Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը2025-09-15 22:10:00
Իշխանությունները հերթական աղմկահարույց քայլն են որոշել անել. Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը: Մեկնաբանելով եղելությունը՝ ՔՊ-ականներից ոմանք հայտարարել են, թե նպատակ ունեն՝ կնիքները համապատասխանեցնելու «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը: Ավելին՝ հայտնի էր դարձել, որ Մեծ Հայքի քարտեզը հանվել է մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից՝ իբր վերանորոգման աշխատանքների պատճառով, որպեսզի այն չվնասվի։ Բայց թե արդյոք այն վերանորոգումից հետո հետ կբերվի, թե՝ ոչ, մեծ հարցական է. եթե Արարատը դեմ է «Իրական Հայաստանի» մասին գաղափարախոսությանը, ապա ինչո՞ւ պետք է վերոհիշյալ քարտեզը դրան չհակասի:

Սա խայտառակություն է և խոսում է այն մասին, որ Հայաստանի ինքնաոչնչացմանը տանող այն ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարոթյանը թելադրվել է դրսից, գտնվում է ռեալիզացման ամենաթեժ փուլում, երբ դեն են շպրտվում բոլոր դիմակները:
Արարատը հայ ազգի համար ոչ միայն աշխարհագրական կետ է, այլև ազգային խորհրդանիշ, պատմական հիշողություն և ինքնություն։ Դարեր շարունակ այն եղել է մեր ցավի, կարոտի և հույսի կենդանի մարմնավորումը։ Այս լեռը միշտ եղել է Հայաստանի սիրտը, նույնիսկ եթե ֆիզիկապես այն գտնվել է Թուրքիայի տարածքում։ Հենց այս հիշողության և պատմականության պատճառով էր, որ Արարատի պատկերը տեղ էր գտել մեր պետական խորհրդանիշների և պաշտոնական փաստաթղթերի վրա։
Կառավարության այս քայլն ակնհայտորեն նպատակ ունի՝ կոտրելու պատմական հիշողության և ազգային ինքնության այն շերտերը, որոնք դուրս են այսպես կոչված իրական՝ 29743քկմ-անոց բզկտված ՀՀ-ի ներկայիս սահմաններից։ Արարատ լեռը, Մեծ Հայքի քարտեզն իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե որպես ազգային ինքնության անբաժան մաս, այլ որպես խանգարիչ գործոն՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ կառուցելու նոր հարաբերություններ:
Այսպիսով՝ իշխանությունը փորձում է վերաշարադրել հանրային գիտակցությունը՝ հարմարեցնելով այն իր հայադավ գաղափարական կաղապարին: Այս ամենը բացահայտորեն վտանգում է ազգային ինքնության հիմքերը, քանի որ պատմական հիշողության և խորհրդանիշների ջնջումը կամ աղավաղումը չի կարող բերել անվտանգություն ու բարեկեցություն, ընդհակառակը՝ այն խորացնում է հասարակության բաժանումը և թուլացնում ազգային միասնականությունը մի դեպքում, երբ հատկապես այս փուլում հայ ժողովուրդն իսկապես համախմբվելու կարիք ունի։
Այս նյութը դիտել են - 96 անգամ