«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»2023-09-07 21:33:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը:
Վերջինս հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուից որպես փորձագետ, որը պարբերաբար մասնակցում է հաղորդումներին: Նարե Արամյանը նաեւ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնադիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է կենտրոնի գործունեությանը: Դեռ 2021թ.-ին գրել էինք, որ աշխատակիցները շատ դժգոհ են այնտեղ ստեղծված իրավիճակից. նրանք պնդում էին, որ 10 տարի շարունակ Նարե Արամյանը պատշաճ չի վճարում իրենց աշխատավարձերը եւ զբաղվում է անօրինականություններով: Ինչպես աշխատակիցներն էին մեզ հետ զրույցում ահազանգել, կենտրոնի բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կեղծված են, իսկ տնօրեն Նարե Արամյանը մեծ կոռուպցիայի մեջ է ներքաշված:
Պարզվում է, որ Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կրկին բարձիթողի վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է աշխատակիցներից ահազանգեր ստանալ, որ խնդիրը 2 տարի անց էլ դեռ չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Նարե Արամյանի հետ՝ ստանալու նրա պարզաբանումը, թե ինչու է այդ իրավիճակը կենտրոնում: Պարզվում է, որ վերջինս արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է.
«Աշխատավարձի հետ կապված խնդիրները կազմակերպությունները չեն լուծում. դա Երեւանի քաղաքապետարանի խնդիրն է: Այստեղ էական չէ՝ ով է տնօրենը, կազմակերպությունը չի կարող պարտասխանատվություն կրել դրա համար, քանի որ քաղաքապետարանի տիրույթում է: Իսկ թե ինչու մինչ այսօր դժգոհություններ կան, այդ հարցով նոր տնօրենին պետք է դիմել, բայց եթե անգամ նրան էլ դիմեք, դուք գիտեք, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում պատասխանատուն համայնքային գերատեսչություններն են», -ասաց նա:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 978 անգամ