքակազմն է։
Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը ստանում է գործողությունների ազատություն, ինչն էականորեն ընդլայնելու է նրա քաղաքական հնարավորությունները՝ նոր հորիզոններ բացելով:
ԱՄՆ դատարանի որոշումից հետո էլ Վարդան Ղուկասյանը, անկասկած, շարունակելու է իր քաղաքական գործունեությունը՝ պահպանելով ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու լայն մասսաների վրա։ Ավելին՝ Դատարանի որոշումը նոր հնարավորություններ է բացում Վ.Ղուկասյանի համար՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ: Նրա նոր կարգավիճակը կարող է նույնիսկ նպաստել ունեցած ժողովրդականության աճին: Վարդան Ղուկասյանը իշխանությունների դեմ պայքարող և հաղթանակած գործչի իմիջ է ձեռք բերել ու կարողանում է այն հաջողությամբ զարգացնել։
Անկասկած, Հայաստանում ֆիզիկապես գտնվելու դեպքում Վ. Ղուկասյանի հնարավորությունները կտասնապատկվեին, նրան կարելի է ասել, կանգնեցնել չէր լինի, բայց քանի որ իշխանություններն էլ այդ մասին շատ լավ գիտեն, ուստի մինչև վերջ կանեն ամեն ինչ՝ նրան Հայաստան չթողնելու համար:
Թողնեն-չթողնեն, խոշոր հաշվով այնքան էլ էական չէ: Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է, իսկ նրա նոր կարգավիճակն ու ստացած ազատությունը միմիայն դրականորեն կարող է ազդել նրա քաղաքական կարիերայի վրա՝ իշխանությունների համար դրանից բխող մարտահրավերներով:
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 1485 անգամ