«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան2025-09-26 12:49:00
Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել իշխանությանը: Բայց երբ հետեւում ես իշխանության քայլերին, հետո` ընդդիմության, սկսում ես հասկանալ, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում: Իշխանության ոչ պրոֆեսիոնալիզմը, նեղմտությունը, արկածախնդրությունը, անսկզբունքայնությունը` քիչ տարբերությամբ նաեւ ընդդիմադիր դաշտում է տիրում: Կողքից հետեւող մարդու աչքով փորձեմ նկարագրել, թե ինչ կատարվեց այսօր եւ ինչ էր կատարվում վերջին ամիսներին:

Երրորդ նախագահի թիմն ամիսներ առաջ մի կոնցեպտ առաջարկեց, որով կարծում էին, թե հնարավոր է հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Չենք քննարկում կոնցեպտի (իմպիչմենտի) լավ կամ վատ, իրականանալի կամ անիրական լինելը: Բայց քանի որ ընդդիմադիր դաշտում եւ հատկապես նախկին երկու նախագահների ճամբարներում վաղուց արդեն անառողջ հարաբերություններ են տիրում, խանդի, իրար խորտակելու, մեղքն իրար վրա բարդելու մթնոլորտ է, ի սկզբանե կոնցեպտը նորմալ ընթացք չունեցավ` երկրորդ նախագահի թիմն այն գնահատեց որպես իրենց առաջնորդի եւ իրենց դեմ ուղղված մարտահրավեր: ՀՀԿ-ականներն ու նրանց մերձ շրջանակն անցան շանտաժով եւ ուժով այն առաջ բրդելու գործին: Քոչարյանականները դրանից ավելի «կապրիզի» ընկան ու սկսվեց միջկուսակցական պատերազմը:
Ամիսներ անց` երբ լիքը «արյուն» է հեղվել, լիքը կամուրջներ են այրվել, քոչարյանական թիմը հանկարծ «քարը փեշից թափեց» ու տվեց այդ «բաղձալի» ստորագրությունները: Մեզ` անկուսակցական, շարքային քաղաքացիներիս համար, մեղմ ասած, շատ տհաճ ու տարակուսելի պատկեր գծագրվեց:
Հիմա ուզում եմ հարցնել.
«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում»: «Պատիվ ունեմ», եթե այդ ստորագրությունները հետեւանք չէին ունենալու եւ իմպիչմենտի չէին հանգեցնելու, ինչո՞ւ էիք երկրի մթնոլորտն այսքան ապականում ու ՔՊ-ի պառակտիչ ջրաղացին ջուր լցնում: Կասեք` դեռ գործընթացը նոր է սկսվում: Ոչ, արդեն ակնհայտ է, որ այն այսօր ավարտվեց` դեռ չսկսված, որովհետեւ փողոցն ակտիվ չէ, ՔՊ-ից միացողներ չկան ու չեն լինելու եւ սա հերթական «խալաստոյ» կրակոցն էր ընդդիմության կողմից: Անգամ խնդիրը անարդյունավետ ձեռնարկն էլ չէ, այլ այն անդառնալի փոփոխությունները, որոնք այս գործընթացի արդյունքում առաջացել են ընդդիմադիր դաշտում:
Արմինե Օհանյան
Այս նյութը դիտել են - 240 անգամ