Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…
2025-06-13 23:44:00
Չգիտեմ ինչպես սկսել… Ոչ մի բառ չի բավականացնի, ոչ մի նախադասություն չի կրի այս կորստի ամբողջ ծանրությունը... Սիրտս տանջվում է ցավից, հոգուս խորքից մի բան անդառնալիորեն պակասել է։ Ցավ է՝ խեղդող, սեղմող, անսահման… 
Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…
Դասախոսս մահացել է...
Ոչ միայն դասախոսս, այլև իմ ավագ ընկերը, հոգուս ընկերը։Այո՛, կապրեն Ձեր գրքերը, Ձեր խորհուրդները, բայց այս ցավը, այս դատարկությունը անբացատրելի է…
Քննությունից նոր էի դուրս եկել, երբ լսեցի բոթը… ահավոր, սիրտ կոտրող, հոգի ծվատող։ Աչքերս խամրեցին, ոտքերս թուլացան, օդը լքեց թոքերս։ Չէի ուզում հավատալ… Չէի կարող… Ասացի՝ ինչ-որ մեկը սխալ է հասկացել։ Բայց չէ՛, ցավն իրական էր...
Աստվա՜ծ իմ, ինչի՞… Ինչի՞ ես այսպես խիստ լինում հենց այն մարդկանց հանդեպ, ովքեր ամենաշատն են արժանի ապրելուն, շարունակ լույս սփռելու։ Ինչի՞ ես հեռացնում հենց այն մարդկանց, ովքեր ոչ թե իրենց կյանքով էին ապրում, այլ ուրիշների սրտերի մեջ՝ ուսուցանելով, աջակցելով, հասկանալով...
Կոկորդս խեղդում է ցավը։ Տառերն անգամ չեն հնազանդվում։ Ապրումներս բառերից վեր են։ Հոգուցս մի մասնիկ պոկվել է ու հետ չի վերադառնալու… Ու ես չեմ կարողանա խոսել Ձեզնից անցյալով։ Չեմ կարող ասել՝ «ՆԱ այդպեսին էր»։ Ոչ։ Դուք կաք։ Ամեն դասախոսությունով, ամեն գրվածքով, ամեն խորհրդով։
Դուք ՄԱՐԴ եք մեծատառով...միշտ հասնող...միշտ լսող...միշտ օգնող։ Ոչ մի ուսանող Ձեզ համար «պարզապես ուսանող» չէր։ Դուք տեսնում էիք հոգին, ցավը, հնարավորությունը։
Հիմա այս վայրկյանին ինձ անպատասխան հարցեր են խեղդում։ Ինչու՞ Ձեզ չհասցրեցի ասել ավելին, ինչու՞ էի ձգձգում այցելության գալս։ Ինչու՞ վերջին հանդիպմանը չասացի՝ ինչքան կարևոր մարդ եք իմ կյանքում, ինչքան բան եմ սովորել Ձեզնից, որ ինձ կյանքում շատ է փոխել։ Ինչու՞ չի լինում վերադարձնել ժամանակը, գոնե մի պահով տեսնելու Ձեզ, լսել Ձեր ձայնը, Ձեր դասի շունչը…
Ձեր գրքերը կապրեն, Ձեր գործը կապրի, բայց իմ մեջ Դուք ապրելու եք ամեն հիշողության մեջ, ամեն հաղթանակի մեջ, որովհետև Դուք ինձ շատ բան սովորեցրիք՝ ոչ միայն առարկայից, այլ ապրելու ձևից։
Հիմա լռությունն ամենաողբերգականն է։ Բայց լռության խորքում Ձեր ձայնն է։ Եվ ես չեմ լռի։ Ձեր մասին խոսելու եմ, պատմելու եմ, սեր սփռելու նման, որովհետև Դուք էդպես էիք ապրում՝ սեր տալով։
Ձեր հիշատակը հավերժ է...
Համբերություն հարազատներին
Թամարա Մկրտչյան
Այս նյութը դիտել են - 741 անգամ