«Քեթրինի Միհրանի» առեղվածը. ո՞վ ո՞ւմ է խաբում
2023-05-30 13:06:00
Հայաստանում հայտնաբերված առանձնապես խոշոր ծավալների կոկաինի թեման շարունակում է եփվել, որի կենտրոնում, փաստորեն, հայտնվել է «Քեթրինի Միհրանը»՝ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարը, որ այժմ գտնվում է հետախուզման մեջ. ԱԱԾ-ն 1 տոննա կոկաինի գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Չնայած իշխանությունների փորձերին՝ կոկաինի գործը «կարելու» Միհրան Պողոսյանի վրա, այդպես էլ չի հաջողվում ՔՊ-ի ուսերին ծանրացած պատասխանատվությունը բարդել նրա վրա. Պողոսյանը փաստեր է ներկայացրել, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում իշխանությունների փորձերը՝ նախկիններին վերագրելու սեփական մեղքերը:
Օրերս Միհրան Պողոսյանը տեսանյութ էր հրապարակել, որում ուշագրավ մանրամասներ էր պատմել, թե ինչպես է զանգահարել ԱԱԾ պետին ու տեղեկացրել գտածոյի մասին:
Տվյալ դրվագում, սակայն, ամենաուշագրավն այն հարցն է, թե ինչպե՞ս կարող է հետախուզման մեջ գտնվող անձը զանգահարել ԱԱԾ պետին ու նրան տեղեկություն հայտնել, շփվել, հետո կախել հեռախոսն ու հանգիստ կյանքով ապրել:
Բանն այն է, որ իշխանությունները, փորձելով ամրապնդել իրենց սոցիալական հենարանը, ժողովրդին ամեն կերպ փորձում են համոզել, թե հետամուտ են թալանի վերադարձին ու թալանչիների պատժին: Ենթադրվում է, որ այդ թալանչիներից մեկն էլ Միհրան Պողոսյանն է՝ հաշվի առնելով, որ նրան հայաստանյան իրավապահները ներկայումս հետախուզում ն:
Հարց՝ եթե այդ հետախուզումը չի կրում ձևական բնույթ, ապա ինչպե՞ս է Միհրան Պողոսյանը հանդգնել զանգահարել Աբազյանին՝ չվախենալով, որ կարող է բացահայտվել, թե՞ իրականում այս ամենը ձևական խաղ է ՝ ժողովրդի աչքին թոզ փչելու համար:
Ակնհայտ է՝ թալանը հետ բերելու մասին թե՛ հեղափոխական, թե հետհեղափոխական շրջանում հնչեցրած իշխանական հավաստիացումները կեղծիք են եղել: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, իսկ դա ենթադրում է հեղափոխողի ու հեղափոխվողի միջև փոխպայմանավորվածություն:
Նախկինները լուրջ երաշխիքներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, որ եթե կամովին զիջեն իրենց աթոռը, ապա ենթադրյալ հանցանքների կամ թալանի համար պատասխանատվության չեն ենթրկվելու, իսկ մեկ-երկու գործը հաշիվ չէ:
Արդյոք իշխանություններն անկե՞ղծ են սեփական ժողովրդի հետ, թե՞ բոլորս տոտալ ստի ու կեղծիքի մեջ ենք ապրում:
Այս նյութը դիտել են - 1038 անգամ