Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը 2025-05-14 17:17:00
Ժամանակակից աշխարհում չափազանց մեծ է բիզնեսի դերը գրեթե բոլոր բնագավառներում. այն նախևառաջ պետությունների միջև տնտեսական համագործակցության առանցքն ու հիմքն է, քանի որ ներդրումներն և համատեղ բիզնես նախագծերը մեծապես ամրապնդում են երկրների ու ժողովուրդների հարաբերությունները՝ ստեղծելով փոխադարձ շահեր։
Բիզնեսի ազդեցությունը մեծ է նաև դիվանագիտության վրա, քանի որ երբ երկրները սերտորեն համագործակցում են բիզնես ոլորտում, այդ համագործակցությունը խթանում է նաև դրանց միջև դիվանագիտական կապերի ամրապնդումն ու բարձրացնում քաղաքական փոխվստահության մակարդակը: Մեծ ազդեցություն ունի նաև մշակութային ու տեխնոլոգիական առումներով՝ խաղալով յուրատեսակ սոսնձի դեր պետությունների ու ժողովուրդների միջև կապերում:
Հայ-ամերիկյան հարաբերությունները բազմաշերտ են ու լավ ավանդույթներ ունեն, սակայն բիզնեսի ոլորտում փոխգործակցության իմաստով դեռևս կան չնվաճված հորիզոններ: Ահա հենց նոր հորիզոնների նվաճմանն էր կոչված Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը, որ անցկացվեց մայիսի 10-ին, Գլենդելի հանրային գրադարանում: Տեղեկացնենք, որ Հայաստանից ժամանել էին հետևյալ ընկերությունները՝ «Clima Pro» Վահագն Խաչատրյան, «SweetNella» Գևորգ Ասատրյան, «King Logistics» Լևոն Արթենյան, «Original Transport Group» Վարուժան Քոլյան, «AM Medical Group» Մուշեղ Խուրշուդյան, «Sarkop LLC» Աշոտ Սարոյան, «Elnar Wood» Նարեկ Համբարձումյան, «Lara Chocolate Gallery» Լաուրա Նահապետյան, Գոռ Գաբրիելյան « Sipan LLC» Էդուարդ Գաբրիելյան:
Ֆորումի շրջանակներում հայկական ընկերությունները հնարավորություն ստացան՝ ամերիկյան գործարարների հետ հարաբերվելու, կիսվելու երկուստեք փորձով ու տեղեկությամբ, որն օգնելու է ավելի արագ տեմպերով մուտք գործել ամերիկյան շուկա ու դրանում գործող բիզնեսի կանոնները յուրացնել ավելի սահուն կերպով:
Նշենք, որ համաժողովը կյանքի էր կոչվել նախևառաջ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի ջանքերով, որի դերը հայ- ամերիկյան բիզնես կապերի զարգացման գործում իսկապես անգնահատելի պետք է համարել, իսկ Լոս Անջելեսում էլ՝ այն այս անգամ համակարգեց «Գլոբալ Զարգաման Հիմնադրամի« և «Գլոբալ Կորպորացիայի» հիմնադիր՝ գործադիր տնօրեն՝ Նառա Վարդանյանը: Արձանագրենք, որ 2014-ից մեկնարկած այս նախագծին արդեն մասնակցել է ավելի քան 500 ընկերություն, որոնց մոտ 80%-ը պայմանագրեր է կնքել ամերիկյան կողմի հետ՝ հնարավորություն ստանալով՝ սեփական արտադրանքը դեպի ԱՄՆ արտահանելու, շուկա մտնելու ու այնտեղ հիմնավորվելու:
Ֆորումին Հայաստանից ժամանած հայ գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքը, պատմեցին իրենց մասին ու այն առավելությունների, որով աչքի է ընկնում իրենց արտադրանքը: Ֆորումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, եղավ հյուրասիրություն, նվերների փոխանակում, կայացավ բիզնես գաղափարների ու ծրագրերի քննարկում:
Հանդիպմանը ներկա էին համայնքում իրենց ոլորտում կայացած այնպիսի գործարարներ, ինչպիսիք են «Yerevan Shipping» Գագիկ Թամրազյան, «GAD Body Shop» և «Papillon Bakery», Էլվիս Մադաթյան, «LIVA Elite Business Group LLC» Արմեն Վարդանյան, «The Guardian Of Health» Մարկ Մարատ Հայրապետյան, «Ararat Fish Meat Market» Արտակ Նահապետյան, «Green Wings Ranch» Արտակ Բաղդասարյան, «Dalina Construction Company» Դավիթ Մնացականյան, «Brew My Coffee» Անուշ Միրզոյան, «Moms Recepies» Արաքս Քարյան, «Elada Cakes, Sweets and Treats» Հրաչ Մովսիսյան, «Signature Jewels» Սարգիս Թադևոսյան, բժիշկ Սարգիս Մեսրոպյան, «Livrim» ՍՊԸ քաղցրավենիքի արտադրություն Հրանուշ Ռերսակյան, «Karasik Law Group» Օլգա Կարասիկ, «UBS Financial Service» ընկերության փոխնախագահ Մարկ Չենյան և այլք:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև Գլենդել քաղաքի մշակույթի կոմիսար՝ դոկտոր Մարկ Մարատ Հայրապետյանը, ով իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցում բիզնեսի ունեցած կարևոր դերը, կարևորեց փոխադարձ շահերի վրա հիմնված առևտրային փոխգործակցությունը:
Դոկտոր Մարատ Հայրապետյանն վստահություն հայտնեց, որ ֆորումը կօգնի հայ գործարարներին՝ ավելի արդյունավետորեն օգտվելու այն առավելություններից, որոնք ընձեռում է ամերիկյան շուկայում ներկայացվածությունը:
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանը իր խոսքում նույնպես կարևորեց հայկական բիզնեսի զարգացման կարևորության մասին:
Հանդիպումից հետո Հայաստանից ժամանած գործարարները հանդիպում ունեցան նաև Գլենդելի քաղաքային իշխանության, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի հետ:
Նշենք, որ հայ-ամերիկյան բիզնես ֆորումին մասնակցած հայ գործարարներին «Գլոբալ Զարգաման Հիմնադրամի» գործադիր տնօրեն՝ Նառա Վարդանյանը փոխանցեց շնորհակալագրեր:
Հայ-ամերիկյան բիզնես հարաբերությունների խթանումը, այդ հարաբերությունների իրական պոտենցիալի բացահայտումը խիստ կարևոր է հատկապես Հայաստանի զարգացման տեսանկյունից, ավելին՝ այդ հարաբերութունների խորացումն ունի անգամ անվտանգային նշանակություն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը ներկա ժամանակահատվածում: Այնպես որ՝ հայ-ամերիկյան գործարար կապերի խորացում ոչ միայն լուծում է տնտեսական խնդիրներ, այլև կարևոր ներդրում է՝ Հայաստանի անվտանգ, բարեկեցիկ ապագայի կառուցման գործում: